14 հասարակական կազմակերպություններ դիմել են հանրապետության նախագահին ու վարչապետին՝ «Հայանտառը» բնապահպանության նախարարությունից գյուղնախարարությանը հանձնելու որոշումից հրաժարվելու խնդրանքով։ Մի շարք պատճառներով։
Առաջինը. պետական անտառային ֆոնդը պետք է միասնական լինի եւ կառավարվի մեկ մարմնի կողմից։ Իսկ որոշմամբ այն մասնատվում է՝ հատուկ պահպանվող տարածքները, որտեղ նույնպես անտառներ են, մնում են բնապահպանության համակարգում։ Երկրորդ՝ «Հայանտառն» ու գյուղնախարարությունն ունեն տարբեր նպատակներ, եւ կարող է անտառային շահերը ստորադասվեն ու մղվեն ետին պլան։ Այդպես արդեն եղել է 1992-95թթ., երբ անտառները գյուղնախարարության ենթակայության տակ էին։ Նաեւ՝ նոր որոշումն ուղղակիորեն հակասում է անտառային քաղաքականության նոր դրույթներին, որն այժմ մշակվում է Բնական պաշարների կառավարման ու չքավորության նվազեցման ծրագրի շրջանակներում։ Հասարակական բնապահպաններն առաջարկում են «Հայանտառին» տալ անկախ կառավարման մարմնի կարգավիճակ՝ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու իրավասությամբ։
Մինչ դիմորդները սպասում են պատասխանի, որոշեցինք նրանց կարծիքներին ավելացնել նորերը։
Կարինե Դանիելյան («Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպանության առաջին նախարար).
– Ժամանակին, երբ անտառը գյուղնախարարությանն էր ու մենք փորձում էինք միջամտել նրանց որեւէ ձեռնարկին, հանդիպում էինք պատնեշի՝ գյուղնախարարությունից մինչեւ կառավարություն։ Կարծում եմ, հիմա էլ դժվարությունները շատ մեծ կլինեն։ Իսկ ընդհանրապես, անտառի փրկությունը ոչ միայն մեզ մոտ, այլեւ՝ ամենուր, կախված է երկու գործոնից. էներգետիկ ռեսուրսի մատչելիություն եւ օրինապահություն։
Հրանտ Սարգսյան («Տապան էկոակումբ» ՀԿ-ի նախագահ).
– Մեծ տարբերություն չկա, թե ով կղեկավարի, կարեւորը՝ ի՞նչ մեխանիզմներով այն կարվի։ Մենք չորս տարի առաջ ենք ասել ճիշտ տարբերակը՝ անտառի տնտեսական օգտագործումը պետք է հանձնել գյուղական համայնքներին եւ վերահսկել նրանց։ Մի՛ տվեք անտառը Սերոբին ու Քերոբին, տվեք տեղացուն։ Թող նա անտառն էլ պահի, իր հոգսերն էլ հոգա։
Ռուբեն Պետրոսյան («Կանաչազարդ երկիր» ՀԿ-ի նախագահ).
– Ես կարծում եմ, անտառը գյուղնախարարությանը տալը միջանկյալ քայլ է, որին կհետեւի նորը։ Բայց ամենակարեւորը՝ օգտագործումն ու վերահսկումն իրարից տարանջատելն է։ Իսկ ճիշտ շահագործման համար անհրաժեշտ է լրացնել ենթաօրենսդրական ակտերի ամբողջովին բաց դաշտը։ Անտառային օրենսգիրքը ոչինչ չի կարգավորում, որովհետեւ չկա այս կամ այն խնդիրը կարգավորող ենթաօրենսդրական փաստաթուղթ, եւ ամեն հարց իրար հետ խոսելով է լուծվում։
Հասարակական կազմակերպություններն անտառի հարցում այնքան էլ տարակարծիք չեն, իսկ մի հարցում միանշանակ նույնն էին ասում բոլորը՝ հերթական անգամ իշխանությունները որոշում ընդունեցին՝ առանց հարցնելու հասարակության կարծիքը։
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ