Տեսնես ո՞վ է տերը Սրճարանը կառուցվում է մայթի վրա Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին թաղապետ Վահան Զատիկյանի նախաձեռնությամբ, Հարավ-արեւմտյան թաղամասի կենտրոնական հատվածում կառուցվեց այգի, որը թաղապետի մահվանից հետո կոչվեց նրա անվամբ։ Այժմ, սակայն, այգին վերածվում է սրճարանների հավաքածուի։ Այգու մի հատվածի հետ միասին, այգուն հարող մայթի ողջ լայնքով կառուցվում է երկհարկանի մի շինություն։ Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանից եւ քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունից տեղեկացնում են, որ հիշյալ օբյեկտը վերակառուցվող սրճարան է։ Ընդ որում, քաղաքապետարանում վստահ են, որ մայթի հետիոտն մասերում հողհատկացում չի արվում. «Օրինակ, Աբովյան փողոցի մայթի լայն հատվածներում կարող է հողհատկացում արվել, բայց պահպանելով հետիոտն մասը»։ Այդ դեպքում «ինչո՞ւ է Հարավ-արեւմտյան թաղամասում ողջ մայթը տրվել» հարցի պատասխանը հիշյալ վարչությունում չգիտեին, չէին էլ կարող պարզել։ «Հաստատ գիտե՞ք, որ անօրինական է»՝ «Առավոտի» լրագրողին հարցրին այդ վարչությունում եւ առաջարկեցին ահազանգել նույն քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչություն։ Ահազանգել ենք, դեռ պատասխան չկա։ Մայթը ողջ լայնքով «գրավելու» հարցին թաղապետարանից պատասխանեցին՝ տեսել ենք, ամբողջ մայթը չի։ Սակայն սովորական մարդու առջեւ այլ տեսարան է բացվում. ամբողջ մայթն է, այգու մի մասն էլ հետը։ Սկսած 2000 թվականից, այգու դիմաց, մայթի հենց այն հատվածում, ուր այժմ երկհարկանի կիսակառույց է, անցկացվում են քանդակագործական գիտաժողովներ։ Այս միջոցառումների ժամանակ ստեղծված քանդակներն էլ զարդարում են Հարավ-արեւմտյան թաղամասի նորակառույց այգիները։ Իսկ այսօր նշված կիսակառույցի պատերի տակ ջարդված-ընկած է 2003 թվականի գիտաժողովում «կերտած» Քաջ Նազարի քանդակը։ Թաղապետարանից տեղեկացանք, որ շինարարությունն այստեղ կապ չունի։ Քանդակը վնասվել է տեղափոխելիս եւ թաղապետարանն էլ հեղինակին փոխհատուցում կտրամադրի՝ նոր քանդակ ստեղծելու համար։ Սակայն «գրավյալ տարածք» մայթի հարցը այդպես էլ բաց է մնում։ Ի դեպ, մայթը վերջանում է տոնավաճառի մատույցներում։ Մայթի վերին հատվածն ամբողջությամբ, ի հավելումն սիզամարգը ու փողոցի մի կտորը, «զավթել» են կրպակատերերն ու գորգավաճառները։ Կառուցվող սրճարանի իրական տերերին փնտրելու արդյունքում երկու վարկած «բացահայտեցինք»։ Ըստ մեկի՝ այգին տեսքից գցող սրճարանի տերը այգին հիմնած Վահան Զատիկյանի որդին է։ Մյուս վարկածով՝ սրճարանը պատկանում է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի մտերիմներից մեկին։ ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ