ՄԵՐԺՎԵՑԻՆ «ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ Եվրախորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի երեկվա նիստում քննարկվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցները: Ադրբեջանական պատվիրակությունը կարողացավ իր պարտավորությունների վերաբերյալ փաստաթղթերում դրույթներ մտցնել նաեւ Հայաստանի մասին: Ադրբեջանցի պատգամավորներն առաջարկել էին Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության արդյունավետության մասին զեկույցը լրացնել հետեւյալ դրույթով. «Խորհրդարանական վեհաժողովն ափսոսանք է հայտնում, որ առաջընթաց չի արձանագրվել Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու գործում, ինչը սկզբունքային արձանագրում էր ժամանակին Հայաստանին եւ Ադրբեջանին միաժամանակ Եվրոպայի խորհրդին միանալու հրավեր անելու համար»: Այս դրույթի դեմ ելույթ ունեցավ Արմեն Ռուստամյանը եւ հայտարարեց, թե պետք է ձեւակերպումից հանել Ադրբեջան եւ Հայաստան բառերը, այլապես խեղվում է ԼՂ հակամարտության կողմերի մասին պատկերացումը: Սակայն, քանի որ պրն Ռուստամյանի առաջարկը նախապես չէր քննարկվել հանձնաժողովում՝ փաստաթուղթը քվեարկության դրվեց վերոհիշյալ ձեւակերպմամբ եւ ընդունվեց: Իսկ Ադրբեջանի վերաբերյալ բանաձեւում մնաց «Ղարաբաղը եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներ ձեւակերպումը», որ դուրս եկավ Հայաստանի վերաբերյալ փաստաթղթից: Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցում էլ արձանագրում ներառվեց Հայաստանի մասին: Ժամանակին ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը փորձագետներ էր նշանակել ՀՀ-ում եւ Ադրբեջանում քաղբանտարկյալների գոյության խնդիրն ուսումնասիրելու համար: Սակայն Հայաստանում իբրեւ քաղբանտարկյալներ ներկայացվող Արկադի Վարդանյանի եւ Աշոտ Բլեյանի առնչությամբ պարզվել էր, թե առաջինն այլեւս կալանավորված չէ, իսկ երկրորդը չհամարվեց քաղբանտարկյալ: Այնուամենայնիվ, քանի որ փաստաթղթի սկզբնական վերնագիրը եղել էր Ադրբեջանի եւ ՀՀ-ի վերաբերյալ՝ երեկ ադրբեջանցիների առաջարկով այն մնաց ուժի մեջ: Դառնանք Հայաստանի վերաբերյալ զեկույցին: Երժի Յասկերնիան իր ելույթում նշեց, թե ընտրությունների ժամանակաշրջանում դրությունը երկրում շատ լարված էր, մտահոգիչ էին ձերբակալությունները։ Ի դեպ, Հարավային Կովկասում 2003-ին կայացած ընտրություններին երեկ անդրադարձավ նաեւ ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը՝ նշելով, թե դրանք մեծ հիասթափություն առաջացրին. «Ցավալի է, որ չպահպանեցին եվրոպական չափանիշները: Ինչ-որ բան փոխեցին Վրաստանի վերջին իրադարձությունները: Հուսով ենք, որ Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահները, որ մեր գործընկերներն էին ԵԽ-ում, կհետեւեն մեր չափանիշներին: Մենք հույս ունենք, որ Հայաստանն էլ կհետեւի մեր չափանիշներին»: Իր զեկույցի ընթացքում պրն Յասկերնիան նաեւ նշեց, թե այդպես էլ չի լուծվել սահմանադրական փոփոխությունների հարցը, հետաձգվում են հիմնական բարեփոխումները. «Հույս ունենք, որ կբարելավվի ու միջազգային չափանիշներին կհամապատասխանեցվի «Ընտրական օրենսգիրքը», ինչն ավելի թափանցիկ կդարձնի ընտրական գործընթացը։ Այս ամենը պետք է անել մինչեւ 2004-ի ավարտը»։ Անդրադարձ եղավ նաեւ նրան, որ «Եհովայի վկաները» չեն գրանցվում որպես կրոնական կազմակերպություն: Յասկերնիան նշեց, թե չեն կարող ավարտել դիտարկումը, քանի որ շատ հարցեր մնում են բաց՝ մասնավորապես խոսքի ազատության եւ «Ա1+»-ի մինչ օրս չլուծված հարցերը. «Անհրաժեշտ է լուծել այդ հարցերը»: Ինչ վերաբերում է ԼՂ խնդրին՝ զեկուցողն ասաց. «Երբ մենք Հայաստանին եւ Ադրբեջանին ընդունում էինք ԵԽ անդամ՝ հույս ունեինք, որ առաջընթաց կլինի»: Հայաստանի հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ լորդ Ռասսել Ջոնսթոնը եւ նշեց, թե պարտավորությունների կատարման հարցում կա առաջընթաց՝ վերացվել է մահապատիժը, ընդունվել «ԶԼ մասին» օրենքը, թեեւ հարց է՝ կաշխատի արդյո՞ք այն: Ռասել Ջոնսթոնը եւս նշեց, թե հիասթափված են Հայաստանում կայացած ընտրություններից՝ հատկապես շեշտելով խորհրդարանականը. «ԵԱՀԿ-ն էլ էր ասում, թե պետք էր ճնշում գործադրել Քոչարյանի վրա, ափսոս, որ նա չընդունեց»: Լորդը հիշեցրեց, թե ընտրությունների ժամանակ ձերբակալվել են խաղաղ երթերի մասնակիցներ՝ 217 հոգի: Ելույթ ունեցավ նաեւ Շավարշ Քոչարյանը եւ հայտարարեց, թե ժողովուրդը պատրաստ է արդար ընտրությունների, բայց խանգարում է գործող իշխանությունը. «Խնդրում եմ՝ օգնեք իմ երկրին դառնալ ժողովրդավարական: Երկիրն ունի այդ ներուժը»: Ադրբեջանցիները բազմաթիվ ելույթներ ունեցան մեր հարցի վերաբերյալ, կրկին արծարծեցին փախստականների հարցը։ «Օկուպացված է ոչ միայն Ղարաբաղը։ Հարակից 7 շրջաններից բացի՝ գրավված են նաեւ այլ շրջաններ, որոնք անգամ Ղարաբաղից հեռու են, նույնիսկ՝ Նախիջեւանը»,- հայտարարում էին Ադրբեջանի պատվիրակության անդամները։ Իսկ Հայաստանի պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը ադրբեջանցիներին կոչ արեց մարդկային ողբերգությունը չդարձնել քարոզչության առարկա. «Մենք էլ ունենք հարյուր հազարավոր փախստականներ, բայց մենք նրանց չենք պահում ճամբարներում եւ ցույց տալիս հյուրերին, չնայած ծանր վիճակում ենք եղել եւ՝ մնում։ Ղարաբաղում էլ են մարդիկ ապրում, նրանց կարծիքն էլ հաշվի առեք, խոսեք նրանց հետ։ Բոլոր հակամարտությունների ժամանակ խոսում են միայն կողմերի հետ, իսկ Լեռնային Ղարաբաղը լրիվ դուրս է մղված։ Այդ մարդկանց փորձել են ոչնչացնել, իսկ ինչո՞ւ չհասկանալ նրանց»։ Նշենք նաեւ, որ երեկ Հայաստանի ժամանակով կեսգիշերին մոտ սկսեցին քվեարկել փաստաթղթի նախագծում փոփոխությունների վերաբերյալ առաջարկները: Ամբողջությամբ մերժվեցին Շավարշ Քոչարյանի առաջարկները ե՛ւ վստահության հանրաքվեի, ե՛ւ մարդու իրավունքների պաշտպանի նշանակման, ե՛ւ ՀՌԱՀ-ի կազմավորման մասին՝ ստանալով 14 «կողմ», 27 «դեմ» ձայներ: «Ա1+»-ի թղթակից Ռուզան Ամիրջանյանը այս առնչությամբ Ստրասբուրգից հաղորդեց. «Դահլիճում մարդկանց թիվը ծիծաղելիորեն քիչ է»: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի եւ «Ա1+»-ի հաղորդումների՝ պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ