«Կոռուպցիան աճել է վերջին 5 տարիների ընթացքում» Անհատները, ձեռներեցները եւ պաշտոնյաները պատասխանում են կոռուպցիայի մասին հարցերին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» տարածաշրջանային զարգացման կենտրոնի հայաստանյան մասնաճյուղը անց է կացրել հասարակական կարծիքի ուսումնասիրություն՝ «Հայաստանում կոռուպցիայի տարածվածության եւ դրսեւորման գնահատումը» թեմայով։ Հարցման են ենթարկվել 1000 անհատ, 200 ձեռներեց եւ 201 պետական պաշտոնյա։ Ըստ հետազոտության արդյունքների, հարցվողների բոլոր խմբերի ներկայացուցիչները կոռուպցիան Հայաստանում էական հիմնախնդիր են համարում։ Հարցմանը մասնակցած անհատների մոտ 67%-ի, ձեռներեցների 41%-ի եւ պետական պաշտոնյաների 54%-ի կարծիքով՝ կոռուպցիայի մակարդակն աճել է վերջին հինգ տարիների ընթացքում։ Մեծամասնությունը կոռուպցիան սահմանել է որպես կաշառակերություն եւ պաշտոնի չարաշահում։ Պետական պաշտոնյաներն այդ շարքին ավելացրել են տնտեսական մենաշնորհի եւ այլ արտոնությունների տրամադրումը եւ պետական միջոցների օգտագործումը սեփական շահերի համար։ «Ովքե՞ր են Հայաստանում կոռուպցիայի հիմնական նախաձեռնողները» հարցին անհատների 94,5%-ը, ձեռներեցների 97 %-ը եւ պետական պաշտոնյաների 92,53 %-ը կարծիք են հայտնել, որ պետական պաշտոնյաներն են։ Պետական հաստատություններում, կոռուպցիայի մակարդակի գնահատման դեպքում, բոլոր հարցվածները նշել են նախեւառաջ դատարաններն ու դատախազությունը, ապա՝ վարչապետի եւ նախագահի աշխատակազմերը, ԱԺ-ն եւ Երեւանի քաղաքապետարանը։ Ըստ հարցվածների, մաքսային եւ արտոնագրման ծառայություններին ու ոստիկանությանը ոչ պաշտոնական վճարի տեսքով տրված ամենամեծ գումարը եղել է 5000 ԱՄՆ դոլար։ Միեւնույն ժամանակ, պետական պաշտոնյաների 61,69%-ը չի կարծում, որ իրենց հաստատություններում կոռուպցիա կա, չնայած այս խմբի համարյա բոլոր հարցվողները պետական պաշտոնյաներին են նշել որպես Հայաստանում կոռուպցիայի նախաձեռնողներ։ Անհատների 1/3-ը նշել է, որ եթե կաշառք առաջարկեն իրենց՝ չեն վերցնի (ի դեպ, տղամարդիկ կանանց համեմատ ավելի հակված են կաշառք վերցնելու), ձեռներեցների՝ 15,5%-ը, մինչդեռ պետական պաշտոնյաների խմբում կաշառք «չվերցնողները» կազմել են 60%։ Անհատների 19,1%-ը կաշառք կտա առանց պարզաբանումների՝ եթե ստիպված լինի, 29,7 %-ը կփորձի բանակցել, իսկ 47,2%-ը «օգտակար կապեր» կորոնի։ Ձեռներեցների 20,5%-ը անմիջապես կաշառք կտա, իսկ պետական պաշտոնյաների՝ 41%-ը։ Հարցվողների բոլոր խմբերի կարծիքով, Հայաստանում կոռուպցիան կարելի է նվազեցնել նախ ուժեղացնելով օրենքի կիրառումը, ապա՝ վերահսկողության մեխանիզմների եւ պատժիչ միջոցների խստացումը։ Պետական պաշտոնյաները նաեւ առաջարկել են բարձրացնել աշխատավարձերը պետական ծառայության համակարգում եւ՝ իրազեկությունը։ Ի դեպ, հարցվողների մեծամասնությունը կարծիք է հայտնել, որ նախագահը կարող է վճռորոշ դեր խաղալ կոռուպցիայի նվազեցման գործում։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ