Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասեք մինչեւ գանք

Հունվար 29,2004 00:00

Երեւանի ժամանակով կեսգիշերին մոտ հեռախոսազրույց ունեցանք
ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի
հետ։
Վերջինս հայտնեց, որ Ադրբեջանի մասին զեկույցում գնահատականները շատ ավելի կոշտ են, իսկ Հայաստանի զեկույցում ձեւակերպումները շատ ավելի նպաստավոր են։ Սա Տիգրան Թորոսյանը գնահատեց որպես վերջին ամիսներին կատարված աշխատանքի արդյունք։ Մյուս կողմից ԱԺ փոխնախագահը անարդյունավետ է գնահատում արտերկրի հայկական դիվանագիտական որոշ ներկայացուցչությունների աշխատանքը։ Պարզվում է, վերջիններից ոմանք ժամանակին հավաստիացրել էին, որ եվրոպական մի շարք երկրների պատգամավորներ կաջակցեն, սակայն նման բան ԵԽ ԽՎ լիագումար նիստում ոչ միայն տեղի չունեցավ, այլեւ՝ հակառակը։

Ըստ Տիգրան Թորոսյանի, Հայաստանի զեկույցի կեսից ավելին դրական եզրակացություն է, իսկ Ադրբեջանի մասով պատկերը բոլորովին այլ է։ «Ընդունվել է Հայաստանի պատվիրակության խիստ կարեւոր առաջարկը ԼՂՀ հարցի հետ կապված եւ զեկույցից հանվել է «այլ» բառը, ըստ էության՝ այն, ինչ որ մենք առաջարկել էինք։ Բանաձեւում տեղ գտած 29 կետերից միայն 2-ն է վերաբերում Ղարաբաղին։ Բոլոր մյուս 27 կետերը, իրենց հերթին, անպայման կազդեն ԼՂՀ հարցի կարգավորման վրա»։ Տիգրան Թորոսյանն առաջարկեց Հայաստանի եւ Ադրբեջանի զեկույցների զուգահեռներ առայժմ չանցկացնել եւ սպասել մեր պատվիրակության վերադարձին, քանի որ բազմաթիվ հետաքրքիր բաներ են կատարվել ԵԽ-ում. «Անհամեմատելի են Հայաստանի եւ Ադրբեջանի բանաձեւերը, անգամ վերջին կետերի համեմատությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանին վերջնագիր է ներկայացված»։

Մեր հարցին՝ արդյո՞ք ընդդիմադիր եւ իշխանությունը ներկայացնող պատգամավորների հարաբերությունները, իրոք, այդքան լարված են, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք, Տիգրան Թորոսյանն ասաց. «Ընդդիմության հետ կապված լարվածություն չկա, եւ այդ մասին ինքս ոչինչ չեմ ասել։ Կարծում եմ, այս թեմայով պետք է խոսել պատվիրակության վերադարձից հետո միայն։ Բայց այլ խնդիր կա, կարծում եմ, մեկ թիմով հանդես գալու, հետագա գործունեությունը ճշգրտելու հետ կապված խնդիրներ կան, որոնց ճիշտ կլինի անդրադառնալ ավելի ուշ՝ Երեւանում, նաեւ խոսել փաստերով, որոնցից յուրաքանչյուրը կարող է հետեւություններ անել։ Կոռեկտ կլինի, եթե այդտեղ (Երեւանում.- Մ. Ե.) ոչ թե գնահատականներ տան, այլ սպասեն պատվիրակության վերադարձին»։

Երեկ ԵԽ ԽՎ նիստում խոսվել է Վրաստանի մասին եւ ելույթ է ունեցել Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին։ Այսօր Խորհրդարանական վեհաժողովում կքննարկվեն տեռորիզմին նվիրված հարցեր։ Հայաստանի պատվիրակությունը Երեւան կվերադառնա շաբաթ գիշեր։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել