Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐ ԿՈՎԵՐԸ ՉԿԱՏԱՂԵՆ

Հունվար 30,2004 00:00

ՈՐ ԿՈՎԵՐԸ ՉԿԱՏԱՂԵՆ 2004թ. անհատական պարտադիր քարտավորման կենթարկվեն ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլեւ ՀՀ-ում բնակվող խոշոր եղջերավոր անասունները։ Երեկ կառավարությունը, որի նիստը վարում էր նախագահ Քոչարյանը, հավանություն է տվել գյուղնախարար Դ. Լոքյանի ներկայացրած ծրագրային փաթեթին, որի մեջ տեղ է գտել նաեւ խոշոր եղջերավոր կենդանիների պարտադիր հաշվառման եւ անձնագրավորման հարցը։ Ըստ այդմ, մինչեւ տարեվերջ յուրաքանչյուր եղջերավոր պետք է ունենա իր մասին տվյալներով (նաեւ անունով) անձնագիր։ Դրանով կառավարությունը միանգամից նապաստակի է հասնում։ Նախ, հանրապետության մարզերում ստեղծված 29 անասնաբուժական ծառայություններ հստակ պատկերացում կունենան իրենց հսկողության տակ գտնվող խոշոր եղջերավորների թվաքանակի, առողջական վիճակի մասին։ Երկրորդ՝ կառավարությունը հույս ունի, որ հաշվառված-գրանցված ապրանքն ավելի դյուրին կլինի դարձնել գրավի առարկա, եւ դրանով օգնել վարկ ստանալ ցանկացող գյուղացիներին։ Բացի այդ, կովերի եւ այլ եղջերավորների հաշվառումը պարտադիր է, անկախ սեփականատիրոջ ցանկությունից։ Հետեւաբար, «ջրի երես» դուրս կգան բոլոր այն «խոշորները», որոնց իրենց տերերը խնամքով թաքցրել են՝ նպաստից չզրկվելու համար։ Եվ վերջապես՝ գլխավորը. գյուղատնտեսության ոլորտն առայժմ չի հարկվում, սակայն Առեւտրի համաշխարհային կազմակերպության պահանջներից մեկն էլ գյուղարտադրանքը հարկման դաշտ բերելն է։ Ճիշտ է, դա սպասվում է 2009 թվականից, բայց գյուղատնտեսական նշանակության կենդանիների ու թռչունների ողջ տեսականին հաշվառելու համար նույնպես ժամանակ է հարկավոր։ Այս տարին կբավականացնի (այդպես է ծրագրված) միայն խոշոր եղջերավորների համար, իսկ այծերն ու ոչխարները, էլ չենք խոսում հավերի եւ հնդկահավերի մասին՝ հաջորդիվ։ Գյուղնախարարը կենդանիների հաշվառման առանցքային նպատակը համարեց նրանցից ստացվող սննդի անվտանգության ապահովումը։ Հաշվարկը ճիշտ է, քանի որ զանազան համաճարակներ՝ բրուցելյոզ, սիբիրախտ ու կատաղախտ, մոլեգնում են ողջ աշխարհում, այդ թվում եւ մսամթերքի արտադրության զարգացածության առումով առաջատար երկրներում։ Ի դեպ, Դ. Լոքյանի ասելով, ԱՄՆ-ում այս օրերին բռնկված կովերի կատաղախտը մեր կովերին դեռ չի սպառնում, «մենք ամեն օր, դրա հետ կապված, շփվում ենք ԱՄՆ գյուղդեպարտամենտի հայաստանյան գրասենյակի հետ եւ վտանգն այժմ ձգտում է զրոյի»։ Նույնքան զրոյական է նաեւ հավի գրիպի տարածման հետ կապված վտանգը։ Կառավարությունը երեկ բեղմնավոր է աշխատել՝ Ռ. Քոչարյանի նախագահությամբ հավանություն է տրվել շուրջ 30 որոշումների, այդ թվում եւ «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Ըստ այդմ, Հայաստանում կընտրվի ազգային օպերատոր։ Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի ասելով, հնարավոր է՝ «ազգային օպերատորի տեղը կզբաղեցնի «Հայփոստը», քանի որ միակն է, որ ունի բաժանմունքներ հանրապետության ողջ տարածքում»։ Օրենքի ընդունումից հետո կառավարությունը կսահմանի փոստային ունիվերսալ ծառայությունների ցանկ՝ դրանք կմատուցվեն հանրապետության ողջ տարածքում՝ այդ թվում նաեւ զեղչ գներով, որոնք կփոխհատուցի կառավարությունը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել