Սթրեսը գնահատվում է $34 հազար, իսկ ոտքերը՝ $14 հազար
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվում էր ընդդեմ Էդիկ Պետրոսյանի՝ Վահագն Սարգսյանի հայցի քննությունը։ Վերջինս Է. Պետրոսյանից պահանջում է, մասնավորապես, $34 հազար՝ իր կնոջն ու երեխային սթրեսի ենթարկելու համար։ Հենց այդ գումարով են Լուսինե Շահբազյանը եւ 1,5-ամյա Սինդի Սարգսյանը պատրաստվում բուժվել սթրեսից Կիպրոսում՝ իրենց ընտանեկան բժշկի մոտ։
«Առավոտն» արդեն գրել է այդ վթարի մասին, որ տեղի է ունեցել Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում. 2002 թվականի մարտի 16-ին Լ. Շահբազյանը իր «Ֆոլքսվագենը» եւ Է. Պետրոսյանի «Հոնդա» մոտոցիկլետը հայտնվել են վթարային իրավիճակում, որի հետեւանքով Է. Պետրոսյանը ծանր մարմնական վնասվածք է ստացել։ Է. Պետրոսյանը դիմել է արդարադատությանը՝ քրեական գործ հարուցելու եւ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզաբանելու։ Սակայն դատական երեք ատյանները մերժել են հայցը՝ հանցակազմի բացակայության փաստարկով։ Բազմաթիվ բողոքներից հետո, քաղաքի դատախազության ցուցումով, վերացվել է մերժման որոշումը, քանի որ նախորդ հետաքննության նյութերով չեն պարզվել Է. Պետրոսյանի ձախ ոտքի կոտրվածքի, անդրավարտիքի վրա եղած անվադողի հետքերի առաջացման պատճառները եւ ցուցում է տրվել նշանակելու դատաբժշկական-ավտոտեխնիկական եւ դատահետքաբանական համալիր փորձաքննություն։ Գործը կրկին հայտնվել է Արաբկիր-Զեյթուն համայնքների դատախազի օգնական Ա. Ավետիսյանի մոտ, որը նախկինում արդեն հիմնավորել էր, որ քրեական գործ հարուցելու համար հանցակազմ չկա, քանի որ Լ. Շահբազյանի վարած «Ֆոլքսվագեն» մեքենան գտնվել է ստատիկ (կանգնած) վիճակում եւ վրաանցում չի կատարել Է. Պետրոսյանի ոտքերի վրայով։ Սակայն երկրորդ անգամ նշանակված համալիր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Ֆոլքսվագենը» «դինամիկ վիճակում» էր եւ անցել էր Է. Պետրոսյանի երկու ոտքերի վրայով՝ վնասելով դրանք։ Այժմ անհրաժեշտ են ավտոմեքենայի անվադողի եւ Է. Պետրոսյանի ձախ վերջույթի փոխազդեցության ընթացքում ավտոմեքենայի դինամիկ վիճակը բնութագրող ելակետային տվյալներ, որոնք պրն Ավետիսյանի կողմից չեն տրվում։ Այս նյութերը դեռ գտնվում են քննության մեջ, սակայն այդ ընթացքում դատարան է դիմում Լ. Շահբազյանի ամուսինը, որը գտնում է, որ այդ վթարի ժամանակ իր կինն ու երեխան սթրեսի են ենթարկվել, հետեւաբար բուժվելու համար պետք է $34 հազար։
Մինչդեռ Է. Պետրոսյանը համարում է, որ իրեն պատճառվել է ծանր մարմնական վնասվածք, որը բուժելու համար նա արդեն ծախսել է $8 հազար եւ դեռ $6 հազար էլ պետք է ծախսի։ Նա եւս $34 հազար պահանջեց՝ ցանկանալով նույնպես բուժվել Կիպրոսում՝ Սարգսյանների ընտանեկան բժշկի մոտ։ Ներկայացված ընդհանուր հայցը կազմեց 48 հազար դոլար։
Երեկվա դատաքննության ընթացքում որոշվեց նիստը ընդմիջել երեք օրով։ Այն կշարունակվի հունվարի 30-ին։
ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ