Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հունվար 28,2004 00:00

«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ Որոշ փորձագետների պնդմամբ, կոռումպացված համակարգերի ցանկում առողջապահությունը գրավում է «պատվավոր» առաջին տեղը։ «Արդարացի՞ է այս բնորոշումը» մեր հարցին նախարար Նորայր Դավիդյանի բացատրությամբ՝ «դա գալիս է նրանից, որ մեր համակարգը ժողովրդի հետ շատ է շփվում»։ Նրա տեղակալ Հայկ Դարբինյանի կարծիքով, «բուժանձնակազմի վարձատրությունը շատ ցածր է նրանց կատարածի համեմատ»։ Երկու պաշտոնյաներն էլ իրենց տեսակետները ասելիս նկատի ունեին հիվանդի հայտնած «շնորհակալությունն» իր բժշկին կամ բուժքրոջն ու սանիտարուհուն։ Այս երեւույթն արմատացած է խորհրդային ժամանակաշրջանից եւ չի լքելու առողջապահության համակարգը, որքան էլ այն բարեփոխվի։ Նախարար Դավիդյանը նույնիսկ դրանում որեւէ վատ բան չի տեսնում. «Դա միշտ եղել է, ու ոչ միայն մեր երկրում, միշտ էլ հիվանդի «շնորհակալությանը» նորմալ են վերաբերվել։ Գլխավորը՝ բժիշկը չմոռանա, որ պետք է հավասարապես վերաբերվի թե ունեւոր, թե չունեւոր հիվանդին»։ Պարոն Դավիդյանը չէր հավատում, թե «կգտնվի մի բժիշկ, որն իր հիվանդին կթողնի անօգնական վիճակում, ինչ է թե՝ վճարելու հնարավորություն չունի»։ Փորձենք հաշտվել անկեղծ սրտով բժշկին հայտնած հիվանդի «շնորհակալության» հետ եւ նախարարի ուշադրությունը հրավիրենք կոռուպցիայի մաս պարունակող այլ խնդիրների, որոնք անմիջապես բխում են «շնորհակալություններից»։ Դրանցից մեկն է վիրահատություններից «եկած» գումարից գլխավոր բժշկին բաժին հանելը։ Այսպիսով, վիրաբույժներն ու այլ մասնագետներ «շնորհակալություն են հայտնում» գլխավորին, որ գումար աշխատելու հնարավորությունից չի զրկում իրենց։ Կա նաեւ այլ տարբերակ՝ ստորագրել աշխատավարձի ցուցակում եւ չստանալ այն։ Սրանք օդից վերցրած կամ հորինված մեղադրանքներ չեն, այլ տարիների ընթացքում մարդկանց հետ շփումից ստացված տեղեկություններ, որոնք այժմ էլ խորթ չեն առողջապահության (նաեւ՝ այլ) համակարգերին։ Իսկ առարկայական մի օրինակի առնչվեցինք մի քանի օր առաջ։ Խմբագրություն զանգահարած մի քաղաքացի որոշ մանրամասներով ներկայացրեց իրեն վիրահատած բժշկի հետ կատարվածը. վիրաբույժ Յուրի Գրիգորյանը, որը 1961-ից աշխատում է Արտաշատի կենտրոնական հիվանդանոցում, դուրս է եկել աշխատանքից, որովհետեւ նրան առաջարկել են թողնել վիրաբուժությունը։ 66-ամյա վիրաբույժը այսպես ներկայացրեց իրավիճակը. հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ավիկ Պետրոսյանը նրան առաջարկել է անցնել խորհրդատու վիրաբույժի աշխատանքի, պատճառաբանելով, թե «ձեռքերդ դողում են, վիրահատության համար պիտանի չեն»։ Գլխավոր բժշկին չեն համոզել ոչ Յու. Գրիգորյանի՝ տարածքային պոլիկլինիկայից բերված դրական եզրակացությունն առողջական վիճակի մասին, ոչ էլ նրա՝ ուժը չկորցրած լիցենզիան։ «Մեզ մոտ շատ վիրաբույժ-թոշակառուներ են աշխատում, բայց նա միայն ինձ որակազրկեց,- վիրավորված էր Յու. Գրիգորյանը։- Բացի այդ, իմ պայմանագիրն ուժի մեջ էր մինչեւ սեպտեմբեր, դա էլ անտեսվեց»։ Գլխավոր բժիշկ Ա. Պետրոսյանն էլ ուներ իր հիմնավորումները. «Նրանից բողոքում էին հիվանդները, գործընկերները՝ համարելով նրան անվստահելի վիրաբույժ։ Ես ստիպված էի գնալ այդ քայլին եւ այլ աշխատանք առաջարկել»։ Իհարկե, կենսաթոշակի տարիքին հասած ցանկացած մասնագետ, որն ամուր կառչած է իր գործին, նման խնդիրների առնչվում է, սակայն այստեղ կա մի նրբություն: Ըստ վիրաբույժի հայտարարության, «գլխավոր բժիշկն ինձնից գումար էր սպասում, չտվեցի, դրա համար էլ ձեռքերիս դողալը հիշեց»։ Պարոն Պետրոսյանն, անշուշտ, հերքեց այդ եւ գումար վերցնելուն վերաբերող որեւէ այլ տեղեկություն։ Կողմերից որեւէ մեկին հավատալ-չհավատալը հարցի մի կողմն է։ Բայց որ նման խնդիրների առնչվում են շատերը եւ հիմնականում այն ոլորտներում, որտեղ մասնագետի աշխատանքի վարձատրությունը կախված է նաեւ «շնորհակալություններից»՝ անվիճելի է։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել