ԴԵ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ ԴՈՒ ՀԻՄԻ ՏԵՍ «Հայ-թուրքական հարաբերությունների հարցը ներկայացնել որպես սահմանի բացում, նշանակում է նեղացնել շատ լուրջ խնդրի շրջանակները, ինչն անթույլատրելի է»,- «Արմինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Պետք է նկատել, որ երկրի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի նկատմամբ իշխանության տարբեր թեւերի ներկայացուցիչների կողմից տրամագծորեն տարբեր տեսակետների արտահայտումը վերջերս շատ մոդայիկ է դարձել: «Այդ մենք ենք Թուրքիային առաջարկում առանց նախապայմանների երկխոսություն սկսել եւ անգամ դիվանագիտական հարաբերություններ հաստատել»,- ընդամենը երկու օր առաջ «Հ1»-ին տված հարցազրույցում ասել էր ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, հակադարձելով Թուրքիայի վարչապետ Էրդողանի այն հայտարարությանը, թե իրենք ձեռք են մեկնում հայերին, բայց այդ ձեռքը մնում է օդում: Եվ ահա, թե ինչ է ասում Ա. Ռուստամյանը. «ՀՅԴ-ն քաջ գիտակցում է հարցի կարեւորությունը եւ գտնում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նորմալ հարաբերություններ չեն կարող հաստատվել, մինչեւ վերջինս չճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ չեզոքություն չպահպանի Ղարաբաղյան հարցում: Այն նախապայմանները, որոնց մասին խոսում է ՀՅԴ-ն, ինքնանպատակ չեն, քանի որ չճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան չի կարող դառնալ հուսալի հարեւան եւ գործընկեր, չի կարող դառնալ քաղաքակիրթ երկիր»: Դաշնակցական պատգամավորն, իհարկե, չի բացառում, որ մի օր, ապագայում, հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել, ավելին՝ այդ ուղղությամբ պետք է քայլեր արվեն, սակայն «այդ քայլերը պետք է ձեռնարկվեն՝ հաշվի առնելով Հայաստանի ազգային շահերը եւ անվտանգության երաշխիքները»: Նրա խոսքով, խնդրի պարզեցումը հղի է այդ երաշխիքների համահարթմամբ եւ անտեսմամբ, որի հետեւանքով կարող են ի հայտ գալ տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության նոր սպառնալիքներ: Սեփ. լր.