Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՈ՛ՒՐՍ ԵԿԵՔ ԳՐԱՎՅԱԼ ՇՐՋԱՆՆԵՐԻՑ»

Հունվար 28,2004 00:00

«ԴՈ՛ՒՐՍ ԵԿԵՔ ԳՐԱՎՅԱԼ ՇՐՋԱՆՆԵՐԻՑ»

Եվրախորհրդարանի արտաքին հարցերի, մարդու իրավունքների պաշտպանության
հանձնախմբում երեկ քննարկվեց եւ քվեարկվեց Պեր Գարթոնի զեկույցը Հարավային
Կովկասում Եվրամիության քաղաքականության վերաբերյալ: Փաստաթղթում դրույթ
կա, ըստ որի Եվրոհանձնաժողովին հորդոր է ուղղվում Հայաստանը, Ադրբեջանն ու
Վրաստանը ներառել «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» նախաձեռնության մեջ:
Այս ծրագրում Հարավային Կովկասի ներգրավման մասին որոշումն ակնկալվում է
հունիսին: Ընդունվել է նաեւ զեկույցին առնչվող մի առաջարկություն Մեծամորի
ատոմակայանի վերաբերյալ, թե Եվրոպան չի կարող պահանջել, որ Հայաստանը փակի
այդ ատոմակայանն առանց ապահովելու այնպիսի մեխանիզմներ, որոնք երկրին թույլ
կտան ընտրել էներգիայի այլընտրանքային աղբյուրներ:
Սակայն զեկույցի ամենախնդրահարույց դրույթները վերաբերում են Ղարաբաղի հարցին: Առաջարկների նախագծում նշված էր միայն տարածքային ամբողջականության սկզբունքը եւ անտեսված՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը: Փոխարենը պահանջ կար ապահովելու փոքրամասնությունների ինքնավարության իրավունքը: Զեկույցում նաեւ նշված էր, թե հայերն իրենց ուժերը պիտի դուրս բերեն ադրբեջանական շրջաններից եւ, մասնավորապես, որոշակի նշվում էին Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Կուբաթլիի եւ Աղդամի շրջանները: Պեր Գարթոնը նաեւ կարեւորել էր, որ թույլ տան «իրենց երկրի ներսում բռնի տեղահանված» ադրբեջանցի փախստականները վերադառնան «իրենց մշտական բնակության վայրերը»: Հաղորդելով այս տեղեկությունը՝ «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը երեկ հավելեց մեկնաբանություն. «Այսինքն՝ այն հարցերը, որոնց շուրջ տարիներով վիճել են Հայաստանն ու Ադրբեջանը, թե ինչպես պետք է լուծվեն՝ փուլ առ փուլ կամ փաթեթային ձեւով, այժմ միանշանակ ասվում է, թե Հայաստանը միակողմանի պետք է դուրս բերի իր ուժերը»: Հարցին ի պատասխան, թե մնացե՞լ է արդյոք այս ձեւակերպումը՝ հանձնախմբում քննարկմանը ներկա գտնված Թալի Թաշչյանը, որը Եվրոպայի հայերի ֆեդերացիայի խոսնակն է, «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է. «Այս հարցի շուրջ մենք կասկած ունենք, թե անցա՞վ կամ ոչ: Կասկածն այնքան մեծ է, որ նույնիսկ ներկա պատգամավորներից մի քանիսը բողոք հայտնեցին քվեարկությունից հետո»: Համենայն դեպս, հայտարարվել է, թե ընդունվել է նաեւ զեկույցի այդ դրույթը, թեեւ տիկին Թաշչյանը հույս է հայտնել, որ այս հարցում հնարավոր են փոփոխություններ:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել