«ՕՊՏԻՄԱԼԱՑՎԱԾՆԵՐԸ» ԲՈՂՈՔԵՑԻՆ ՏՆՕՐԵՆԻՑ Խմբագրություն էին եկել Նորքի 7-րդ զանգվածի թիվ 88 դպրոցի ուսուցիչներ Սանամ Պետրոսյանը (ռուսաց լեզու), Ալվարդ Մխիթարյանը (մաթեմատիկա) եւ Գայանե Պողոսյանը (մաթեմատիկա): Մանկավարժները պնդում էին, որ տնօրեն Լիդա Հովսեփյանը իրենց «հանիրավի» է օպտիմալացրել: Ս. Պետրոսյանի կարծիքով, իր կրճատմամբ տնօրենը վրեժ է լուծել վերջերս թերթերից մեկում դպրոցի մասին տպագրված հոդվածի համար: «Այդ հոդվածի հեղինակը հարեւանուհիս էր, իսկ տնօրենը մտածում էր՝ իմ ձեռքի գործն է»,- ասաց տիկ. Պետրոսյանը: Ի դեպ, նա 26 տարվա մանկավարժական ստաժ, ստացել է բազմաթիվ պատվոգրեր ու խնամքի տակ 4 երեխա ունի: Ըստ Ս. Պետրոսյանի, թիվ 88 դպրոցում ամեն ինչ իրար է խառնվել՝ Լ. Հովսեփյանի տնօրեն նշանակվելուց հետո: «Ինքը տարօրինակ բաներ է անում: Եթե նախկինում մենք դասարանները բարձրացնում էինք մինչեւ 10-րդ, ապա հիմա յուրաքանչյուր տարի մեզ նոր դասարաններ են տալիս ու որակ պահանջում: Իսկ որակը երեւում է միայն նույն դասարանում տարիների աշխատանքից հետո»,- դժգոհեց կրճատված ուսուցչուհին: Ս. Պետրոսյանը նաեւ պատմեց, որ տնօրենը իրեն դասղեկությունից զրկելու նպատակով իր 6-րդ դասարանը «ցրել» է մյուս դասարանների միջեւ, այն դեպքում, երբ իր դասղեկական դասարանն ավելի մեծ էր քանակով ու բարձր՝ առաջադիմությամբ: Տիկ. Պետրոսյանի մյուս դժգոհությունը վերաբերում էր «տնօրենի բերած մեթոդիստ» Լյուբով Գորբաչովային. «Նա այնպիսի թեմաներ է մեր վզին փաթաթում, որոնցով 10 տարի առաջ են առաջնորդվել դպրոցում: Այդ թեմաները նույնիսկ գրքերում չկան»: Հետաքրքրվեցինք՝ մի՞թե մեթոդմիավորման նիստեր չեն գումարվում ու քննարկվում նման հարցեր: «Մեր դպրոցում մեթոդմիավորումը ձեւական բնույթ ունի: Այն որեւէ որոշում ընդունելու իրավունք չունի, որովհետեւ ամեն ինչ միանձնյա որոշում է տնօրենը»,- գործընկերուհուն օգնության հասավ Ալվարդ Մխիթարյանը: 31 տարվա աշխատանքային ստաժ ունեցող տիկ. Ալվարդը եւս գտնում է, որ իր կրճատման պատճառն էլ է վրեժը: «Ես մինչ իր (տնօրենի) գալը որեւէ պրոբլեմ չեմ ունեցել դպրոցում: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ինքը դասավանդեց երեխաներիս դասարանում: Դուստրս 10-րդ դասարանում էր սովորում ու հաճախ հայոց լեզվի ժամերին ուղղում էր իրեն: Արդյունքում՝ նա զրկվեց գերազանցիկությունից, իսկ ես՝ իմ դասաժամերից»,- պարզաբանեց Ա. Մխիթարյանը: Կրճատված Գ. Պողոսյանը եւս երկարամյա աշխատող է եւ 3 երեխաների մայր: Նա էլ պնդում էր, որ իր փոխարեն դպրոցում ոչ մասնագետներ են մնացել, որոնք վայելում են տնօրենի հովանավորությունը: «Օպտիմալացված» 3 ուսուցչուհիները հավաստիացնում էին, որ իրենց դպրոցում նեգատիվ երեւույթներ շատ կան, այդ թվում՝ դասղեկություն ունենալու համար տնօրենին կաշառք հանձնելը, տոնական առիթներով վերջինիս նվեր գնելու գումար հավաքելը եւ այլն: Դպրոցի տնօրեն Լ. Հովսեփյանը հերյուրանք որակեց իրեն ուղղված բոլոր մեղադրանքները: Նա տեղեկացրեց, որ դասարանների կրճատվելը ինքնանպատակ չի եղել, քանի որ ողջ կոլեկտիվը թերբեռնված է աշխատել: Ներկայումս դպրոցում 126 դասաժամ կա, աշխատում է 76 ուսուցիչ, ընդ որում՝ ամբողջ դրույքով՝ միայն 5-ը: «Նույնիսկ 4-6 ժամով ուսուցիչներ ենք ունեցել»,- տեղեկացրեց նա: Նա ժխտեց դասղեկական դասարան ունենալու համար ուսուցիչների՝ իրեն կաշառք տալու մասին մեղադրանքը՝ ասելով. «Այս աղքատ թաղամասում մենք խնդրում ենք, որ դասղեկություն ստանձնեն»: Լ. Հովսեփյանը պատրաստակամություն հայտնեց նաեւ փաստաթղթերով հիմնավորել, որ դպրոցում չկան ոչ մասնագետներ: Իսկ այն մանկավարժները, որ չեն կրճատվել, ըստ տնօրենի, հաստատ համապատասխանում են անհրաժեշտ չափորոշիչներին: Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Քանի դեռ գոյություն ունի «օպտիմալացում» երեւույթը, փոխադարձ մեղադրանքները կշարունակվեն, իսկ տնօրենները կկարողանան այդ կերպ պատժել «հանդուգն» ուսուցիչներին։