Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՇԿԱՆԵՐԸ ԿԶՈՀԱԲԵՐՎԵՆ»

Հունվար 27,2004 00:00

Արա Սահակյանն անսպասելի կանխատեսում է անում՝ ԱԺ արտահերթ ընտրությունների հնարավորության մասին

«Արմատ» կենտրոնի անդամ Արա Սահակյանի տեղեկություններով, հանրապետությունում խմորվում են Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ։ Մեզ հետ զրույցում պրն Սահակյանն այդ տեղեկությունն այսպես հիմնավորեց. «Դա միջոց է՝ լարվածությունը կամ ներիշխանական ճգնաժամը հաղթահարել մասնակի լուծումներով»։ Ըստ մեր զրուցակցի, իշխանությունը կամրապնդի իր դիրքը՝ «զոհաբերելով խորհրդարանում հայտնված «պեշկաներին», որոնք իրենց հիմնական գործառույթը կատարել են դեռ անցած տարվա փետրվար-մարտ ամիսներին՝ ընտրախախտումներ ապահովելով»։ Ա. Սահակյանը գտնում է, որ այդպիսով իշխանությունները նաեւ արտաքին աշխարհի «աչքին թոզ կփչեն»՝ այս անգամ ընդդիմադիրների առավել մեծաթիվ բանակի մուտքը խորհրդարան ապահովելով։

Մեր հարցին՝ «Արդյո՞ք, իշխանական կուլիսներում նման տրամադրություններ կան», հանրապետական Գալուստ Սահակյանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ, դա ավելի շատ ցանկություն է, քան իրողություն»։ «Արդարությունը» ներկայացնող Վարդան Մկրտչյանը հարցն այլ համատեքստում է դիտարկում։ Ըստ նրա, այսօր հանրապետության միակ լուրջ խնդիրը վստահության հանրաքվեն է՝ «իշխանությունները կուզեին հասարակության ուշադրությունը շեղել, բայց չի հաջողվի»,- իր վստահությունը փոխանցեց Վ. Մկրտչյանը։

Ինչպես հայտնի է, համաձայն գործող Սահմանադրության, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարց կարող է ծագել նաեւ՝ խորհրդարանի երկարամյա անգործության արդյունքում։ Ըստ Վ. Մկրտչյանի, եթե անգամ միտումնավոր նման իրավիճակ ստեղծեն եւ հարցն առաջ քաշեն, միեւնույն է՝ զուտ ժամանակային առումով չեն կարող խոչընդոտել վստահության հանրաքվեին։ Հիշեցնենք, որ ՍԴ որոշմամբ այդ գործընթացը պետք է մինչեւ ապրիլի 16-ը իրականացվի։

«Հանուն ժողովրդավարության» նախաձեռնության հեղինակ Պարույր Հայրիկյանն այն կարծիքին է, որ իշխանություններն՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններով աներեւույթ գոյություն չունեցող լարվածությունը մեղմել չեն կարող։ Միաժամանակ չբացառելով այդ հնարավորությունը, ավելին, ժողովրդավարության տեսանկյունից նաեւ արտահերթ նախագահական ընտրությունները կենսական համարելով՝ Պ. Հայրիկյանը խոստովանեց, որ իշխանություններն իրենց հանդեպ եղած քննադատության վերաբերյալ անհանգստություն չեն ցուցաբերում։ Իսկ Ա. Սահակյանի կանխատեսումները որակեց՝ «առողջ լավատեսություն՝ միտված ժողովրդավարության կայացմանը»։ Պրն Հայրիկյանը նշեց նաեւ, որ ինքը միշտ հավատացել է՝ «գրագետ մարդկանց մեկ հայտարարի գալու գաղափարին»։

Ի դեպ, Արա Սահակյանն անդրադարձավ նաեւ «Առավոտի» նախորդ համարում ՀՅԴ Գմ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի կարծիքին այն մասին, որ մեր հասարակության հիշողության մեջ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հավիտենական խարան ունի։

«Ավերապահորեն համաձայն եմ Վ.Հովհաննիսյանի հետ: Լ. Տեր-Պետրոսյանն ունի անջնջելի խարան. նրա իշխանության տարիներին Հայաստանում վերականգնվել է պետական անկախությունը, ժողովուրդը ստացել է իրական ազատություն եւ Հայաստանը ավելացրել է իր հողային տարածքները: Դաշնակների եւ կոմունիստների տիրապետության ժամանակ եղել է դրա հակառակը: Հենց դա է, որ Վ.Հովհաննիսյանն իր կուսակցության եւ կոմունիստների անունից չի կարողանում ներել Լ.Տեր-Պետրոսյանին եւ ՀՀՇ-ին: Բայց մենք նրանց մխիթարող որեւէ բան չենք գտնում. անկախությունը, ազատությունն ու գրավված տարածքներն անբեկանելի իրողություններ են»,- նկատեց ԱԺ նախկին փոխնախագահ Ա.Սահակյանը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել