Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շինարարները «մոլորվել» են

Հունվար 27,2004 00:00

«Առավոտն» արդեն անդրադարձել է Գյումրիում «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերանորոգված ու կառուցված մի շարք շենքերի շինարարների աշխատավարձերը ամիսներ շարունակ չվճարելու խնդրին։

«Խաբված» շինարարների անընդմեջ բողոքի ակցիաներին ի պատասխան՝ նախագահի Գյումրի ուղարկած բնակբաշխմանը աջակցող հանձնաժողովը ստիպված եղավ միջամտել նաեւ այս խնդրին։ Հանձնաժողովի նախագահ Խաչատուր Վարդանյանը «Առավոտին» հայտնեց, որ հարցն ամբողջապես լուծված է։ «Լինսի» հիմնադրամը երաշխիքային գումարի 3%-ը փոխանցել է շինկազմակերպություններին՝ աշխատավարձերի պարտքերը վճարելու հատուկ նպատակով։ «Լինսի» հիմնադրամը, որպես կանոն, շինարարների աշխատավարձի 5%-ը պահում է իբրեւ երաշխիքային գումար՝ հետագայում առաջ եկած թերությունները հարթելու համար։

Սակայն «Ռոսստրոյ» ՓԲԸ-ի ղեկավարության ներքո աշխատած շինարարները տեղեկացնում են, որ պրն Վարդանյանի հանձնաժողովի միջամտությունից հետո էլ իրենց աշխատավարձերը լրիվ չեն վճարել։ Ինչպես հայտնի է, այս շինկազմակերպությունը շինարարներին 4 ամիս շարունակ ֆիզիկական ծանր աշխատանքի դիմաց չէր վճարել, իսկ հուլիս, օգոստոս ամիսներին վճարումները կատարել էր մասնակիորեն։ Ներկա պահին, մասնավորապես Տերյան 1 եւ Ղանդիլյան 3ա շենքերի շինարարներից շատերի դժգոհությամբ, աշխատավարձերը դարձյալ վճարվել են մասնակիորեն՝ «կիսատ-պռատ»։ Շատերն էլ, որոնք վճարման պահին ներկա չեն եղել, զրկվել են իրենց հասանելիք գումարից։ Խնդիրը պարզաբանելու խնդրանքով դարձյալ դիմեցինք «Լինսի» հիմնադրամի գլխավոր մասնագետ Ալբերտ Գարեգինյանին։ Վերջինս շեշտեց, որ թեեւ սա իրենց խնդիրը չէր, որովհետեւ իրենք ճիշտ ժամանակին կատարել էին փոխանցումները, սակայն չեն կարողացել անտարբեր մնալ շինարարների ծանր վիճակին։ Հատկապես, երբ դիմացը ամանորի տոներն էին։ «Լինսի» գրասենյակի մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 5%-ից 2-ը լիարժեք բավարար է որպես երաշխիքային գումար։ Իսկ ինչո՞ւ շինարարներին գումարը հավասարաչափ չի բաշխվել հարցին, Ալբերտ Գարեգինյանը պատասխանեց, որ իրենց հասնում էր միայն փոխանցելը. դա շինկազմակերպության ներքին խնդիրն է եւ այստեղ իրենք «ասելիք կամ անելիք» չունեն։ «Լինսի» գրասենյակի գլխավոր մասնագետը նաեւ տեղեկացրեց՝ իրենք խստորեն հետեւել են, որ շինկազմակերպությունները փոխանցված 3%-ով աշխատավարձերի պարտքերը փակեն, ոչ թե շինանյութերի ու այլ կազմակերպություններին ունեցած պարտքերը։ Ալբերտ Գարեգինյանը նշեց, որ փոխանցված են «Թալինջրշին», «Կոնվինվեստ» եւ «Ռոսստրոյ» ԲԲԸ-ների ենթակայության տակ աշխատած շինարարների հասանելիք գումարը։ Իսկ «կոպեկի երես չտեսած» շինարարները մոլորվել են, չգիտեն հիմա ո՞ւմ դիմեն, աշխատավարձերն ումի՞ց պահանջեն…

ԼԵՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել