Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀՇ-Ի ՎԵՐԱԴԱՐՁԸ ՎԱՍՏԱԿՎԱԾ ՉԷ»

Հունվար 24,2004 00:00

«ՀՀՇ-Ի ՎԵՐԱԴԱՐՁԸ ՎԱՍՏԱԿՎԱԾ ՉԷ» Համոզված է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը – Պրն Հովհաննիսյան, վերջին շրջանում առավել շատ է խոսվում ՀՀՇ-ի վերադարձի մասին, ոմանք պնդում են, որ ՀՀՇ-ն կարող է լուրջ ընդդիմադիր ուժ դառնալ։ Հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ մեր թերթին տված հարցազրույցում չթաքցրեց՝ եթե բանավիճել, ապա ՀՀՇ-ի հետ։ – Ձեր հարցը մի քանի շերտ ունի, ես փորձեմ այսպես պատասխանել։ ՀՀՇ-ի մասին խոսելով, մենք հարցին կարող ենք երկու տեսանկյունից մոտենալ։ Առաջինը քաղաքական, գաղափարական տեսանկյունն է, եւ այստեղ ես համաձայն եմ Արմեն Ռուստամյանի հետ եւ բոլոր նրանց, ովքեր այդպես են մտածում։ Բանն այն է, որ այսօր Հայաստանում գաղափարական միակ լուրջ հակառակորդը ՀՀՇ-ն է։ ՀՀՇ-ն այդ իմաստով շահեկանորեն տարբերվում է այն տիպի օպոզիցիոն խմբավորումներից, որոնք երկրի գաղափարական, քաղաքական փոփոխություն չնախատեսելով, նախատեսում են իշխանության ուղղակի մեխանիկական փոփոխություն։ Նրանք ասում են՝ այս նախագահի փոխարեն մենք որ լինենք, լավ կլինի։ Իսկ թե ինչո՞ւ, նրանք մեզ չեն բացատրում։ ՀՀՇ-ն ասում է, թե ինչո՞ւ է ինքն այդպես կարծում։ Մենք կարող ենք չհամաձայնել նրա հետ, բայց որ նրանց ինքնաառաջադրումը փաստարկված է, չես կարող նրանցից խլել։ Նրանք, այո, գաղափարապես մեզ հակառակորդ են, համարելով, որ ղարաբաղյան հարցում ուրիշ լուծումներ պիտի տրվեին, արտաքին, գեոստրատեգիական կողմնորոշումներում ուրիշ լուծումներ պիտի տրվեին եւ այլն։ Իմիջիայլոց, այստեղ է բացատրությունը, թե ինչու մենք շատ եւ շատ հարցերում հակասություններ ունենալով գործող նախագահի հետ, այնուամենայնիվ, նախընտրում ենք նրան։ Որովհետեւ փոփոխությունը կարող է հենց քաղաքական ու գաղափարական փոփոխություն բերել։ Կա նաեւ այլ տեսանկյուն։ ՀՀՇ-ն բացի գաղափարական ու քաղաքական ուժ լինելուց, որ է, եւ մեզ հակառակորդ է որպես այդպիսին, նաեւ եղել է պրակտիկ իշխանության գլուխ։ Այսինքն, կոնկրետ իշխանության, կոնկրետ կառավարման պրոցեսի իրականացնող եւ, իհարկե, այն թերացումները եւ սխալները, որ կատարեցին 90-ականների սկզբին, մինչեւ այսօր էլ իրենց արձագանքն ունեն, իրենց հետքերը պահպանել են։ Երբ մենք խոսում ենք կլանային համակարգի մասին, որն՝ այո, կա, այնուամենայնիվ, չպետք է մոռանանք, որ դրա արմատները դեռ այդ ժամանակներից են գալիս։ Ինչ վերաբերում է վերադարձին։ Երբ դու ունես գաղափարական հակառակորդ, քո փաստարկները նախ ավելի ճշտվում, բյուրեղանում են եւ միգուցե ավելի մատչելի ու հասկանալի են դառնում նրանց, ում ուղղված են։ Որովհետեւ, երբ երկու քաղաքական ուժ միմյանց հետ վիճում են, նրանք իրար իհարկե չեն համոզում (պարզ է,չէ՞, որ հհշականները ինձ չեն կարող համոզել, բայց ոչ էլ ես՝ իրենց), այլ վեճը ավելի կարծր, ավելի կոշտ եւ ավելի սուր ուղղված է նրանց, ովքեր լսում են այդ վեճը՝ մեր հասարակությանը։ Եվ, իհարկե, մեր հասարակությանն ավելի շահեկան է, երբ վիճում են գաղափար ունեցող ուժեր, քան՝ երբ ուղղակի հայհոյախառն խոսակցություններով է լցվում ամբողջ մամուլը։ ՀՀՇ-ի վերադարձը, կազմակերպական առումով, կարծում եմ, դեռեւս վաստակված չէ։ – Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն՝ որքանո՞վ եք ռեալ համարում։ – Չէ, ես կարծում եմ ռեալ չէ եւ հարկավոր էլ չէ։ Որովհետեւ ՀՀՇ-ի կազմակերպական մասի սխալները մեծապես կապված են նրա անվան հետ։ Այստեղ արդեն խոսքը ոչ թե գաղափարի, այլ անհատի մասին է։ Անհատը մեր հասարակության մեջ բոլորովին այլ ընկալում ունի։ Ուստի ես, չուզենալով խորանալ նրա անձի թեման շոշափելու մեջ, այնուամենայնիվ կարծում եմ, որ մեր հասարակության հիշողության մեջ նա հավիտենական խարան ունի արդեն։ – Ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀՇ եւ մյուս ընդդիմադիրներ համագործակցությանը։ – Եթե այսօրվա պառլամենտական ընդդիմությունն անկեղծ որոշի, որ գաղափարական եւ քաղաքական փոփոխության ուղղությամբ է գնում, ապա նրա դաշնակցելը ՀՀՇ-ի հետ կդառնա անկեղծ եւ իմաստավորված։ Բայց քանի որ նրանք այդ բանը այսօր առնվազն չեն կարող խոստովանել, որովհետեւ, նախ՝ ոչ պոպուլյար դաշտում չեն ուզի հայտնվել եւ հետո, նրանցից շատերը բավական ծանր հակահհշական պայքարի մասնակից են եղել, ուստի միայն ու միայն այսրոպեական շահի արդյունքում կարող է տեղի ունենալ այդ միավորումը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել