ԲԼԵՅԱՆԻ ԴՊՐՈՑԻ ՏԱՆԻՔ-2 Այս անգամ խոսքը Վ. Սարգսյանի անվան մարզադաշտի տանիքի մասին է: Իսկ ամբաստանյալի աթոռին է Սուրեն Աբրահամյանի եղբայրը: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Մնացական Մինասյանի նախագահությամբ երեկ սկսվեց դատաքննություն, որտեղ ամբաստանյալի աթոռին հայտնվել է նախկին քաղաքապետ եւ ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Սուրեն Աբրահամյանի եղբայրը՝ Էդիկ Աբրահամյանը: Նա ամբաստանվում է ՀՀ Քր. օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «առանձնապես խոշոր չափերի հափշտակություն»: Իսկ գործի էությունը հետեւյալն է: 1999 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան եւ մոսկովյան «Առեքս X» ՍՊԸ-ն պայմանագիր են կնքել Վ.Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի ծածկի վերանորոգման համար 160.000 ԱՄՆ դոլար արժողությամբ ցինկապատ թիթեղներ ձեռքբերելու մասին: Գումարը վճարվել է, սակայն առաքվել է ընդամենը 79.820 ԱՄՆ դոլարի թիթեղ: Համաձայն մեղադրական եզրակացության, դեռ 1998թ. ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի որոշմամբ եւ Ֆեդերացիայի նախագահ Սուրեն Աբրահամյանի հրամանով Երեւանի հանրապետական մարզադաշտի վերանորոգման ծրագրի իրականացման նպատակով հիմնադրված «Երեւանյան մարզային համալիր» եւ «ԱռեքսX» ՍՊԸ-ների միջեւ կնքված գործարքում հանդես գալով որպես միջնորդ, Էդ.Աբրահամյանը, իբր, յուրացրել է 23.720 հազար դրամ: Ոմանք կարծիք են հայտնում, թե այս քրգործն իր մեղադրանքների շինծու լինելու տեսանկյունից, ավելի աղմկահարույց է լինելու, քան ժամանակին Աշոտ Բլեյանի «դպրոցի տանիքի պատմությունն էր»: Մենք պարզեցինք, որ նախաքննական մարմինը, ինչպես հաճախ է պատահում, Էդ. Աբրահամյանին էլ առաջարկել էր հիշյալ գումարը փոխհատուցել եւ խուսափել դատարանում հայտնվելուց, բայց վերջինս այդ գործարքին չի գնացել այն պատճառաբանությամբ, որ ինքն իրեն առաջադրված մեղադրանքում անմեղ է, իսկ գործարքի գնալը միանգամայն հակառակը կնշանակի: Իսկ Սուրեն Աբրահամյանն ինքը, դեռ անցյալ տարի էր առիթ ունեցել հայտարարելու, որ օրվա իշխանություններն իր դեմ փորձում են պայքարել եղբորն ամբաստանելու միջոցով: Հարկ է, թերեւս, իբրեւ դատաքննության նախաբան հավելել, որ դատելով մեղադրական եզրակացությունից, Է.Աբրահամյանի դեմ մեղադրական ուղղակի ցուցմունք տված միակ անձը հիշյալ «ԱռեքսX» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն, իսկ ժամանակին «Կրեո-Կրեմլյովսկայա» ՍՊԸ-ի հիմնադիր Վլադիմիր Ուսուբյանն է, որը, մեր տեղեկություններով, հասցրել է երկու անգամ դատվել եւ ՀՀ-ում, եւ ՌԴ-ում. մեկ՝ հարկերից խուսափելու, մյուս անգամ՝ խարդախության մեղադրանքներով: Իսկ ընդհանրապես, այս քրգործով անցնող վկաները 12-ն են: Ինչ վերաբերում է Վլ. Ուսուբյանին, ապա՝ նա այս քրգործի նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել Մոսկվայում, երբ նրան Երեւանից այցելել էին նախաքննական մարմնի քննիչները: Ի դեպ, նրա եւ Էդ. Աբրահամյանի ցուցմունքներն էականորեն հակասում են միմյանց: Ըստ մեղադրական եզրակացության, այդ հակասությունները պարզելու նպատակով նախատեսված առերեսումից խուսափելով՝ Էդ. Աբրահամյանը հարցաքննության չէր ներկայացել: Մինչդեռ հակառակ կողմի պնդմամբ, պաշտպանական կողմն ինքն է բազմիցս պահանջել նման առերեսում անցկացնել, բայց քննչական խումբը դրան ընթացք չի տվել: Երեկ դատաքննությունը, ըստ էության, այդպես էլ չսկսվեց, որովհետեւ ամբաստանյալ Է. Աբրահամյանն ու նրա պաշտպան Աշոտ Սարգսյանը մեղադրական եզրակացությունն այդպես էլ չէին ստացել, թեեւ այն արդեն պատրաստ էր եղել դեռ 2003-ի դեկտեմբերի 19-ին: Դատավորը երեկ որոշում կայացրեց դատաքննությունը հետաձգել մինչեւ փետրվարի 2-ը՝ հուսով, որ մինչ այդ ժամկետը պաշտպանական կողմը կհասցնի ստանալ եւ ծանոթանալ մեղադրականին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ