ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանը երեկ հաստատեց լուրերն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանն ԱԺ-ին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի՝ օմբուդսմենի, թեկնածություն, հանձին իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի։ Խորհրդարանում այդ մասին առայժմ ոչ ոք ոչինչ չգիտեր։ Հիշեցնենք, որ դեռեւս հունվարի սկզբին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վ. Պրյախինին նա հավաստիացրել էր, որ ինքն իր վրա չի վերցնի օմբուդսմենի նշանակման բեռը եւ կհաստատի այն թեկնածուին, ում կառաջարկի խորհրդարանը։ Թեպետ, ըստ գործող Սահմանադրության, հենց նախագահն էլ պետք է նշանակի՝ խորհրդակցելով խորհրդարանի հետ։
Հետաքրքրական է նաեւ, որ կոնկրետ ա
նուն հրապարակվեց այն պահին, երբ ԵԽ ԽՎ-ում մերժվեց հայաստանյան պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանի կողմից հանձնված «Արդարություն» խմբակցության առաջարկը, այն է՝ նախագահը օմբուդսմեն նշանակի ոչ թե խորհրդարանի հետ խորհրդակցելով, այլ՝ խորհրդարանի առաջարկով։ Խորհրդարանի կոալիցիոն մասը օմբուդսմենի թեկնածության մասին իմացել էր մամուլից։ ՕԵԿ անդամ, ԱԺ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանն «Առավոտին» ասաց. «Ես կխուսափեմ ինչ-որ անունի մասին խոսել։ Մենք կարեւորում ենք չափանիշները։ Երբ կլինեն թեկնածուները, կքննարկվեն կոնկրետ թեկնածուները։ ՕԵԿ-ի դիրքորոշումը հիմնվում է չափանիշների վրա։ Այստեղ մի քանի խնդիրներ կան՝ մարդկային հատկանիշները, բարոյական հատկանիշները. հեղինակությունը հասարակության շրջանում, գիտելիքների որոշակի պաշար, եւ պարտադիր չէ, որ տեխնոկրատ-իրավաբան լինի»։
Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւս որեւէ բան չգիտեր օմբուդսմենի թեկնածուի մասին։ Սակայն ասաց. «որեւէ ինֆորմացիա չունեմ, դա նախագահի լիազորությունների շրջանակում է, ում որ կներկայացնի, կքննարկենք ու ըստ այդմ մեր կարծիքը կասենք»։
Մ. ԵՍԱՅԱՆ