Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԻՐԱԿԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է

Հունվար 28,2004 00:00

Հանրապետության տիտղոսակիր ֆուտբոլային թիմերից մեկը՝ Գյումրիի
«Շիրակը» 2004 թվականի մրցաշրջանին սկսել է նախապատրաստվել այս տարվա հունվարի
7-ից։
Նախապատրաստական շրջանում շիրակցիները հիմնականում թեթեւ մարզումներ անցկացնելուց հետո կամաց-կամաց ավելացրել են մարզումների ծանրաբեռնվածությունը՝ հիմնականում մեծ ուշադրություն դարձնելով ֆիզիկական պատրաստականությունը բարելավելուն։ Թիմը մարզումներ է անցկացնում թե՛ քաղաքային ստադիոնում եւ թե՛ մարզադահլիճում։ Բայց եթե դահլիճում ֆուտբոլային միկրոհանդիպումներ են տեղի ունենում, ապա ստադիոնում «Շիրակի» ֆուտբոլիստները մարզվում են միայն կրոսավազքեր անցկացնելով։ Շաբաթվա տարբեր օրերին «Շիրակի» ֆուտբոլիստները մեկուկես ժամյա մարզումների ընթացքում վարժասարքերի վրա մեծ ծավալի աշխատանք են կատարում։ «Շիրակի» նախնական մարզումների ժամանակ թիմի հետ չէր գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանը՝ վատառողջ լինելու պատճառով։ Բայց ինչպես մենք տեղեկացանք հենց իրենից՝ արդեն ապաքինվել է, եւ «Շիրակի» անփոփոխ գլխավոր մարզիչը շուտով կմիանա իր թիմին։ Անդրանիկ Ադամյանի բացակայության պայմաններում «Շիրակի» մարզումները անցկացվում են ոչ պակաս փորձառու մարզիչ Ժորա Բարսեղյանի գլխավորությամբ։

Ինչպես միշտ, Գյումրիի թիմը հանրապետության առաջնության եւ գավաթի խաղարկության խաղերին նախապատրաստվում է հիմնականում տեղի ֆուտբոլիստներով։ Անցած տարվա համեմատ, հիմնական կազմը ոչ մի փոփոխություն չի կրել։ Ներկայումս նախապատրաստական մարզումներին, բացի «Շիրակի» ֆուտբոլիստներից, մասնակցում են նաեւ մի քանի երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք հանդես են եկել «Շիրակ-2»-ի կազմում, ընդհանուր առմամբ 27 ֆուտբոլիստ։ Թիմի հիմնական կազմի բոլոր ֆուտբոլիստներն էլ ներկա էին հերթական մարզմանը։ Ծրագրավորված են նախապատրաստական հավաքներ անցկացնել Գյումրիից դուրս, բայց թե որտեղ, ակումբի ղեկավարությունը դեռ չի որոշել։

ԽԱՉԻԿ ՉԱԽՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել