«ՆՐԱ ՀԵՌԱՆԱԼԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ Է» Վստահ է «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը Ընդդիմությունը վստահ է, որ շուտով Հայաստանում տեղի է ունենալու իշխանափոխություն։ Ընդդիմադիր քաղաքական գործիչները գտնում են, որ կա իշխանափոխությունն իրականացնելու հասարակական պահանջ։ Ընդդիմադիր դաշտի առավել ազդեցիկ ուժերը, որպես ուղիներից մեկը, մատնանշում են վստահության հանրաքվեն։ Վիկտոր Դալլաքյանը եւս իշխանափոխության հիմնական ճանապարհը համարում է վստահության հանրաքվեի անցկացումը։ Նա այն կարծիքին է, որ 2003-ից ի վեր Ռոբերտ Քոչարյանը անցնցում հեռանալու մի քանի հնարավորություն ուներ, որոնք բաց է թողել. «Նա որպես քաղաքական կերպար, իմ կարծիքով, ողբերգական, հակասական կերպար է՝ ղարաբաղյան շարժման լիդերներից մեկը, որը Հայաստան գալով չընդունվեց ժողովրդի մեծամասնության կողմից»։ Վ. Դալլաքյանը ասաց նաեւ, թե ինչ հնարավորություն է բաց թողել Ռ. Քոչարյանը. «Նա կարող էր չմասնակցել 2003-ի ընտրություններին՝ իմանալով իր նկատմամբ ժողովրդի բացասական վերաբերմունքը, դառնալով օրինական ընտրություններ անցկացնելու երաշխավոր։ Նա այսպիսով կմտներ պատմության մեջ։ Հաջորդ շանսը՝ առաջին փուլից հետո, երբ անգամ կեղծված արդյունքների պարագայում ընտրողների 51 տոկոսը նրան «ոչ» էր ասել, կարող էր չգնալ երկրորդ փուլ եւ դառնալ ընտրությունների երաշխավոր։ Հաջորդը՝ երկրորդ փուլից հետո ԿԸՀ-ն կամ ՍԴ-ն (որոնք Քոչարյանի վերահսկողության տակ էին գտնվում) կարող էին անվավեր ճանաչել ընտրությունները։ Եվ, ի վերջո, իր առաջարկած սահմանադրական փոփոխությունները չանցան, այսինքն ժողովուրդը «ոչ» ասաց իր կուրսին, երկիրը կառուցելու իր պատկերացումներին ու միգուցե նաեւ՝ անձին։ Ըստ էության, Քոչարյանը Ղարաբաղի ռազմական պետության մոդելը (որը ստեղծվել էր անհրաժեշտաբար) տեղափոխեց Հայաստան, որը չընդունեց դա»։ Ըստ Վիկտոր Դալլաքյանի՝ անցնցում իշխանափոխության բոլոր ուղիները չէ, որ սպառված են, ըստ այդմ. «Վսհատության հանրաքվեից բացի, 2004-ի մայիսի 25-ին լրանում է ԱԺ լիազորությունների մեկ տարին։ Ռ. Քոչարյանը կարող է այդ ժամանակ լուծարել ԱԺ-ն (ԱԺ-ն ինքնալուծարվել չի կարող- Մ. Ե.) եւ անցկացնել ԱԺ նոր ընտրություններ, հետո էլ՝ հրաժարական տալով, անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ՝ ըստ Սահմանադրության 53 հոդվածի»։ Ըստ Վ. Դալլաքյանի, այս քայլերին պետք է նախորդի Եվրախորհրդի պահանջների կատարումը՝ ընտրակեղծիքներ կատարողներին պատասխանատվության ենթարկելը եւ «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններ կատարելը։ «Առավոտի» դիտարկմամբ այս առաջարկները ոչ մի արժեք չունեն, քանի որ վստահաբար Ռոբերտ Քոչարյանը դրանք պարզապես հաշվի չի առնի, ի՞նչ արտահերթ խորհրդարանականի կամ ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը։ Ամեն ինչ շատ ավելի պրոզայիկ է՝ իշխանությունը տվող չկա, պետք է վերցնողին գտնել։ Վիկտոր Դալլաքյանը այն կարծիքին է, որ իր նշած ճանապարհները երկիրը այս վիճակից հանելու անցնցում ճանապարհներն են. «Եվ եթե Քոչարյանը ասում է, որ դրանք ճանապարհներ չեն, մնացած ամեն ինչի պատասխանատուն դառնում է նա։ Այսօր առաջարկվում է քաղաքակիրթ երկու ճանապարհ, ով դրանք մերժում է, դրանից հետո կատարվածի պատասխանատուն դառնում է ինքը։ Այսինքն, եթե ժողովրդական հուզումներ եղան եւ այդ հուզումները հանգեցրին կոնֆլիկտների, դրա պատասխանատուն դառնում է այն իշխանությունը, որը չի ընդունել մեր առաջարկած երկու ճանապարհները»։ Սակայն այդ փորձը արդեն կա եւ «ինքն է դառնում պատասխանատուն» արտահայտությունը ժամանակավրեպ է, մեկ անգամ արդեն իշխանությունը ապացուցեց, որ այդ «պատասխանատվությունից» չի խուսափում եւ փշալարերով ու ջրցան մեքենաներով լցրեց քաղաքը, ձերբակալեց մարդկանց։ Հիմա էլ, եթե հանկարծ ժողովրդական հուզումներ լինեն, նույն ձեւով կլինի։ Մեր այս դիտարկմանը պրն Դալլաքյանն ասաց. «Ջարդելը, ձերբակալելը եւ այլն, կարծում եմ փակուղային ճանապարհ է եւ որեւէ արդյունքի չի հանգեցնելու։ Եթե նման մոտեցումներ լինեն, ուրեմն այսօրվա լարվածությունն ավելի կմեծանա։ Ինձ համար ակնհայտ է, որ Քոչարյանը հեռանալու է, ուղղակի հեռանալու տարբեր ճանապարհներ կան։ Եթե նա ուզում է բռնության ճանապարհով հեռանալ, ուրեմն նաեւ դրա պատասխանը կստանա, ժողովրդին անհնար է հաղթել։ ԱԺ գարնանային նստաշրջանում ընդդիմությունն ակնկալում է քննարկել «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը։ Այս գործընթացի հետ կապված կարող է իրականացվել որոշակի մշակված այլ սցենար»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Մեր թերթի հունվարի 28-ի խմբագրականում թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը $1000-ով գրազ էր եկել, որ մինչեւ 2008թ. իշխանափոխություն չի լինելու։ Արձագանքելով այս գրազին, Վիկտոր Դալլաքյանն ասաց. «Իմ հարգանքը մշտապես վայելող խմբագրի առաջարկած գումարի չափը հենց ապացույց է, որ ինքը եւս չի հավատում իշխանափոխության անհնարինության մասին իր իսկ պնդումներին»։