Ըստ փոքր-ինչ կոպիտ մի կատակի՝ թերեւս այդպես կոչվի «Երկիր Մեդիայի» «Բարի գիշեր, երեխաներ» ծրագիրը:
«Երկիր Մեդիայի» հեռուստածրագրերի առնչությամբ ընդհանրապես շատ են կատակները: «Իրավունք» թերթն, ասենք, մի ամբողջ ենթադրական հաղորդացանց էր տպագրել, թե ինչ ծրագրեր է եթեր հեռարձակելու այդ հեռուստաընկերությունը: Մեջբերենք առավել հաջող կատակներից մի քանիսը՝ համով զրույց՝ «Գինի լից», հեռուստաճանապարհորդությունների ակումբ՝ «Ծովից ծով», կինոնկար երեխաների համար՝ «Մարգարյան Հրանտի որդիները», ֆինանսատնտեսական-վերլուծական հաղորդում՝ «Փոխենք մեր կյանքը» (ուղիղ եթեր արտարժույթի փոխանակման կետից), հեռուստախաղ «Թույլ օղակ» (Ռոլանդ Շառոյանի հեղինակային հաղորդումը), հաղորդում արտագաղթի մասին՝ «Ես մի զարկն եմ քո վազքի», «Բարի գիշեր, սկաուտնե՛ր» (վարում է Ելիզավետա Բարխուդարովնան), «Սարերից իջան մի խումբ գրիպավոր» (հեղինակ՝ առողջապահության նախարար Նորայր Դավիդյան) եւ վերջապես սարսափ ֆիլմ՝ «Ստամբուլն արյան ծով»:
Հայտնի է, որ նման կատակների առիթ դարձան «Երկիր Մեդիայի» մրցութային փաթեթում նշված հաղորդաշարերի այնպիսի անվանումները, ինչպիսիք են «Դեպի երկիրը» կամ «Զարթի՛ր, Լաո»-ն: Հավելենք, որ հեռուստաընկերությունը ծրագրում է հեռարձակել նաեւ «ԵՐԿԻՐ.AM» անվանումով հաղորդաշար, որը հեռուստադիտողին ծանոթացնելու է տեղեկատվական տեխնոլոգիաների նորություններին։ «Երկրաբաժան», հաղորդաշարը հանդիսատեսին ծանոթացնելու է սահմանամերձ գյուղերին. «Գյուղի արեւածագն ու մայրամուտը։ Գյուղի ծերերն ու ջահելները։ Գյուղի շներն ու կատուները»:
Ուշագրավ է, որ հեռուստաընկերությունը ծրագրել է հեռարձակել «Փոքր ուրախություններ» հաղորդաշարը, որը «հեռուստադիտողին ներկայացնելու է այն փոքր քայլերն ու հաջողությունները մեր շրջապատում, որ հաճախ վրիպում են կենցաղից հոգնած քաղաքացու աչքից»: Այնպես որ՝ «Միայն լավ լուրերի» գործն ապրում է եւ հաղթանակում… առնվազն ՀՌԱՀ-ում: Քանզի «Շարմն» այդպես էլ չհաղորդեց խոստացված «Միայն լավ լուրերը», վստահ ենք՝ ոչ այն պատճառով, որ դրանք չկան: Եվ հուսով ենք, որ գոնե «Երկիր Մեդիան» կենցաղից հոգնած մեր աչքերին կցուցանի առկա փոքր հաջողությունները: Թեեւ «Փոքր ուրախությունները» լիովին կոալիցիայի եւ Ռոբերտ Քոչարյանի ոգով է, «Երկիր Մեդիան» խոստացել է. «Հայաստանի քաղաքական կյանքը ներկայացնել ողջ տարողությամբ, խուսափելով քաղաքական, կուսակցական հատվածականությունից»։ Եվս մի մանրամասն՝ պատկերացում կազմելու համար, թե էլ ինչ է հեռուստադիտողներին մատուցելու մայիսի վերջին եթերում հայտնվելիք այս հեռուստաալիքը. «Ծրագրվում է Բաղրամյան պողոտայի վրա եւ «Արմենիա» հյուրանոցում ունենալ հատուկ հյուրասենյակ ստուդիաներ, օրվա ընթացքում կարեւոր դեպքերի շուրջ շտապ հյուր հրավիրելու նպատակով»:
Ի դեպ, թեեւ մամուլում «Հուսաբեր» ՓԲԸ-ի բաժնետեր «Հորիզոնի» տնօրենը պարզաբանել էր, թե իրենց հիմնադիրը չէր կարող ՀՅԴ-ն լինել, քանի որ իրենց «ընկերությունը ստեղծվել է «Ասպարեզ նյուզ ընդ էդվըրթայզինգ» ընկերության կողմից, որն իր հերթին ԱՄՆ-ում հիմնադրվել է դեռեւս 95 տարի առաջ»՝ մրցութային ծրագրում նշված է. «Հորիզոն» հեռուստաընկերությունը, որը հիմնադրվել է 1988 թվականին Կալիֆոռնիայում…»: Եվս մեկ անգամ ենք շեշտում, թե «Հորիզոնը» ՀՅԴ Արեւմտյան ԱՄՆ-ի կենտրոնական կոմիտեի կողմից 1988-ին հիմնադրված լինելու մասին տեղեկությունն «Առավոտին» հայտնել էր «Հորիզոնի» Երեւանի գրասենյակի ղեկավար Ռիտա Շառոյանը՝ «Երկիր Մեդիա»-ի ղեկավար Ռուբինա Ղազարյանի ներկայությամբ: Մրցութային առաջարկում նաեւ նշված է, թե «Հորիզոնը» Հայաստանում հիմնադրվելուց հետո մի շարք դիմումներ է ներկայացրել իշխանություններին՝ «Հայաստանում վերահեռարձակվելու խնդրանքով»։ Ենթադրում ենք, որ «Երկիր Մեդիայի» միջոցով «Հորիզոնը» կլուծի այդ խնդիրը:
Բավական շռայլ խոստումներ է տվել ապագայի համար «Երկիր Մեդիան»՝ արբանյակային սփռում, ձայնային կրկնօրինակման սեփական ստուդիա եւ այլն: Հեռուստաընկերությունը հենց իր ծրագրում է խոստովանել, թե ունի սեփական միայն 4-ական տեսախցիկ եւ միկրոֆոն: Ուստի, 2004-2010-ի ընթացքում «Երկիր Մեդիա»-ի խոստացած 6, 96 մլն դոլարի ներդրումները պիտի նպատակաուղղվեն ե՛ւ տեխնիկական աղքատիկ բազայի համալրմանը, ե՛ւ աշխատակազմի վարձատրությանը, ե՛ւ հաղորդումների արտադրմանը, ե՛ւ արբանյակային հեռասփռմանն ու կրկնօրինակման ստուդիային: Բավարա՞ր միջոցներ են սրանք ծրագիրն իրականացնելու համար մանավանդ այն պայմաններում, երբ առայժմ համաձայնագրերով ապահովված են միայն 3 մլն 102 հազար դոլար ներդրումները: Այս հարցը մրցույթից հետո ուղղել էինք ՀՌԱՀ նախագահին, սակայն չստացանք հարցին ուղղակի պատասխան:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ