Այսօր ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը մեկնում է Մոսկվա, որտեղ մեկ շաբաթ ուսումնամարզական հավաք անցկացնելուց հետո, հունվարի 30-ին Մոսկվա-Բրատիսլավա չվերթով կմեկնի Սլովակիա՝ մասնակցելու օլիմպիական վարկանիշային մրցաշարի:
Պատվիրակության կազմում է նաեւ մեր աշխատակիցը: Նա մրցավայրից լուսաբանելու է իրադարձությունները:
Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանելու են Մարտին Բերբերյանը, Սեւակ Բաղդյանը, Արշակ Հայրապետյանը եւ Արայիկ Հակոբյանը:
Մեկնման նախորդ օրը ըմբիշներին ընդունեց ՀԱՕԿ-ի եւ Սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանը պատմեց հավաքականի՝ աշխարհի առաջնությունից հետո կատարած աշխատանքի մասին: «Դեկտեմբերին Ծաղկաձորում ընդհանուր ֆիզպատրաստականության հավաքից հետո թիմը հատուկ ֆիզպատրաստականությանը նվիրված հավաք անցավ Արարատի «Այգ» մարզաբազայում,- ասաց մարզիչը:- Տղաների մարզավիճակը ներկայումս լավ է: Երեք օր առաջ ձեռքի թեթեւ վնասվածք ստացավ Արայիկ Գեւորգյանը, սակայն դա, կարծում եմ, չի խանգարի նրան Բրատիսլավայում հաջող մրցելույթներ ունենալուն: Ընդհանուր առմամբ, բոլոր ըմբիշների մարզավիճակն ու ինքնազգացողությունը նորմալ է: Մնում է, որ գորգի վրա պայքարեն, հավատան սեփական ուժերին: Բոլորն էլ գիտակցում են մրցաշարի կարեւորությունը, պատասխանատվության աստիճանը եւ ես, որպես գլխավոր մարզիչ, չորս ըմբիշների հետ էլ այս մրցաշարում հույսեր եմ կապում: Բոլորն էլ ի վիճակի են Բրատիսլավայում օլիմպիական ուղեգիր նվաճել: Ես սա հենց այնպես չեմ ասում: Գիտենք մրցակիցներին, նրանց ու մերոնց հնարավորությունները: Թեեւ, պետք է անպայման նշել, որ ոչ մի գոտեմարտ հեշտ չի լինելու: Այս մրցաշարում վարկանիշ ապահովում են ամեն քաշային կարգում 1-5-րդ տեղերը: Բրատիսլավայում մրցակարգի փոփոխություն է մտցվել. հինգերորդ տեղ զբաղեցնողին որոշելու են ոչ թե նախորդ գոտեմարտերի արդյունքներով, ինչպես մինչեւ հիմա էր, այլ լրացուցիչ գոտեմարտով: Դա արվել է հնարավոր խարդախություններից խուսափելու համար: Ճիշտ է, այդպես դժվարանում է ուղեգիր ձեռք բերելը, բայց մեզ համար ընդունելի որոշում է»:
Իշխան Զաքարյանը հետաքրքրվեց ըմբիշների անձնական քաշի հետ կապված խնդիրներով, որը ցանկացած մարզաձեւում լուրջ հարց է: Մարզիչն ու ըմբիշները հավաստիացրին, որ ոչ մի անհանգստացնող խնդիր չկա՝ ամեն ինչ նորմայի սահմաններում է, կամ դրան մոտ:
Հրանտ Ենոքյանը տեղյակ պահեց, որ մոսկովյան հավաքի ծրագրում վերջին պահին որոշ փոփոխություններ են տեղի ունեցել: Թիմը «Օլիմպիյսկի»-ի փոխարեն հանգրվանելու է ԲԿՄԱ-ի բազայում,քանի որ առաջինում հիմա մարզվում է Ռուսաստանի հավաքականը:
ՀԱՕԿ-ի նախագահը եւ հանդիպմանը ներկա մարզական մյուս պատասխանատու անձինք բարեմաղթանքի ջերմ խոսքեր ասացին ըմբիշներին: «Դուք ոչնչով չեք զիջում մրցակիցներին: Ավելին, նրանք են խուսափում ձեզ հետ գորգի վրա հանդիպելուց,- ասաց Ի. Զաքարյանը: – Դրանում համոզվել եմ ինքս՝ Նյու-Յորքում կայացած աշխարհի առաջնությունում: Հիմա մնում է, որ մոռանաք անցյալը, եղած ցավալի վրիպումները, հավատաք ձեր ուժերին, հոգեբանորեն տրամադրվեք հաղթելու: Ամեն ինչ կախված է ձեզնից: Վատ մրցավարություն այլեւս չկա, չի լինելու: Ձեզ մաղթում եմ միայն հաղթանակներ եւ սպասում ուղեգրերով տունդարձին»:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ