ԵԽ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷՐ Քաղաքակիրթ աշխարհը այդպես է ընկալում մեր այսօրվա պետական քաղաքականությունը Երկուշաբթի մեր խորհրդարանական պատվիրակությունը կրկին գնալու է Ստրասբուրգ, որտեղ հունվարի 27-ին ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նիստում բանաձեւ է ընդունվելու Հայաստանի՝ այդ կազմակերպության առջեւ ստանձնած պարտավորությունների վերաբերյալ: Ինչպես արդեն բազմիցս գրվել է, այդ բանաձեւում առավել մտահոգիչը «Լեռնային Ղարաբաղը եւ այլ գրավյալ տարածքներ» ձեւակերպումն է: Առայսօր հնչող գնահատականներում գերիշխողը, կարծես թե, այն էր, որ նման ձեւակերպումը անցած հանդիպմանը մեր խորհրդարանականների «անբավարար աշխատանքի» արդյունքն է: Այսինքն՝ եթե Տիգրան Թորոսյանը, Արմեն Ռուստամյանը կամ Շավարշ Քոչարյանը մի քիչ լարվեին, լավ քարոզչական աշխատանք ծավալեին, դիվանագիտական հմտություններ դրսեւորեին եւ արդյունավետ լոբբինգով զբաղվեին (ասենք, Վ. Շվիմմերին բաստուրմա հյուրասիրեին), ապա այդ ձեւակերպումը չէր լինի: Այդ բոլոր գործոնները չնսեմացնելով, կարծում եմ, որ դա մակերեսային բացատրություն է: Իմ տպավորությամբ, եթե Տիգրան Թորոսյանը չէ, Թալեյրանը գնա Ստրասբուրգ, ապա ձեւակերպումների մեջ գուցեեւ փոփոխություն լինի, սակայն ԵԽ-ի ու համաշխարհային հանրության վերաբերմունքը ԼՂ հակամարտությանը՝ չի փոխվի: Որովհետեւ վերաբերմունքը պայմանավորված է վերջին 7 տարում մեր երկրում ընդունված պաշտոնական գաղափարախոսությամբ եւ դրանից բխող պետական քաղաքականությամբ: Այդ գաղափարախոսության հիմնական թեզերը հայտնի են. 1. Պետությունը պետք է հայտարարի, որ Լեռնային Ղարաբաղը (ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանը) հայկական պատմական տարածք է: Դա, ըստ էության, բացարձակ ճշմարտություն է: Մեր պատմական տարածքներն են նաեւ Ջավախքը, ինչպես նաեւ ժամանակակից Թուրքիայի, Իրանի եւ նույնիսկ Սիրիայի որոշ մասեր: Դրա մասին պետք է խոսեն մտավորականները, դա լավագույնս պետք է դասավանդվի դպրոցներում: Սակայն, երբ նման բան է հայտարարում պետության ներկայացուցիչը, դա նշանակում է, որ Հայաստան պետությունը հավակնում է այդ տարածքներին: Եվ ստացվում է, որ տարածքների մի մասը Հայաստանը գրավել է, մնացածը պատրաստվում է գրավել: 2. Կոնֆլիկտը իբրեւ Ադրբեջան-ԼՂՀ հակամարտություն ներկայացնելը, ինչպես նաեւ՝ «մեզ համար ընդունելի կլինի այն լուծումը, որը ընդունելի է Ղարաբաղի համար» բանաձեւը նշանակում են՝ Ղարաբաղը թողնել Ադրբեջանի դեմ միայնակ: Այստեղից՝ ԼՂՀ-ին բանակցություններից դուրս մղելու քաղաքականությունը: Եթե մեր պետությունն ընդունում է, որ կոնֆլիկտը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ է, ապա նա ընդունում է նաեւ, որ Հայաստանը գրավել է Ադրբեջանի մի մասը: Դրանից բխում էր նաեւ Քոչարյան-Ալիեւ բանակցությունների տրամաբանությունը. գրավելով Ադրբեջանի տարածքը, մենք կարող ենք փոխզիջման գալ՝ զիջելով Հայաստանի տարածքը: 3. Խնդիրը հնարավոր է լուծել «փաթեթային տարբերակով»՝ կանխորոշելով Ղարաբաղի կարգավիճակը: Դա հնարավոր կլիներ, եթե որեւէ պետություն կամ որեւէ միջազգային կազմակերպություն երբեւէ մտադրություն հայտնեին ճանաչելու ԼՂՀ անկախությունը: 12 տարում (ԽՍՀՄ փլուզումից հետո) նման նշույլ անգամ չի եղել: Իսկ եթե մենք պնդում ենք, որ բանակցությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղը պետք է հռչակվի դե-ֆակտո անկախ պետություն կամ մտնի Հայաստանի կազմի մեջ, ուրեմն մենք գրավել ենք այդ տարածքը՝ հենց այդ նկատառումներով: Ի դեպ, վերոհիշյալ գաղափարախոսությունը դավանվում է ոչ միայն Դաշնակցությամբ: Նշված 3 կետերի հետ համաձայն են (էին) նաեւ «Հանրապետականը», «Ազգային միաբանությունը», ՍԻՄ-ը, ԱԺՄ-ն, «Հանրապետությունը», ՀԴԿ-ն եւ շատ այլ քաղաքական ուժեր: Այսինքն՝ այս հարցում ներկայումս վարվող պետական քաղաքականությունը լայն աջակցություն ունի: Ամենեւին նպատակ չունեմ դատելու՝ ով է ճիշտ, ով՝ սխալ: Պարզապես փորձում էի բացատրել, թե ինչպես է Եվրոպայի խորհուրդը եւ ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհն ընկալում մեր պաշտոնական դիրքորոշումը Ղարաբաղի հարցում եւ որտեղից է հայտնվել «Լեռնային Ղարաբաղը եւ այլ գրավյալ տարածքներ» ձեւակերպումը: Գուցե վերը շարադրված դիրքորոշումն ու գաղափարախոսությունը շատ էլ ճիշտ են, եւ 19-րդ դարի ազգային-ազատագրական մոտեցումները միանգամայն արդիական են մեր ժողովրդի համար: Գուցե հնարավոր է հայ-թուրքական փակ սահմանով եւ առանց աշխարհի հետ կապող երկաթուղու Հայաստանը տանել բարգավաճման եւ քաղաքակրթության ճանապարհով: Կամ գուցե բարգավաճումն ու քաղաքակրթությունը մեզ այդքան էլ պետք չեն, եւ կարեւորը՝ մեզ բարոյապես լավ զգալն է: Ինչպես հարբած փղերը՝ Ավարայրի ճակատամարտից հետո: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ