Լրահոս
Օրվա լրահոսը

Մատաղը չի կարելի խնջույքի վերածել

Հունվար 29,2004 00:00

Մատաղը չի կարելի խնջույքի վերածել Պարզաբանում է տեր Կարապետ քահանա Գըլըճյանը Հայաստանի տարբեր եկեղեցիներում հաճախ միեւնույն ծեսի, արարողության ժամանակ քահանաները տարբեր ձեւերով ու կանոններով են առաջնորդվում: Պարզելու համար, թե որն է կանոնական եւ որը՝ ոչ, դիմեցինք առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Կարապետ ավագ քահանա Գըլըճյանին: «Պսակադրության ժամանակ մեկ բաժակից փեսայի եւ հարսի գինի խմելը մեկ մարմին լինելու՝ Մեկության խորհուրդն է իր մեջ ամփոփում: Դուք այլեւս մեկն եք ձեր մտածումներով, ձեր գործերով: Պետք է մեկ լինեք հատկապես ձեր երեխաների դաստիարակության հարցում»,- բացատրում է տեր Կարապետը: Սակայն քահանան գինի խմեցնելուց երբեմն խորհուրդ է տալիս՝ «թող փեսան մի քիչ ավելի խմի, եւ գինու մի մասը տա հարսին»: Այստեղ հաշվի է առնվում, որ կինը թույլ էակ է, իսկ մեր հայ աղջիկները հիմնականում խմիչքից հեռու են: Այլապես նրանք պետք է խմեն հավասար: Ժամանակին սփյուռքից եկած որոշ քահանաներ փեսայի եւ հարսի խմելուց հետո մնացած խմիչքը տալիս էին չամուսնացածներին, որպեսզի այդ բախտին նրանք էլ արժանանան: Սակայն դա սովորություն էր եւ ոչ՝ կանոն: Գինին մեկ բաժակից պետք է խմեն միմիայն փեսան եւ հարսը: Մկրտությունը պետք է կատարել, երբ երեխան ութ օրական է եւ քառասունքից դուրս պետք է գա մկրտված: Մկրտությամբ երեխան ազատվում է ի ծնե ժառանգած անհնազանդության կամ Առաջին մեղքից: Եթե մարդ մեծ տարիքում է մկրտվում, նա ազատվում է մինչ այդ օրը գործած եւ ի ծնե ժառանգած մեղքերից եւ դառնում Աստծո որդեգիրն ու ժառանգակիցը: «Ճիշտ կլինի, որ երեխային մկրտելիս լողացնեն եւ ավազանի մեջ ընկղմեն: Դա խորհրդանշում է Փրկչի երեքօրյա թաղումը, իսկ ջրից հանելը՝ հարությունը: Սակայն եթե եկեղեցում ցուրտ է, չեն լողացնում, որ երեխան չմրսի: Դա չի նշանակում, որ Մկրտությունն անկանոն եղավ»: Մեծ աղջիկների, կանանց պարագայում քահանան նախապես զգուշացնում է՝ արարողությանը գալ առանց շպարանքի եւ առանց զուգագուլպաների, որպեսզի կարողանա նրանց լվացվեցնել եւ մյուռոն քսել մարմնի համապատասխան մասերին, նաեւ ծնկներին: Սուրբ ջուրը պետք է քսվի մարմնին եւ ոչ՝ հագուստին: Մկրտության ժամանակ կանոն է մկրտվողի վզին նարոտ կապելը, որը կարմիր եւ սպիտակ թելերի ոլորվածք է: Այն խորհրդանշում է Քրիստոսի կողից դուրս ելած արյունը եւ ջուրը: Ժողովրդի մեջ անցած դարում կրոնական կրթության պակասի հետեւանքով, նարոտի երկու գույնը դարձավ յոթ գույն՝ ծիածանի գույներին համապատասխան: Կանոնական նարոտը կարմիր եւ սպիտակ թելն է, թեեւ այսօր շատերը նախընտրում են ոսկե շղթաները, որ ճիշտ չէ: Մկրտության ժամանակ կրում են նարոտը, երրորդ օրը՝ մյուռոնից դուրս գալով, փոխարինում են նարոտը շղթայով: Մկրտություն, պսակ, եկեղեցական այլ ծեսեր կատարողը քահանայական օծում եւ ձեռնադրություն ունեցող անձ պետք է լինի: «Մատաղը հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչը, որպես կերակուր կարիքավորների համար: Մատաղը չի կարելի խնջույքի վերածել: Մատաղը պետք է ամբողջությամբ բաժանել՝ հավը՝ 3 տեղ, գառից սկսած՝ 7: Ողջունելի կլիներ, որ մատաղը ամբողջությամբ տանեին ծերանոց, որբանոց, բանտ եւ կերակրեին այդ կարիքավոր մարդկանց: Ընդ որում, մատաղի հետ միասին կարելի է տանել նաեւ միրգ եւ այլ ուտեստներ: Աստված ինչպե՜ս կօրհնի»: Հ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել