ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՎՃՌԱԿԱՆ ՉԷ Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյին տրամադրված կառույցն անօրինական է: Եզնիկ Կողբացի 22 հասցեով այս շենքը նախկինում սեւ քարից, գեղեցիկ, հին տուն էր, որին վերջերս ավելացել է դեղին աղյուսից կցակառույցը եւ սպիտակ քարից կես հարկ: Մասնագիտական լեզվով դա կոչվում է «ձեւափոխություն»: Իսկ այս ձեւափոխության հեղինակը, տերն ու «ճարտարապետը», մեր աղբյուրների տրամադրած տեղեկություններով, Իտալիայի քաղաքացի Անտոնիո Մոնտալտոն է: Սենյոր Մոնտալտոն, պարզվում է, նաեւ Իտալիայի պատվավոր հյուպատոսն է Գյումրիում: Սենյորը, ինչպես եւ ցանկացած մեկը, դժվարությամբ կպատկերացնի նման տեսարան կամ «ձեւափոխություն», ասենք, Հռոմում, այն էլ կենտրոնական հրապարակից մի 300 մետր շառավղում: Պատվավոր հյուպատոսի այս «միջպետական» նշանակության առաքելության համար ոգեւորիչ օրինակներ են ծառայել թերեւս նույն փողոցի մյուս անճոռնի կամ կիսաքանդ կառույցները՝ հնարավոր է, սենյոր Մոնտալտոն որոշել է տեղավորվել նույն «էսթետիկայի» սահմաններում: Մեր ունեցած տվյալներով, այս պահի դրությամբ, Եզնիկ Կողբացի 22 հասցեով նշյալ կառույցն ապօրինի է: Այլ կերպ ասած, օրինականացված չէ՝ այդպես են մեծ մասամբ չինովնիկները վարվում «տանիքավոր» ինքնակամ կառույցների դեպքում: Ապօրինի կառույցը, փաստորեն, չի էլ քանդվում, չնայած ապօրինի կառույցների դեմ քաղաքապետ Երվանդ Զախարյանի հայտարարած պայքարին: Հիշեցնենք, խոսք է գնում մայրաքաղաքի կենտրոնում գտնվող կառույցի մասին, որն ուղղակի չէր կարող աննկատ մնալ՝ իր տեղի, դիրքի պատճառով եւ դրանց նկատմամբ անթիվ հավակնությունների բերումով: Երեկ Երեւանի քաղաքապետարանից չհաջողվեց սրա վերաբերյալ պարզաբանում ստանալ: Այնուամենայնիվ, մեր աղբյուրներից պարզեցինք, որ խնդիրը քաղաքապետի ուշադրությանն է արժանացել դեռեւս 2003թ. նոյեմբերի 18-ին: Իր այդ օրվա որոշմամբ պարոն Զախարյանը նախ հաստատում է կառույցի ինքնակամ լինելու հանգամանքը, այնուհետեւ պարոն Մոնտալտոյին առաջարկում «տարածքը բերել նախկին տեսքի»: Մեկ այլ կետով քաղաքապետը Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությանը հանձնարարել է «Ե. Կողբացու փողոցի թիվ 22 հասցեում ինքնակամ իրականացված ձեւափոխությունները մեկամսյա ժամկետում չքանդելու դեպքում իրականացնել քանդման աշխատանքներ, հետագայում Ա. Մոնտալտոյից գանձելով քանդման հետ կապված ծախսերը»: Միաժամանակ իրավաբանական վարչությանը հանձնարարվել է հիշյալ երկու կետերը չկատարելու դեպքում «հարցը լուծել դատական կարգով»: Սահմանվել են նաեւ որոշման կատարման կազմակերպողները, պատասխանատուները եւ հսկողություն իրականացնողները: Մի խոսքով, տեղը տեղին որոշում է կայացվել, մեկամսյա ժամկետն էլ վաղուց սպառվել է, սակայն երեկ կեսօրի դրությամբ թիվ 22-ը դեռեւս «ձեւափոխված» էր: Այստեղ ուղղակի հնարավոր չէ զուգահեռներ չանցկացնել: Օրինակ, Իսակովի պողոտային հարող տարածքը, որտեղ իտալական «Ռենկո Արմէստեյտ» ընկերությանը «դիվանագիտական նպատակներով» (մեջբերում որոշումից) 30 հեկտար տարածք էր տրամադրվել, եւ որտեղի՝ քաղաքապետարանի բնորոշմամբ, ինքնակամ կառույցները նույն գերատեսչությունը «տրակտորել» էր օպերատիվ կերպով: Ընդ որում, շահագրգիռ այլ գերատեսչություններ որոշմանը համաձայնություն չէին տվել: Այս մասին գրել է «Առավոտը»: Այսինքն, այն դեպքում քաղաքապետարանը չափից դուրս վճռական էր, իսկ Եզնիկ Կողբացի 22-ի պարագայում (ինչ-որ չափով հակառակ հանգամանքներում)՝ չափազանց կրավորական: Ինչ առնչություններ ունեք հիշյալ անձնավորության հետ մեր հարցին՝ Իտալիայի դեսպանությունը պատասխանեց. «Մեր միջեւ այնպիսի հարաբերություններ են, ինչպիսիք կարող են լինել Իտալիայի դեսպանության եւ Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոսի միջեւ: Այսինքն, ինստիտուցիոնալ հարաբերություններ: Ինչ վերաբերում է կառույցին եւ Իտալիայի քաղաքացի Ա. Մոնտալտոյին, ապա դեսպանատունը որեւէ առնչություն չունի եւ չի կարող ունենալ»: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ