Վազգենը բանակի հավերժ Սպարապետն է Հիշեցնում է Գրետա Սարգսյանը Հայկական բանակի տարեդարձի օրը Եռաբլուր այցելեցին հազարավոր մարդիկ։ Իշխանության ներկայացուցիչները մեկ օր առաջ էին այցելել եւ ծաղկեպսակներ դրել ղարաբաղյան պատերազմում զոհված մարտիկների հուշարձանին։ Երեկ Եռաբլուր այցելեցին նաեւ «Հանրապետություն» կուսակցության անդամները, Վազգեն Սարգսյանի հարազատները, երիտասարդ զինվորներ ու երկրապահներ։ ՀԺԿ-ն եւ «Արդարություն» դաշինքի մյուս անդամները Եռաբլուր այցելեցին օրվա երկրորդ կեսին։ Եռաբլուրում զրուցեցինք Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հետ։ – Տիկին Գրետա, ձեր կարծիքով, ինչո՞ւ այս օրերին տարբեր հեռուստաընկերություններով բանակին նվիրված հաղորդումներում հազվադեպ է երեւում Վազգեն Սարգսյանի դեմքը եւ գրեթե չի խոսվում նրա մասին։ – Այսօր ես հպարտ եմ, ուրախ եմ բանակի տոնի առթիվ եւ շնորհավորում եմ բանակին, գեներալներին, սպաներին, զինվորներին, մեր երկրապահներին, մահապարտներին։ Բոլորին շնորհավորում եմ։ Նաեւ իմ Վազգենին, որը, անկախ ամեն ինչից (ուզում են ցույց տան հեռուստատեսությամբ, ուզում են ցույց չտան՝ ավելի վատ իրենց համար), այս բանակի հիմնադիրն է, ստեղծողն է, այս բանակի հավերժ նախարարն ու սպարապետն է։ Ժողովուրդը դա հասկանում է, ժողովուրդը դա գնահատում է։ Ոչինչ, որ փոքրոգի մարդիկ, վախկոտ մարդիկ չեն կարող ցույց տալ։ Անկախությունից հետո ստեղծված միակ կառույցը, որ գործում է՝ բանակն է, որը ստեղծվեց Վազգենի եւ իր ընկերների ջանքերով։ Ես համոզված եմ, բանակում դեռ կան հրամանատարներ, կան գնդեր, որոնք շարժվում են այնպես, ինչպես հիմքը դրված է եղել Վազգենի ժամանակ։ – Ստացե՞լ եք իշխանությունների, գեներալների կամ պաշտպանության նախարարի կողմից որեւէ շնորհավորական հեռագիր բանակի օրվա կապակցությամբ։ – Ոչ մի շնորհավորանք չեմ ստացել, ոչ էլ իրենք են եկել։ Ոչ մեկն էլ չի եկել, որովհետեւ բոլորն էլ վախեցած են։ Աստված իրենց հետ. ես ոչինչ չեմ ուզում ասել։ Իսկ այդ վախը բացատրում եմ իրենց ունեցած պաշտոնով, դիրքով, իրենց ունեցվածքով։ Հաղթանակած բանակի գեներալները իրենց գործը պատերազմի ժամանակ կատարել են, փառք ու պատիվ նրանց։ – Արմեն Սարգսյանի դատավարությունն ավարտված է. այս մասին դուք երբեւէ չեք արտահայտվել։ – Հասարակությունը շատ լավ հասկանում է, թե ի՞նչ է կատարվում։ Երբ ժողովուրդը գիտի ամեն ինչ, իմ ասելն ավելորդ եմ համարում։ Բոլորին էլ պարզ դարձավ, որ դա իմ ընտանիքի հետ բոլորովին կապ չունեցող սադրանք էր, որը, չգիտեմ ինչու, բերեցին ու փաթաթեցին իմ Արմենի վզին։ Չի հաջողվի։ Մեր ժողովուրդը լավ խոսք ունի՝ արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում։ Իհարկե, այս անբարոյական մթնոլորտում արդարության մասին մտածելը մի քիչ ծիծաղելի է, բայց ես հավատում եմ, որ արդարությունը պիտի գործի, ու իմ Արմենը պիտի այդտեղից դուրս գա, որովհետեւ Արմենը ընդհանրապես կապ չունի այդ գործի հետ։ – Այսօրվա քաղաքական իրավիճակի ձեր գնահատականը։ Ընդդիմությունը շարունակ խոսում է իշխանափոխության մասին։ – Ես կանխատեսումներ չեմ սիրում անել, ուղղակի հասկանում եմ, որ այս վիճակով երկիրը մնալ չի կարող, ժողովուրդն այսպես երկար ապրել չի կարող։ Ամեն ինչ ծախեցին, տվեցին օտարի ձեռքը, օտարն էլ ինչպես ուզում է մեր ժողովրդի հետ վարվում է։ Դարձել ենք օկուպացված երկիր։ Այսպես թողնենք կորչի՞ այս ամեն ինչը։ Հիմա «անկախություն», «ազատություն», «հաղթանակ» բառերը կարծես թե ետին պլան են մղվել, որովհետեւ ժողովրդի սոցիալական վիճակը գիտակցաբար այնքան են վատացրել, որ ժողովուրդը մոռանա։ Ու մենք պիտի այնպես անենք, որ մեր քաղաքական կուսակցությունները, մեր ժողովուրդը, բոլորս միասին վերջապես տեր կանգնենք մեր անկախությանը։ Ես կարծում եմ՝ փոփոխություններ պիտի լինեն։ Զրուցեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ