HUMAN RIGHTS WATCH-Ը ԴԺԳՈՀ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՑ Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է կամայական ձերբակալությունների եւ ընդդիմության ակտիվիստներին ծեծի ենթարկելու, ինչպես նաեւ նրանց նկատմամբ կտտանքներ իրականացնելու համար: Երեկ Նյու-Յորքում հրապարակված 55-էջանոց փաստաթղթում ասվում է, որ ընդդիմության նկատմամբ հետապնդումների առիթ են հանդիսացել նախորդ տարվա հոկտեմբերի 15-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքները: Ընդդիմության բողոքի ակցիաները վերածվել էին անկարգությունների եւ ոստիկանության հետ բախումների: Զեկույցում ասվում է 1000 ձերբակալվածների մասին. ավելի քան 100 մարդ շարունակում են մնալ բանտերում եւ կարող են դատապարտվել երկարաժամկետ՝ մինչեւ 12 տարի ազատազրկման: Իրավապաշտպան կազմակերպության կարծիքով, Ադրբեջանն ապրում է մարդու իրավունքների հետ կապված ամենածանր ճգնաժամը վերջին 10 տարիների ընթացքում: Human Rights Watch-ի զեկույցը հիմնված է 2003 թվականի հոկտեմբերին եւ նոյեմբերին ադրբեջանական 13 քաղաքների բնակիչների հետ անցկացված հարյուրավոր զրույցների վրա: Human Rights Watch-ը դատապարտել է Արեւմուտքի երկրների, հատկապես ԱՄՆ կառավարություններին, Ադրբեջանում կայացած ընտրություններից հետո դրսեւորած ոչ այնքան կոշտ արձագանքի համար: