ՀՈԲԵԼՅԱՆՆ ՈՒ ԴԱՏԸ՝ ԶՈՒԳԱՀԵՌ
Երեկ, երբ Ազգային օպերային թատրոնում ծննդյան 75-ամյակի առիթով
մեծարում էին Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար
Հովհ. Չեքիջյանին, Վերաքննիչ դատարանում (դատավոր՝ Հ. Գեւորգյան) քննվում
էր խմբի նախկին երգիչ Կարապետ Մանուկյանի հայցը՝ աշխատանքի վերականգնվելու
մասին, որը Վերաքննիչ ատյանը մերժեց:
Հիշեցնենք, որ 2003թ. Կապելլայի անցկացրած մրցույթից Կ. Մանուկյանը «կտրվել» էր ու զրկվել աշխատանքից: Խնդրի մասին Կապելլայի տնօրինության տեսակետը ժամանակին ներկայացրել ենք մեր թերթում: Ինչ վերաբերում է պրն Մանուկյանին, վերջինս շարունակում է մնալ նույն կարծիքին: Այն է՝ «Մրցույթի պայմանները հնարովի են եւ որեւէ չափանիշի չեն համապատասխանում»: Դեռ անցյալ տարվա հունիսին պրն Մանուկյանը նամակով դիմել էր Մշակույթի նախարար Թամար Պողոսյանին՝ խնդրելով նրա միջամտությունը մրցույթի անաչառությունն ապահովելու գործում: Մինչ օրս որեւէ պատասխան չի ստացվել նրանից: Այժմ երգիչը աշխատանքում վերականգնվելու իր իրավունքը պատրաստվում է վիճարկել Եվրոդատարանում:
Սեփ. լր