«ԴՈ՛ՒՐՍ ԵԿԵՔ ԳՐԱՎՅԱԼ ՇՐՋԱՆՆԵՐԻՑ» Եվրախորհրդարանի արտաքին հարցերի, մարդու իրավունքների պաշտպանության հանձնախմբում երեկ քննարկվեց եւ քվեարկվեց Պեր Գարթոնի զեկույցը Հարավային Կովկասում Եվրամիության քաղաքականության վերաբերյալ: Փաստաթղթում դրույթ կա, ըստ որի Եվրոհանձնաժողովին հորդոր է ուղղվում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ներառել «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» նախաձեռնության մեջ: Այս ծրագրում Հարավային Կովկասի ներգրավման մասին որոշումն ակնկալվում է հունիսին: Ընդունվել է նաեւ զեկույցին առնչվող մի առաջարկություն Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ, թե Եվրոպան չի կարող պահանջել, որ Հայաստանը փակի այդ ատոմակայանն առանց ապահովելու այնպիսի մեխանիզմներ, որոնք երկրին թույլ կտան ընտրել էներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Սակայն զեկույցի ամենախնդրահարույց դրույթները վերաբերում են Ղարաբաղի հարցին: Առաջարկների նախագծում նշված էր միայն տարածքային ամբողջականության սկզբունքը եւ անտեսված՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը: Փոխարենը պահանջ կար ապահովելու փոքրամասնությունների ինքնավարության իրավունքը: Զեկույցում նաեւ նշված էր, թե հայերն իրենց ուժերը պիտի դուրս բերեն ադրբեջանական շրջաններից եւ, մասնավորապես, որոշակի նշվում էին Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Կուբաթլիի եւ Աղդամի շրջանները: Պեր Գարթոնը նաեւ կարեւորել էր, որ թույլ տան «իրենց երկրի ներսում բռնի տեղահանված» ադրբեջանցի փախստականները վերադառնան «իրենց մշտական բնակության վայրերը»: Հաղորդելով այս տեղեկությունը՝ «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը երեկ հավելեց մեկնաբանություն. «Այսինքն՝ այն հարցերը, որոնց շուրջ տարիներով վիճել են Հայաստանն ու Ադրբեջանը, թե ինչպես պետք է լուծվեն՝ փուլ առ փուլ կամ փաթեթային ձեւով, այժմ միանշանակ ասվում է, թե Հայաստանը միակողմանի պետք է դուրս բերի իր ուժերը»: Հարցին ի պատասխան, թե մնացե՞լ է արդյոք այս ձեւակերպումը՝ հանձնախմբում քննարկմանը ներկա գտնված Թալի Թաշչյանը, որը Եվրոպայի հայերի ֆեդերացիայի խոսնակն է, «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է. «Այս հարցի շուրջ մենք կասկած ունենք, թե անցա՞վ կամ ոչ: Կասկածն այնքան մեծ է, որ նույնիսկ ներկա պատգամավորներից մի քանիսը բողոք հայտնեցին քվեարկությունից հետո»: Համենայն դեպս, հայտարարվել է, թե ընդունվել է նաեւ զեկույցի այդ դրույթը, թեեւ տիկին Թաշչյանը հույս է հայտնել, որ այս հարցում հնարավոր են փոփոխություններ: Ա. Ի.