Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՈՒՇԱԳԻՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՉԷ»

Հունվար 29,2004 00:00

Սա ՀԺԿ փոխնախագահի դիրքորոշումն է: Իսկ «ԱՄ»-ն, որպես փորձառու որսորդ, խորհուրդ է տալիս, որ գայլերն իրեն չսովորեցնեն շուրջկալ անել:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն արդեն իսկ մամուլում «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» չստացված համագործակցության առնչությամբ ասել է, թե ամորֆ միավորումները չեն կարող գործել եւ օգուտ տալ: ՀԺԿ փոխնախագահ Ստեփան Զաքարյանը համաձայնեց. «Իհարկե, եթե ամորֆ միավորում է՝ ոչ մի գործնական օգուտ չի տա: Եվ կարծում եմ, որ կարեւորը ոչ թե ձեւական միավորումներն են կամ դրանց ցուցադրական կողմը, այլ այն, թե ով իրենից ինչ է ներկայացնում: Գտնում եմ, որ «Արդարություն» դաշինքն ինքնին այն է, ինչ անհրաժեշտ է ժողովրդին հավաքելու եւ ճանապարհ ցույց տալու համար: Մենք չէինք ժխտում հնարավոր միավորման այլ ուժերի որոշակի ընտրազանգվածի առկայությունը: Սակայն միավորումը չպիտի ինքնանպատակ լինի»: Հիշեցնենք, որ «Հանրապետության» գործիչներն այս համախմբման նպատակ էին հռչակել իշխանափոխության համար ժողովրդական ալիք առաջացնելը:

Հուշագրի ձախողման առնչությամբ Ստեփան Զաքարյանն ասաց. «Իշխանափոխության խնդրում «Արդարությունը» հստակ ճանապարհ ունի՝ վստահության հանրաքվեին մե՛նք հասանք Սահմանադրական դատարանում եւ այլն: Ու շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով. եթե չստացվի՝ այլ հարց է: Ով որ կմիանա մեզ այդ հարցում՝ չենք ասելու, թե ինչու եք միանում: Բայց մենք չենք տեսնում հուշագրի անհրաժեշտություն: Երբ հարցը հասնում է գործին ու բուն քայլերին, պիտի այն կառույցը, որ ղեկավարում է այդ քայլերը՝ շատ մոբիլ լինի, որ կարողանա վճիռ կայացնել: «Արդարություն» դաշինքն անցել է այդ ճանապարհը: Իսկ եթե այժմ զրոյից սկսենք այլ ուժերի հետ համագործակցությունը՝ չգիտեմ, թե որքան ճանապարհ պետք կլինի, որ անցնենք գործի»: Նրա հետ զրույցը առավել հանգամանալից կներկայացնենք առաջիկայում:

Իսկ մինչ այդ անդրադառնանք «Ազգային միաբանության դիրքորոշմանը: Նույն օրը մամուլում հրապարակվեցին «ԱՄ» փոխնախագահի երկու գնահատականներն այս միավորման վերաբերյալ, որոնցից մեկում նա ասում էր, թե համախմբումը համաժողովրդական պահանջ է, իսկ մյուսում փաստարկելով, թե ինչու չեն ցանկանում հուշագիր ստորագրել՝ ասել էր, թե հենց պաշտոնապես ձեւավորվի ընդդիմադիր որեւէ միավորում՝ հաջորդ օրն իսկ իշխանություններն այդտեղ կգործուղեն իրենց ականներին եւ կջարդեն ընդդիմադիր ողջ դաշտը: Այս հակասական դիրքորոշումը մեկնաբանելու մեր խնդրանքին ի պատասխան «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանն ասաց. «Ալեքսան Կարապետյանը նկատի է ունեցել համախմբման այն սցենարը, որը մշակվել է նախագահի նստավայրում: Համախմբման այդ առաջարկը, բնականաբար, միայն եւ միայն հետապնդում է ընդդիմության պառակտման գործընթացը սկիզբ դնելու նպատակը: Մենք այդ սցենարով չե՛նք շարժվի: Համախմբումը կլինի՛ եւ արդեն կայացել է առանցքային այն հարցի շուրջ, որը մեկ բառով արտահայտվում է՝ իշխանափոխություն: Իսկ իշխանությունների երազած համախմբումը, որի պառակտումը կառավարելի է լինելու իրենց կողմից՝ բնականաբար չի կայանալու: Թող սին հույսեր չփայփայեն եւ ընդդիմության համախմբման շուրջ չթափեն կոկորդիլոսի արցունքներ: Մի առիթով արդեն ասել եմ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հիշեցնում են այն գայլերին, որոնք հուշում են, թե որսորդներն ինչպես իրենց շուրջկալ անեն»:

Նկատենք, որ չկայացած այս համագործակցության կնքահայրերը շատ էին: Պարույր Հայրիկյանն ասում էր, թե ինքն է առաջինը բարձրաձայնել այդ գաղափարը: Կոմունիստները՝ մասնավորապես Խորեն Սարգսյանը պնդում էր, թե իրենք էին ձեռնարկել առաջին հանդիպումները: Իսկ «Հանրապետություն» կուսակցությունն էլ հայտարարում էր, թե ինքն է նախաձեռնության հեղինակը: Եվ միայն «ԱՄ» ամենատես աչքից չվրիպեց, որ համախմբման այդ սցենարը մշակվել է նախագահի նստավայրում: Թեեւ, անկեղծ ասած, երեւակայությունս չի հերիքում պատկերացնելու Արամ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանի հետ ինչ-ինչ ծրագրեր համաձայնեցնելիս:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել