Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը քննում է Էմմա Թելոյանի (լիազոր-ներկայացուցիչ՝ Լեւոն Սարգսյան) հայցն ընդդեմ ԱՄՆ քաղաքացի Գեւորգ Դնգիկյանի։
Հայցվորը պահանջում է անվավեր ճանաչել Անդրանիկ Դնգիկյանի (պատասխանողի հոր) կտակը, ժառանգության վկայագիրը եւ Գ. Դնգիկյանի սեփականության վկայականը՝ գտնելով, որ դրանցում առկա են կեղծիքներ։ Լեւոն Սարգսյանի հավաստմամբ, 1947թ. Պռոշյանի 19 հասցեում հողատարածք է հատկացվել Վարդգես Դնգիկյանին, որն էլ 1954թ. կառուցել է բնակելի տուն։ Ավելի ուշ ավելացված երկրորդ հարկում ապրել է նրա եղբայրը՝ Անդրանիկը։ Նոր կառույցի (2-րդ հարկի) մասին սեփականության իրավունքը հաստատող որեւէ փաստաթուղթ չկա։ 1968թ. շենքի առուվաճառքի պայմանագրով Վարդգես Դնգիկյանը իր տունը հողատարածքով (960 քմ) վաճառել է Մարտունիկ Ղազարյանին։ Սակայն Անդրանիկ Դնգիկյանը շարունակել է ապրել երկրորդ հարկում։ 1994-ին առաջին հարկի մի մասը Մ. Ղազարյանի կողմից վաճառվել է Էմմա Թելոյանին՝ հողատարածքի ընդհանուր օգտագործման պայմանով։ 80-ականներին Ա. Դնգիկյանը ընտանիքի հետ մշտական բնակության է մեկնել ԱՄՆ։ Այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենքի եւ կարգի համաձայն, երկրի քաղաքացիությունից հրաժարվելու հետ մեկտեղ, պարտավոր էին հրաժարվել նաեւ իրենց ունեցած անշարժ գույքից։ 1997-ին Գագիկ Խուդավերդյանը, ներկայանալով որպես Ա. Դնգիկյանի լիազոր-ներկայացուցիչ եւ երկրորդ հարկի սեփականատեր, քաղհայցով դիմում է դատարան՝ Մ. Ղազարյանին իր տնից վտարելու պահանջով, որը եւ բավարարվում է։ Այնուհետեւ Գ. Խուդավերդյանը դիմում է դատարան՝ որպես սեփականատեր տան գնման նախապատվությունը իրեն փոխանցելու եւ Էմմա Թելոյանի կողմից կառավարության 114 որոշմամբ օրինականացված կառույցները (որոնց մեջ մտնում են թե բնակարանը, թե օբյեկտը) քանդելու պահանջով։
Ըստ հայցվորի, Գագիկ Խուդավերդյանը վերաքննիչ դատարանի դատավոր Կարինե Հակոբյանի ամուսինն է, որն էլ չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, օգնում է վիճելի տան ձեռքբերման գործընթացին։ Գ. Խուդավերդյանը 70000 ԱՄՆ դոլար է պահանջել Թելոյաններից՝ տարածքը զիջելու համար։ Այժմ Թելոյանները դիմել են դատախազություն՝ այն հիմնավորմամբ՝ որ փաստաթղթերի կեղծման եւ այլ ճանապարհով փորձ է արվում իրենցից խլել եւ քանդել կառույցները։
Դատաքննությունը շարունակվում է։
ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ