Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհակալագիր ստացել են, գումարները՝ ոչ

Հունվար 27,2004 00:00

Շնորհակալագիր ստացել են, գումարները՝ ոչ Աղբ հավաքող ընկերությունը դժգոհ է Կենտրոն թաղապետարանից Սանմաքրման աշխատանքներ իրականացնող «Փարվանա-գրանիտ» ՍՊԸ-ն թաղապետարանի հետ պայմանագիր կնքելով, մեկուկես տարի աշխատել է Երեւանի Կենտրոն համայնքում։ Այսօր, սակայն, նախկին գործընկերները իրենց հարաբերությունները պարզում են դատարաններում։ «Փարվանա-գրանիտ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Անտոնյանից տեղեկացանք, որ թեեւ պայմանագիրը լրացել է 2003-ի ապրիլի 1-ին, ընկերությունը եւս 18 օր մաքրել է համայնքի բակերը, փողոցներն ու շենքերը. «Նախ քաղաքապետը խնդրեց, հետո իրենք այդ պահին դեռ նոր էին սանմաքրման տնտեսություն ստեղծում եւ ի վիճակի չէին։ Երեւանի կենտրոնը կթաղվեր կեղտի մեջ։ Բացի այդ, այդ օրերին էին քաղաքապետարանի հայտարարած սանմաքրման ու կանաչապատման միամսյակը եւ նախագահի երդման արարողությունը»։ Այս 18 օրվա ընթացքում, ըստ պրն Անտոնյանի, «ոչ գրավոր, ոչ բանավոր որեւէ առարկություն, դժգոհություն չի եղել»։ Սակայն, ինչպես տեղեկացնում է ընկերության տնօրենը, սանմաքրման սեփական ծառայություն ստեղծելուց հետո թաղապետարանը հրաժարվել է վճարել ոչ միայն նշված 18 օրվա, այլ նաեւ 2003-ի փետրվար-մարտ ամիսների գումարը, ընդհանուր՝ 63 մլն դրամ։ Ընկերությունը դիմել է տնտեսական դատարան, առայժմ պահանջելով միայն 53 մլն դրամ, եւ 8 ամիս տեւած քննության արդյունքում դատարանը ընկերության օգտին է վճիռ կայացրել։ Սակայն այդ 8 ամիսների ընթացքում «թաղապետարանի ներկայացուցիչները, բացի նախագահից, բոլոր իշխանավորների ու նրանց ազգականների անունները տվեցին՝ սա իմ քեռին է, սա իմ քավորն է, սա մեր կռիշն է, դատավորին կփոխենք։ Հետո առաջարկում էին հարցը լուծել գողական ռազբորկաներով ու հետաքրքրվում էին, թե մեր կողմից ով է վարելու ռազբորկան»,-ասում է պրն Անտոնյանը եւ անցնում քաղաքական ընդհանրացումների,- «Կառավարությունում կա մեկը, որ հովանավորում է սրանց։ Թող աչքերը բացի եւ տեսնի, որ այս այլանդակություններն իր անունով են արվում։ Թող նախագահն էլ տեսնի, թե ներքին օղակներում ինչ է կատարվում։ Ես ի՞նչ անեմ, որ իմ եղբայրը գողական աշխարհից չի։ Աշխատատեղեր ստեղծելու մասին են խոսում։ Եթե մի երկու փողկապ կապած ջահելի գրպանը յուղոտելու համար պետք է մի ողջ տնտեսություն քայքայեն, եթե կա դատավոր, որ խղճի փոխարեն հեռախոսազանգով է առաջնորդվելու՝ հալալ լինի։ Բայց այսպես ո՞ւր ենք գնալու»։ Սամվել Անտոնյանը տեղեկացրեց նաեւ՝ «կանաչապատման միամսյակի համար քաղաքապետարանից շնորհակալագիր ենք ստացել, իսկ 18 օրվա համար՝ քաղաքապետը հատուկ շնորհակալություն է հայտնել մեզ»։ Տնտեսական դատարանի վճիռը թաղապետարանը բողոքարկել է վճռաբեկ դատարան։ Կենտրոնի թաղապետարանը համաձայն չէ ներկայացված մեղադրանքներին, տեղեկացանք թաղապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանից. «Մենք մեր պայմանագրային պարտավորությունները կատարել ենք, համաձայն չենք դատարանի վճռի հետ, ուստի՝ բողոքարկել ենք»։ Իսկ կռիշաների, ռազբորկաների եւ այլնի մասին մեր հարցերին պրն Առաքելյանը հակիրճ պատասխան տվեց. «Նման հայտարարությունները համարում ենք անլուրջ»։ ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել