Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարդերի անձրեւի տակ

Հունվար 27,2004 00:00

Վրաստանի
նոր նախագահի հետ մարդիկ որոշ հույսեր են կապում
Վրաստանի նորընծա նախագահ Միխայիլ Սահակաշվիլու ինագուրացիայի արարողության համար ընտրված վայրը՝ «վարդերի հեղափոխության» օրրան Պառլամենտի աստիճանները, կարող էր ապահովել թերեւս ամենամեծ «կենդանի» լսարանը: Սակայն հենց նույն պատճառով միջոցառումը տեսանելի էր միայն ամենակենտրոնում կանգնածներին, լրագրողներին, ծառերին բարձրացած երեխաներին եւ մոտակա շենքերի պատուհաններից նայողներին: Մյուսների համար երդման արարողությունը միայն «լսելի էր»: Ժողովուրդը տեսավ նաեւ երկնքում կատարվողը՝ մի քանի կործանիչների թռիչքը եւ՝ հատկապես, արարողության ժամանակ ուղղաթիռներից հեղափոխության խորհրդանիշ՝ վարդեր թափելը:

Անմիջապես ինագուրացիայից հետո, երբ Զինվորական շքերթից Սահակաշվիլին մտավ ժողովրդի մեջ, բարձր երաժշտություն հնչեց եւ Պառլամենտի աջ կողմում վեր բարձրացան «Սահակաշվիլին մեր նախագահն է» քրդերեն ցուցանակները: Քրդերը ուրախ պարում էին՝ 1945-ի Հաղթանակի օրվա նման: Նրանց օրինակին առանձնապես ոչ ոք չհետեւեց: Մինչեւ ուշ երեկո Ռուսթավելի պողոտան փակ էր սովորական ավտոմեքենաների համար, քանի որ այդ փողոցի վրա են բոլոր այն վայրերը, որտեղ անցկացվում էին միջոցառումները բարձրաստիճան հյուրերի համար՝ քաղաքապետարանը, Օպերայի եւ բալետի թատրոնը, «Թբիլիսի Մարիոթ» հյուրանոցը:

Նախօրեին տեղի թե՛ վրացի, թե՛ հայ բնակիչների հետ զրույցից եւ ընդհանուր տրամադրվածությունից պարզ դարձավ, որ Մ.Սահակաշվիլուն շատերն են սիրում եւ նրա հետ մեծ հույսեր են կապում: Անգամ սկսել են նկատել, որ այս կարճ ժամանակում որոշ բաներ դրականորեն փոխվել են: Մարդիկ ասում են, որ հիմա ավելի շատ է կարգ ու կանոնը փողոցներում, ժողովուրդն օրինապաշտ է դառնում, եւ իրեն առավել պաշտպանված է զգում:

Իսկ նրանք, որ առանձնապես հիացած չեն երիտասարդ նախագահով, ասում են, որ նա էությամբ դիկտատոր է, եւ որ դա շատ շուտ կերեւա: Բայց անգամ այդ մարդիկ Սահակաշվիլու կնոջ մասին ջերմությամբ են խոսում: Ասում են, որ վերջինս շատ բարի է, շատ պատրաստակամ՝ օգնելու մարդկանց: Երեկ հեռուստաընկերությունները ցուցադրում էին Սահակաշվիլու հոլանդացի կնոջ ծնողներին, որոնք Թբիլիսի էին եկել մասնակցելու երդումնակալությանը: Նրանք Պառլամենտից դեպի օպերայի շենք էին քայլում առանց թիկնապահների: Մայրն ասաց, որ փեսայի երդման պահին իր սիրտը խփում էր: Պատմում էին, որ երբեք չեն մտածել, որ այդպիսի բան տեղի կունենա:

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Թբիլիսի
Հ. Գ. Երեկ Սահակաշվիլու հրամանով ազատ են արձակվել Զվիադ
Գամսախուրդիայի կողմնակիցներից 30 քաղբանտարկյալներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել