Հիմնական հարցը ԼՂՀ-ն է Խոսրով Հարությունյանը՝ արտաքին քաղաքականության, կոռուպցիայի եւ «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրի մասին ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը վստահ է, որ միջպետական հարաբերություններում, եվրոպական ուղղությունը դարձել է ավելի ընդգծված։ Այս եզրահանգման հիմքում ՔԴՄ նախագահը դնում է այն, որ «Հայաստանի իշխանությունները հայտարարություններ են անում այդ մասին, այլ հարց է, որ նրանց իրական քաղաքական գործունեությունը վստահություն չի ներշնչում»։ Միաժամանակ, պետական համակարգի բարեփոխումները (տեղական ինքնակառավարման ամրապնդում եւ այլն), որոնք, ըստ մեր զրուցակցի, տանում են ուղիղ Եվրոպա՝ «տեղում են դոփում»։ Ի դեպ, կոռուպցիայի դեմ պայքարը պարոն Հարությունյանը նույնպես պետական համակարգի բարեփոխումներով է պայմանավորում. «Այլապես այդ պայքարը կվերածվի վհուկների դեմ որսի։ Նույնիսկ քաղաքական նկատառումներով՝ ոչ նպատակահարմար մի քանիսին կազատեն, արդյունքում, տնտեսական մեխանիզմը կարող է ավելի կոռումպացված վիճակում հայտնվել»։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին՝ «եթե Ռուսաստանն էներգոհամակարգերն օգտագործի տարածաշրջանում այդ բազայի վրա համագործակցություն խորացնելու համար, մենք շահեկան դուրս կգանք»,- համոզված է Խ. Հարությունյանը։ Ավելին, ըստ նրա, «Գույք պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում Հայաստանը կարող է ՌԴ-ից պահանջել՝ հրաժարվել ռուսական գազը Սեւ ծովի տակով Թուրքիա հասցնելուց, եւ օգտագործել կոմունիկացիաներ, որոնք Հայաստանը տարանցիկ կդարձնեն։ Եվ, որ ամենակարեւորն է, ըստ Խ. Հարությունյանի, ՌԴ-ն պարտավոր է փոխըմբռնումով վերաբերվել դրան։ Ըստ այդմ՝ «Հայաստան-ՌԴ հարաբերությունները, չեմ կարծում, որ հակադրվում են Հայաստան-Եվրոպա կամ այլ հարաբերություններին, նույնիսկ կապահովի Հայաստանի աշխարհաքաղաքական ներկայությունը տարածաշրջանում»։ Իսկ ընդհանրապես, այս իշխանությունների հիմնաքարը ՔԴՄ նախագահը ԼՂՀ հարցն է համարում, որը մնաց օրակարգում եւ որը լուրջ խնդիրներ կառաջացնի՝ կախված, թե ինչ բանաձեւ կդրվի սեղանին։ Նաեւ՝ սահմանադրական փոփոխությունները, որոնք Խոսրով Հարությունյանը եւս ժամանակավրեպ է համարում. «Ես չեմ կարծում, որ այսօրվա Սահմանադրությունը մեր բոլոր դարդուցավերի հիմնական պատճառն է։ Ավելի կարեւոր են Ընտրական օրենսգրքում փոփոխությունները։ Ասենք, այն պետք է ընդգրկի ընտրությունների արդյունքների ամփոփման մեխանիզմներ՝ ԿԸՀ-ի հանձնարարականները չեզոքացնելու համար»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ