Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ՝ ՎԱՂՎԱ ՀԱՄԱՐ

Հունվար 27,2004 00:00

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ՝ ՎԱՂՎԱ ՀԱՄԱՐ Շաբաթ օրը ՀՖՖ նախաձեռնությամբ մի խումբ մարզական լրագրողներ մեկնեցին Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազա՝ ծանոթանալու այնտեղ ուսումնամարզական հավաք անցկացնող մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականի առօրյային: Այնուհետեւ ծրագրված էր երկուշաբթի օրը մամուլի ասուլիս կազմակերպել ազգային հավաքականի եւ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Միհայ Ստոյկիցայի եւ հավաքականների տեխնիկական տնօրեն Աշոտ Մանուկյանի մասնակցությամբ: Նրանք մասնակցել էին Ամստերդամում կայացած ֆուտբոլի աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական մրցաշարի եվրոպական գոտու առաջին խմբի խաղացանկի քննարկմանն ու հաստատմանը եւ այնտեղից ժամանել Մոսկվա, ներկա եղել «Համագործակցության գավաթի» խաղարկությանը: Քանի որ մեր մարզական էջի պատասխանատուն անցած շաբաթ էր եղել Ծաղկաձորում, լուսաբանել ֆուտբոլիստների հավաքը, ու բացի դա, աշխատանքի բերումով բացակայում է Հայաստանից, ուստի նա նախապես հանդիպեց Աշոտ Մանուկյանին եւ զրուցեց Ամստերդամում հավաքականի ապագա խաղացանկի հաստատման մասին՝ ենթադրելով, որ հարցն անպայման կշոշափվի ասուլիսում: Պարոն Մանուկյանը պատմեց, որ ժամանել էին բոլոր յոթ թիմերի գլխավոր մարզիչները, ֆեդերացիաների պատասխանատու ներկայացուցիչները: – Խմբի ֆավորիտ համարվում են Չեխիան, Հոլանդիան եւ Ռումինիան: Հենց նրանց մեջ էլ ծավալվեց հիմնական բանավեճը: Նրանք խաղացանկի իրենց տարբերակները կազմել էին՝ հաշվի առնելով միայն սեփական շահերը: Առաջին երկուսի տարբերակին դեմ էր Ռումինիան, որը նույնպես հավակնում է խմբից դուրս գալուն: Ոչ ոք չէր ուզում զիջել: – Իսկ Հայաստանն ու մյուս երեք երկրնե՞րը: – Ռումինիան ապավինում էր մեր, Մակեդոնիայի եւ Անդորայի աջակցությանը: Ֆինլանդիան, որոշ չեզոքություն պահպանելով, այդուհանդերձ, ավելի շատ առաջին երկուսի կողմն էր: Ստացվել էր մի բարդ իրավիճակ: Այդպես շարունակվելու դեպքում մենք մյուս թիմերի հետ պատրաստվում էինք արգելափակել քննարկումը, որին կհետեւեր արդեն ՖԻՖԱ-ի միջամտությունը: Ի վերջո, հարցը փակուղուց դուրս բերեց Ստոյկիցան: Նա առաջարկեց, կապված միմյանց միջեւ հանդիպումների հետ, վիճակահանություն անցկացնել Չեխիայի, Հոլանդիայի եւ Ռումինիայի միջեւ: Ընդունվեց ու ամեն ինչ խաղաղվեց: Հաջորդ օրն, ինչպես ասում են, սկսվեց մեր աշխատանքը: Առանց լուրջ առճակատումների՝ ընդհանուր համաձայնության եկանք: Իհարկե, եղան խնդիրներ, որոնք, սակայն, լուծվեցին փոխզիջումներով: Վերջնական տարբերակին բոլոր մարզիչները տվեցին իրենց համաձայնությունը եւ խաղացանկը հաստատվեց բոլորիս ստորագրություններով: – Հիմա սկսվում է նախապատրաստության ամենապատասխանատու շրջանը, որի ընթացքում անչափ կարեւոր են ընկերական հանդիպումները: Այդ հարցում որեւէ հստակություն կա՞: – Ստացվեց այնպես, որ այս տարի ՖԻՖԱ-ի նշանակած ընկերական խաղերի օրերից երկուսի ժամանակ մենք պաշտոնական հանդիպումներ պետք է անցկացնենք: Բայց աշխատում ենք մյուս օրերն արդյունավետ օգտագործել: Մարտ – ապրիլ ամիսների համար դիմել ենք մի քանի ֆեդերացիաների: – Ո՞ւմ: Եվ ի՞նչ հեռանկար կա: – Մեզ հետ գարնանը խաղալու ցանկություն հայտնել է Ռումինիան: Առայժմ պարզ չէ՝ մարտի՞ն, թե՞ ապրիլին: Սպասում ենք նրանց վերջնական որոշմանը: Առաջարկ ունենք նաեւ Ռուսաստանից: Բայց նրանք ցանկանում են խաղալ տարեվերջին, երբ մեզ մոտ խաղացանկը խիստ ծանրաբեռնված է: Տեսնենք, թե ինչ կստացվի: Որեւէ կոնկրետ բան լինելու դեպքում անպայման կտեղեկացնենք: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել