Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՍՈՐՈՍԻ ՄԻՋՈՑՈ՞Վ

Հունվար 28,2004 00:00

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՍՈՐՈՍԻ ՄԻՋՈՑՈ՞Վ Մեր ընդդիմությունը դրա մասին չի մտածում Օրերս «Ռեգնում» գործակալությունն անդրադարձել է Ջորջ Սորոսի եւ Վրաստանում տեղի ունեցած «վարդերի հեղափոխությանը»՝ եզրակացնելով, թե «դատելով ըստ ամենայնի, նա մտադիր չէ Վրաստանով սահմանափակվել» եւ, որ հաջորդ հեղափոխությունը արդեն «ձնծաղիկներ» անվամբ, նրա միջամտությամբ կարող է տեղի ունենալ Հայաստանում: Այս միտքը զարգացնելով «Ռեգնումի» վերլուծաբանը արձանագրում է, որ անցած տարվա ամռանը Ջ. Սորոսի միջոցների հաշվին Միխայիլ Սահակաշվիլին, Զուրաբ Ժվանիան եւ Գեորգի Բարամիձեն մեկնել էին Հարավսլավիա՝ Սլոբոդան Միլոշեւիչի տապալման փորձն ուսումնասիրելու համար: Ըստ «Ռեգնումի», նրանց հետ միասին Հարավսլավիա էին գործուղվել նաեւ հայաստանյան ընդդիմության որոշ ներկայացուցիչներ: Հայաստանյան մամուլում եղած հրապարակումները նկատի ունենալով, «Ռեգնումի» վերլուծաբանն ակնարկել էր, թե պատահական չէ, որ 2003-ի դեկտեմբերի կեսերից ընդդիմությունը սկսեց ակտիվորեն քարոզել ուժերի համատեղման՝ «Համագործակցություն՝ հանուն ժողովրդավարության» ծրագիրը: Տեղեկություններ են շրջանառվում այդ կառույցում Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ՝ ՀԺԿ-ի, նախկին վարչապետ Արամ Սարգսյանի գլխավորությամբ՝ «Հանրապետություն» կուսակցության, այլ կուսակցությունների, դաշինքների, ՀՀ կոմունիստական կուսակցության առանձին շրջանակների, ինչպես նաեւ՝ Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանության» ու Արամ Կարապետյանի «Նոր ժամանակի» միավորման մասին: «Ռեգնումը» սրան հավելել է նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովիկ Հովհաննիսյանի հիմնած նոր ընդդիմադիր կուսակցությունը՝ «Ազատական-առաջադիմական», որը հռչակել է Հայաստանի՝ դեպի ատլանտիզմ- ՆԱՏՕ կողմնորոշման մասին, չի մոռացել նույն համատեքստում մատնանշել նաեւ քաղաքական ակտիվություն դրսեւորող ՀՀՇ-ին: Գործակալությունն, ի դեպ, որպես այդ համագործակցության հնարավոր եւ արմատական տրամադրված առաջնորդներ, մատնանշել է Արամ Զ.Սարգսյանի, Արամ Կարապետյանի եւ նույնիսկ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունները: Վերլուծաբանի գնահատմամբ, պարզ է, որ «Հայաստանում գործում է ուրիշի ձեռքը եւ այդ իմաստով վրացական օրինակը շատ տպավորիչ է»: Ասվածի համատեքստում, ընդգծված է, թե «Արդարություն» դաշինքի ամերիկյան շտաբն էլ Հայաստանում ամերիկյան արտադրության «տրոյական ձի» է: Մենք դիմեցինք սույն հրապարակման մեջ մատնանշված քաղաքական գործիչներին՝ սույն վերլուծության առնչությամբ մեկնաբանություններ ստանալու խնդրանքով: «Համագործակցություն՝ հանուն ժողովրդավարության» նախաձեռնության հեղինակ Պարույր Հայրիկյան. «Ինչ վերաբերում է դրսից աջակցություն ստանալուն, ապա՝ իմ պարտքն եմ համարում հիշեցնել, որ հանուն Հայաստանի անկախության եւ ազատության, պայքար ես սկսել եմ 1974-ից, երբ Սորոսը դեռ ասպարեզում չկար: Ես հիմա փորձում եմ իրագործել այն, ինչ ուղիղ 30 տարի առաջ եմ նախաձեռնել՝ Հայաստանն ազատ տեսնել»: Հովհաննես Հովհաննիսյան. «Մեր ստեղծվելիք կուսակցությունը, որը դեռ կազմավորման փուլում է, ընդհանրապես որեւէ կապ չունի դրսի եւ մանավանդ՝ Սորոսի հետ, եւ մենք որեւէ հիմնադրամից ընդհանրապես չենք սնվում: Ինչ վերաբերում է ընդհանրապես իշխանություններ փոխելու հարցում դրսի աջակցությանը, ապա նման որեւէ միջամտություն վտանգավոր եմ համարում մեր երկրի համար անկախ նրանից՝ թե դա ում կողմից է»: Արամ Կարապետյան. «Ես խնդրում եմ. եթե գտնեք, թե ինչպես եւ որ հասցեով է Սորոսը մեզ փող տվել, ասեք՝ գնանք ստանանք: Իսկ ավելի լուրջ, ես կատեգորիկ վատ եմ վերաբերվում մեր երկրում դրսի որեւէ միջամտությանը, բայց, որ մեր երկրում իշխանափոխություն է լինելու՝ վստահ եմ»: Մենք փորձեցինք Ա.Կարապետյանից նաեւ ճշտել, թե՝ արդյոք նա Հարավսլավիա մեկնել է երկրի նախագահ տապալելու փորձի փոխանակման համար: «Այդ նպատակով Հարավսլավիա երբեք չեմ գնացել: Ինչի՞ պետք է գնայի այդքան հեռու, երբ ես Վրաստանում եմ եղել եւ տեսել եմ այն, ինչ այնտեղ կատարվեց»,- կեսկատակ-կեսլուրջ հայտարարեց Ա.Կարապետյանը: Հմայակ Հովհաննիսյան. «Ես կխնդրեի, որ Սորոսը աջակցեր իրականացնել մեր՝ «Քաղաքագետների միության» ծրագրերի իրագործմանը՝ ի տարբերություն այն պետության, որը զբաղված է տրամվայի գծերը հանելով եւ դրա փոխարեն «մարշրուտկայի գծեր» գցելով: Բայց ես տեղեկություններ չունեմ, թե նա նման ծրագրեր ունի, թեեւ, եթե կա մի մարդ, ով մտահոգ է մեր երկրում քաղաքական համակարգի կայանալով եւ պատրաստ է դրա համար ներդրումներ անել, անկախ իր ազգային պատկանելությունից, ապա՝ նա միայն հարգանքի է արժանի»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել