Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՈՆՅԱՆՑԻՆԵՐԸ ԿԽԱՂԱՆ ԳԱՐՆԱՆԸ

Հունվար 28,2004 00:00

ՊԱՐՈՆՅԱՆՑԻՆԵՐԸ ԿԽԱՂԱՆ ԳԱՐՆԱՆԸ Եթե բոլոր վերանորոգված մշակութային օջախներն իրենց դռներն են բացել հանդիսատեսի առջեւ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը դեռ կսպասեցնի իր հանդիսատեսին: Պատճառն այն է, որ թատրոնը չի ջեռուցվում: Ավելին, այն չի ջեռուցվել ստեղծման օրվանից: Տնօրեն Կարո Շահբազյանը տեղեկացրեց, որ ժամանակին թատրոնի շենքը կառուցվել է իբրեւ «Արմենիա» հյուրանոցի հանդիսությունների սրահ, հետեւաբար կաթսայատունը եւ մյուս համակարգերը հյուրանոցին են պատկանում: Հետագայում՝ «Արմենիա»-ի սեփականաշնորհումից հետո, անհնար է դարձել թատրոնի ջեռուցման հարցը լուծելը: Ըստ պրն Շահբազյանի, երկար տարիներ չօգտագործվելուց շարքից դուրս է եկել ամբողջ խողովակաշարը: Ջեռուցման վերսկսման դեպքում հնարավոր է ավելի մեծ վնաս հասցվի շենքին: «Այս պայմաններում էլ մենք կաշխատենք, բայց ցավոք թատրոնը կարիք ունի նաեւ ժամանակակից ձայնալուսային սարքավորումների, բացի այդ, վատթարագույն վիճակում է նաեւ մեր տանիքը: Սրանք մեծ գումարների հետ են կապված, եւ թատրոնը ինքնուրույն չի կարող գլուխ հանել»,- փաստեց նա: Մի հանգամանք եւս. երաժշտական կոմեդիայի թատրոնը չի ընդգրկվել «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերանորոգվող մշակութային օջախների ցանկում, որովհետեւ մյուսների համեմատ բարվոք վիճակում էր: Բացի դրանից, մայրաքաղաքում պետք է գոնե մեկ օջախ բաց լիներ: Արդյունքում՝ պարոնյանցիները զրկվել են «Լինսի» բարիքներից: Նկատենք, որ 2002-ին Պարոնյան թատրոնի կոլեկտիվը հրաժարվեց մեծ շուքով նշել թատրոնի հիմնադրման 60-ամյակը՝ ըստ պրն Շահբազյանի՝ նրբանկատորեն հաշվի առնելով այն հանգամանքը, որ մյուս թատրոնների իրենց գործընկերները պարապուրդի մեջ են՝ շինվերանորոգման աշխատանքների պատճառով: 2003-ի սեպտեմբերին բացված 62-րդ թատերաշրջանը պարոնյանցիները կշարունակեն մարտի 6-ին՝ Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» ներկայացմամբ: Իսկ մարտի 7-ին կներկայացվի Ժիրայր Անանյանի «Տեր, մի թող մեզ անտեր» գործը: Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, թատերասերների դատին կհանձնվի պրեմիերա՝ «Շողոքորթը»: «Ընդհանրապես մեր խաղացանկն ընդգրկուն է լինելու: Այլ ծրագրեր էլ ունենք, որոնց մասին մանրամասն կխոսի մեր գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը: Նախատեսել ենք բեմադրել ժամանակակից հայ դրամատուրգների գործեր: Կարծում եմ՝ սա պետք է լինի նաեւ պետական քաղաքականության հիմքում»,- նկատեց թատրոնի տնօրենը: «Առավոտը» հետաքրքրվեց, արդյոք բոլոր դերասաննե՞րն են զբաղված ներկայացումներում, մանավանդ վերջերս ոմանք դժգոհում էին այդ առիթով: «Ներկայացումներում ներգրավված կլինեն բոլորը: Ով ինչքան եւ որտեղ՝ որոշում է բեմադրող ռեժիսորը: Իսկ թե ինչու են ոմանք ավելի զբաղված, կպատասխանեմ հայտնի առածով՝ տաշած քարը գետնին չի մնում»,- պատասխանեց պրն Շահբազյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը այս տարի եւս կշարունակի համագործակցել Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի հետ: Արդյունքում՝ պարոնյանցիները կհյուրընկալվեն Գյումրիում, իսկ գյումրեցիները՝ «Հեղնար աղբյուր» եւ «Տերն ու ծառան» ներկայացումներով՝ Երեւանում: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել