Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՊՏԻՄԱԼԱՑՎԱԾՆԵՐԸ» ԲՈՂՈՔԵՑԻՆ ՏՆՕՐԵՆԻՑ

Հունվար 29,2004 00:00

Խմբագրություն էին եկել Նորքի 7-րդ զանգվածի թիվ 88 դպրոցի ուսուցիչներ Սանամ Պետրոսյանը (ռուսաց լեզու), Ալվարդ Մխիթարյանը (մաթեմատիկա) եւ Գայանե Պողոսյանը (մաթեմատիկա):

Մանկավարժները պնդում էին, որ տնօրեն Լիդա Հովսեփյանը իրենց «հանիրավի» է օպտիմալացրել: Ս. Պետրոսյանի կարծիքով, իր կրճատմամբ տնօրենը վրեժ է լուծել վերջերս թերթերից մեկում դպրոցի մասին տպագրված հոդվածի համար: «Այդ հոդվածի հեղինակը հարեւանուհիս էր, իսկ տնօրենը մտածում էր՝ իմ ձեռքի գործն է»,- ասաց տիկ. Պետրոսյանը: Ի դեպ, նա 26 տարվա մանկավարժական ստաժ, ստացել է բազմաթիվ պատվոգրեր ու խնամքի տակ 4 երեխա ունի: Ըստ Ս. Պետրոսյանի, թիվ 88 դպրոցում ամեն ինչ իրար է խառնվել՝ Լ. Հովսեփյանի տնօրեն նշանակվելուց հետո: «Ինքը տարօրինակ բաներ է անում: Եթե նախկինում մենք դասարանները բարձրացնում էինք մինչեւ 10-րդ, ապա հիմա յուրաքանչյուր տարի մեզ նոր դասարաններ են տալիս ու որակ պահանջում: Իսկ որակը երեւում է միայն նույն դասարանում տարիների աշխատանքից հետո»,- դժգոհեց կրճատված ուսուցչուհին: Ս. Պետրոսյանը նաեւ պատմեց, որ տնօրենը իրեն դասղեկությունից զրկելու նպատակով իր 6-րդ դասարանը «ցրել» է մյուս դասարանների միջեւ, այն դեպքում, երբ իր դասղեկական դասարանն ավելի մեծ էր քանակով ու բարձր՝ առաջադիմությամբ: Տիկ. Պետրոսյանի մյուս դժգոհությունը վերաբերում էր «տնօրենի բերած մեթոդիստ» Լյուբով Գորբաչովային. «Նա այնպիսի թեմաներ է մեր վզին փաթաթում, որոնցով 10 տարի առաջ են առաջնորդվել դպրոցում: Այդ թեմաները նույնիսկ գրքերում չկան»:

Հետաքրքրվեցինք՝ մի՞թե մեթոդմիավորման նիստեր չեն գումարվում ու քննարկվում նման հարցեր: «Մեր դպրոցում մեթոդմիավորումը ձեւական բնույթ ունի: Այն որեւէ որոշում ընդունելու իրավունք չունի, որովհետեւ ամեն ինչ միանձնյա որոշում է տնօրենը»,- գործընկերուհուն օգնության հասավ Ալվարդ Մխիթարյանը: 31 տարվա աշխատանքային ստաժ ունեցող տիկ. Ալվարդը եւս գտնում է, որ իր կրճատման պատճառն էլ է վրեժը: «Ես մինչ իր (տնօրենի) գալը որեւէ պրոբլեմ չեմ ունեցել դպրոցում: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ինքը դասավանդեց երեխաներիս դասարանում: Դուստրս 10-րդ դասարանում էր սովորում ու հաճախ հայոց լեզվի ժամերին ուղղում էր իրեն: Արդյունքում՝ նա զրկվեց գերազանցիկությունից, իսկ ես՝ իմ դասաժամերից»,- պարզաբանեց Ա. Մխիթարյանը:

Կրճատված Գ. Պողոսյանը եւս երկարամյա աշխատող է եւ 3 երեխաների մայր: Նա էլ պնդում էր, որ իր փոխարեն դպրոցում ոչ մասնագետներ են մնացել, որոնք վայելում են տնօրենի հովանավորությունը:

«Օպտիմալացված» 3 ուսուցչուհիները հավաստիացնում էին, որ իրենց դպրոցում նեգատիվ երեւույթներ շատ կան, այդ թվում՝ դասղեկություն ունենալու համար տնօրենին կաշառք հանձնելը, տոնական առիթներով վերջինիս նվեր գնելու գումար հավաքելը եւ այլն:

Դպրոցի տնօրեն Լ. Հովսեփյանը հերյուրանք որակեց իրեն ուղղված բոլոր մեղադրանքները: Նա տեղեկացրեց, որ դասարանների կրճատվելը ինքնանպատակ չի եղել, քանի որ ողջ կոլեկտիվը թերբեռնված է աշխատել: Ներկայումս դպրոցում 126 դասաժամ կա, աշխատում է 76 ուսուցիչ, ընդ որում՝ ամբողջ դրույքով՝ միայն 5-ը: «Նույնիսկ 4-6 ժամով ուսուցիչներ ենք ունեցել»,- տեղեկացրեց նա: Նա ժխտեց դասղեկական դասարան ունենալու համար ուսուցիչների՝ իրեն կաշառք տալու մասին մեղադրանքը՝ ասելով. «Այս աղքատ թաղամասում մենք խնդրում ենք, որ դասղեկություն ստանձնեն»: Լ. Հովսեփյանը պատրաստակամություն հայտնեց նաեւ փաստաթղթերով հիմնավորել, որ դպրոցում չկան ոչ մասնագետներ: Իսկ այն մանկավարժները, որ չեն կրճատվել, ըստ տնօրենի, հաստատ համապատասխանում են անհրաժեշտ չափորոշիչներին:

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Քանի դեռ գոյություն ունի «օպտիմալացում» երեւույթը,
փոխադարձ մեղադրանքները կշարունակվեն, իսկ տնօրենները կկարողանան այդ կերպ
պատժել «հանդուգն» ուսուցիչներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել