Նշում է ԼԴԿ նախագահ Վիգեն Խաչատրյանը
– Ինչպե՞ս եք վերաբերվում ընդդիմության, այդ թվում՝ ձեր խորհրդարանական, հանուն իշխանափոխության միավորվելուն։
– Նախ, միավորման քաղաքականություն չեմ տեսնում, տարբեր թեւեր տարբեր դիրքորոշումներ ունեն։ Պարզապես կարծում եմ, որ այն արժեքները, որոնք պետք է հետապնդել եւ ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք պետք է մեր պետությունում իրականացնել, որպեսզի տնտեսությունը զարգանա եւ հասարակությունը բարգավաճի՝ կողմերից շատերը նման համոզմունքների կրողը չեն։ Իրականում պայքար է գնում տիրանալ իշխանության՝ լավ ապրելու համար, ոչ թե հասարակության վիճակը բարելավելու։ Սա եւս հեռանկարային վարքագիծ չէ։ Հնարավոր է իշխանափոխություն, բայց դրան կհետեւի հասարակության հերթական հիասթափությունը։
Սկզբունքային տարբերություն, թե ինչպիսին ենք ուզում տեսնել հասարակությունը եւ ինչի հետ չենք համակերպվում, ընդդիմության եւ իշխանության դիրքորոշումներում հաճախ չեմ տեսնում։ Մի հարցում կարող են բոլորը միանալ՝ այն, ինչ ունենք, պետք է արմատապես փոխել։ Բայց այդպիսի հարցադրում չի արվում։ Այնպես որ, ես թերահավատ եմ, որ նման միավորումներ կարող են առաջանալ։ Հակառակ դեպքում, ցեխից դուրս կգանք՝ ցեխաջուրը կընկնենք։ Պետք է մաքրվելու, զարգանալու ճանապարհ ընտրել։ Այս համատարած հարմարվողականությունը եւ դժգոհ տրամադրություններին ապավինելը առանձնապես մեծ արդյունքներ չի ենթադրում։
– Դուք չե՞ք գտնում, որ այս ֆոնի վրա աջ ուժերը պետք է ակտիվություն ցուցաբերեն։
– Եթե մենք աջ ուժեր ասելով նկատի ունենք լիբերալիզմը եւ դեմոկրատիան, ապա այդ ուժերն իրականում այդքան էլ լիբերալ ու դեմոկրատ չեն։ Մի բան պետք է խոստովանենք՝ այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, դա ժամանակին թույլ տրված սխալների զարգացումն ու խորացումն է։ Եվ, հետեւաբար, պետք է ընդունել այդ սխալները, դրանց մասին բաց խոսել։ Ըստ էության, այն քաղաքական համակարգը, որը ձեր նշած ուժերի հեղինակությամբ է ձեւավորվել, լուրջ արատներ ունի։ Հայաստանում գործող քաղաքական համակարգը ենթադրում է անպատասխանատվություն, քաղաքական պատասխանատվություն կրող իշխանության ձեւավորման բացառում եւ այլն։ Ինչո՞ւ, վերջին հաշվով, այն առաջադիմական գաղափարները, որոնք պետությունը կարող է առաջ մղել՝ չարմատավորվեցին, ինչո՞ւ այդ գաղափարները բավարար չափով չեն քարոզվում, ինչո՞ւ, վերջապես, այդ գաղափարները կրող ուժերը չեն միավորվում։ Հավանաբար, պատճառն այն է, որ շատերն այդ գաղափարները իրականում չեն կրում։
Վերջին տարիների ընթացքում այս ամենը դեն նետվեց քննարկման ասպարեզից։ Ամեն ինչ քարոզվում եւ պրոպագանդվում է, բացի նրանից, ինչը մեզ կարող է առաջ տանել։ Երկխոսության մշակույթը բացակայում է։
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ