Ընդդեմ ցուցակների «մաքրազարդման» Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնյան բանավիճում է ՀՀ նախագահի ուղարկած «օժանդակող հանձնաժողովի» հետ: «Առավոտը» մի քանի անգամ անդրադարձել է Գյումրիում կատարվող բնակբաշխման գործընթացին: Անցած շաբաթվա հրապարակումներից մեկը նախագահի Գյումրի ուղարկած օժանդակող հանձնաժողովի նախագահ Խաչատուր Վարդանյանի մեկնաբանություններն Էին այս հարցի շուրջ: Հիշյալ գործընթացի արդարացի կամ անարդար լինելը յուրաքանչյուր գյումրեցի մեկնաբանում է յուրովի՝ հիմք ընդունելով սեփական մաշկի վրա զգացածը: Բնակիչներից առավել այն անհանգստացնում է գործընթացն իրականացնող կառույցներին: Երեկ «Առավոտին» պարզաբանումներ տվեց նաեւ քաղաքապետարանի բնակարանների հաշվառման եւ բաշխման պետ, կառավարության օժանդակող հանձնաժողովի անդամ Անուշավան Պապիկյանը: Նա զարմացած էր այն մտքից, որ կառավարության օժանդակող հանձնաժողովը պատրաստվում է հերթացուցակներից «մաքրազարդել» երեք տարի շարունակ հաշվառման չներկայացածներին: Նրա ասելով, քաղաքապետարանը կազմել է երկու տեսակի հերթացուցակ: Առաջինում ընդգրկված են այն մարդիկ, որոնք «ռեալ» ներկայացել են վերահաշվառմանը, կարելի է ենթադրել, որ նրանք փաստացի քաղաքում գտնվողներն են, երկրորդում «չներկայացածներն» են: Քանի որ նրանց մասին քաղաքապետարանը որեւէ տեղեկություն չունի, ուստիեւ ոչ մի օրենքով անօթեւանների հերթացուցակից հանելու իրավունք չունի: Օժանդակող հանձնաժողովը պատրաստվում է նաեւ հերթացուցակներից հանել գրանցումից դուրս եկածներին: Պարոն Պապիկյանը այստեղ եւս ընդդիմացավ. «Եթե գրանցումից դուրս են եկել, դա չի նշանակում, թե նրանք բնակարաններ ստացել են»: Նրա պարզաբանմամբ, հիշյալ մարդիկ դուրս են եկել նախկին գրանցումից այն պատճառով, որ անձնագրերը փոխելու ժամանակ օրենքը թույլ չի տվել հին, փլված շենքի հասցեով գրանցվել: Ցուցակների ճշգրտում կատարելիս ոստիկանությունը հայտնաբերել էր նաեւ հերթի կանգնած 217 մահացածների: ԹԵ օժանդակող հանձնաժողովի նախագահի եւ թե Անուշավան Պապիկյանի հաղորդմամբ, նրանցից 16-ը միայնակ ծերեր են՝ ժառանգներ չունեցող, որոնք մեխանիկորեն դուրս կգան հերթացուցակներից: Իսկ մնացած 2018211ի մասին Պապիկյանը տեղեկացրեց. «ոչ թե ամբողջ ընտանիքն է մահացել, Աստված ոչ անի, այլ վարձակալը»: Քաղաքապետարանի բնակարանների հաշվառման եւ բաշխման պետի մեկնաբանմամբ, այս պահին էլ կան 3-րդ կետով հերթագրված մարդիկ, որոնք հրաժարվում են բնակարան ստանալուց, քանի որ նախատեսվող սենյակների քանակը քիչ է, անձերի քանակը՝ շատ: Կառավարությունը բազմացող ընտանիքներին անտեսել է՝ չթույլատրելով առանձին հատկացումներ: «Առավոտի» այն հարցին, թե ինչու օժանդակող հանձնաժողովը մերժեց քաղաքապետարանի կողմից կատարված որոշ բնակարանային հատկացումներ, քաղաքապետարանի պաշտոնյան սկզբում պատասխանեց, որ ինքը նիստերին պարտաճանաչորեն մասնակցել է, մերժվել է ընդամենը երեք գործ: Իսկ հետո ավելացրեց, որ մարզպետարանում մերժումներ եղել են այն պատճառով, որ շինարարություն ծավալելու նպատակով որոշակի տարածքներ տնակներից ազատելու ժամանակ իրենք 4 սենյականոցի «կարիքավորներին» փորձել են «կիսել»՝ հատկացնելով երկու հատ երկու սենյականոցներ կամ 1 ու 3 սենյականոցներ: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ