Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂ: ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈ՞ՒՄ Է

Հունվար 27,2004 00:00

ՂԱՐԱԲԱՂ: ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈ՞ՒՄ Է Եվրոպական երկու կառույցներում այսօր քննարկվելու են Ղարաբաղի խնդրի վերաբերյալ փաստաթղթեր, որոնցից յուրաքանչյուրում կան Հայաստանի համար մեկը մյուսից աննպաստ ձեւակերպումներ: Եւրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում այսօր կքննարկվի Հայաստանի կողմից Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որում նշվում է, թե վերջին շրջանում «զգալի առաջընթաց չի դիտվել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքների ազատման հարցում»: Իսկ Բրյուսելում այսօր ընթանալու են Հարավային Կովկասի հարցերի շուրջ Եվրամիության լսումներ, որտեղ քննարկվելու է Եվրախորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ Պեր Գարթոնի Հարավային Կովկասի վերաբերյալ զեկույցին առնչվող առաջարկությունների նախագիծը: Գարթոնի զեկույցում, մասնավորապես, նշվում է, թե ղարաբաղյան հարցի վերջնական լուծումը հնարավոր է միայն «իրենց երկրի ներսում բռնի տեղահանված ադրբեջանցիների՝ իրենց մշտական բնակության վայրեր վերադարձի» դեպքում: Փաստաթղթում նաեւ նշվում է, թե «Հայաստանը վերահսկում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ նրան հարող տարածքները, որտեղից հազարավոր ադրբեջանցիներ բռնի տեղահանվել են»: Մինչդեռ մեր պաշտոնական քարոզչությունը տարիներ շարունակ շեփորահարում է, թե միջազգային կառույցները վաղուց հոգնել են ադրբեջանական պատվիրակությունների՝ «գրավյալ տարածքների» եւ իրենց փախստականների մասին բողոքներից ու անթաքույց ձանձրույթով են լսում նման ելույթները: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը համաձայնեց մեր այն դիտարկմանը, թե նման փաստաթղթերի ի հայտ գալը վկայում է, որ այդ ելույթները ոչ միայն ուշադրությամբ են լսվել, այլեւ դրանցից եզրահանգումներ են արվել, որոնք տեղ են գտել փաստաթղթերում. «Ադրբեջանցիներն իրոք անընդհատ շատ պրիմիտիվ եւ ուղղամիտ նույնն են պնդում, եւ կարող է մարդիկ իրոք հոգնում են դրանից, սակայն ուղեղների մեջ տպավորվում է այն տեսակետը, որն ամենուրեք հրամցվում է: Իսկ Հայաստանը միայն ասում է, թե մենք պատրաստ ենք փոխզիջումների: Այսինքն՝ մի կողմից կա հստակ դիրքորոշում, իսկ մյուս կողմից՝ միայն նահանջելու պատրաստակամություն: Իհարկե, մեզ համար շատ անընդունելի ձեւակերպումներ կան նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերում եւ միջազգային այլ փաստաթղթերում, բայց «Ղարաբաղը եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներ» արտահայտությունն ամենախայտառակն է»: Հետաքրքրվեցինք, թե համաձա՞յն է արդյոք արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե ԵԽԽՎ զեկույցում նման ձեւակերպումների ներառումը «խորհրդարանական, այլ ոչ թե դիվանագիտական գործընթաց է, եւ դիվանագիտական բացթողումների մասին խոսք լինել չի կարող»: Ի դեպ, այս հայտարարության առնչությամբ տարակուսանք էր հայտնել իշխող կոալիցիայի անդամը՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Ընդդիմության ներկայացուցիչը նույնպես չհամաձայնեց ԱԳ նախարարի գնահատականին. «Դա մեր ընդհանուր դիվանագիտության պարտությունն է, որի մի հատվածը կազմում է նաեւ խորհրդարանականը: Չկա հստակ դիրքորոշում, թե ինչ է ցանկանում Հայաստանը: Մենք չունենք նույնիսկ «գրավյալ տարածքներ» արտահայտության փոխարինողը: Եվ պատահական չէ, որ ինքը՝ Օսկանյանն էլ հեռուստատեսությամբ օգտագործեց «օկուպացված» ձեւակերպումը»: Մեր դիվանագիտությունը գնահատելով իբրեւ «սխալ ուղղված»՝ Շավարշ Քոչարյանը նաեւ նշեց, թե որոնք են այդ սխալի «մեխերը». «Ընդհանրապես դուրս է մղվել այն հասկացությունը, թե Ղարաբաղն ինքնորոշվող սուբյեկտ է: Դա երեւի կանխատեսելի էր այն պահից, երբ ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձավ նաեւ ՀՀ նախագահ, սկսեց վարել բանակցությունները եւ նույնացրեց երկու սուբյեկտներին: Չի կարելի անտեսել նաեւ անցած ընտրությունների հանգամանքը: 1996-ի ընտրություններից հետո ստացանք Լիսաբոնը (անգամ ՀՀԿ խմբակցության պատգամավորներն են այժմ հրապարակավ նշում, թե Ղարաբաղը «գրավյալ տարածք» անվանելն ավելի վատթար է, քան այն, ինչ եղավ Լիսաբոնում.- Ա. Ի.): Չհամեմատենք՝ խնդիրն այլ ոլորտի է վերաբերում: Իշխանության 1996-ի բռնազավթումից եւ տանկերից հետո եղավ Լիսաբոնի շատ կոշտ մոտեցումը, որը վետո դնելով էլ հնարավոր չեղավ փոխել: Իսկ սրանք առաջին ծիծեռնակներն են այդ նույն դիրքորոշման կոշտացման՝ 2003-ի ընտրություններից հետո»: Իսկ գուցե ընտրությունների վերաբերյալ միջազգային կառույցների փոքր-ինչ մեղմացած գնահատականների պատճառն այն է, որ մոտենում է այն պահը, երբ Հայաստանից ու Ադրբեջանից կպահանջեն ի վերջո կարգավորել այս ձգձգված հակամարտությունը: Եվ զիջումների պատրաստակամության դիմաց՝ ստորադասվել ու առժամանակ ետին պլան են մղվել մեր ժողովրդավարական հաստատությունների վիճակի գնահատականները: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել