ՄԻԱՄԻՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Իշխանամետ թերթերից մեկը, լուսաբանելով Տիգրան Նաղդալյանի սպանության
դատավարությունը, անդրադարձել էր այն հանգամանքին, որ Արմեն Սարգսյանը պահածոների
գործարանի եւ Ավշարի գինու գործարանի բաժնետեր էր եւ նկատել. «Այս տեղեկատվությունն
օգտակար է այն միամիտ մարդկանց համար, ովքեր ենթադրում են, թե Վազգեն Սարգսյանը
ժամանակին պատրաստվում էր պատերազմ հայտարարել կլաններին»: Հիշեցնենք, որ
գործարանի տնօրեն էր նաեւ Վազգեն Սարգսյանի մյուս եղբայրը՝ այժմ «Հանրապետություն»
կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, որն այս հրապարակման առնչությամբ
ասաց. «Արմեն Սարգսյանը գործարար էր: Եվ այդ երկու գործարաններում էլ նա
ամբողջությամբ սեփականատեր չէր՝ գործարաններից մեկում նրանն էին բաժնետոմսերի
25%-ը, մյուսում՝ 30%-ը, իսկ սեփականատերերը 5 հոգի էին: Ինչ վերաբերում
է կլանային համակարգ ստեղծելուն՝ Վազգեն Սարգսյանի ուժն ու հնարավորություններն
այն ժամանակ հերիքում էին, որ ես սեփականաշնորհեի «Արարատ-ցեմենտի» պես գերհզոր
գործարանը: Ասեմ ավելին՝ ինքս էլ վարչապետ եղած ժամանակ կարող էի շատ հանգիստ
սեփականաշնորհել այդ գործարանը: Սակայն այդ 100 միլիոն արժողությամբ գործարանը
վարչապետի պաշտոնից իմ ազատումից հետո սեփականաշնորհվեց օֆշորային գոտում
ստեղծված «Ռոբերտո» անվամբ մի ձեռնարկության՝ 10 մլն դոլարով: Եվ գաղտնի
է, թե ով է այդ գործարանի հիմնական բաժնետերը»:
Արամ Սարգսյանը նաեւ հիշեցրեց. «Վազգեն Սարգսյանն իր վարչապետության առաջին իսկ ելույթում՝ կառավարության նիստում հստակ հրահանգ տվեց, որ ամենախիստը վերաբերվեն նախ իր եղբայրների ղեկավարած հիմնարկ-ձեռնարկություններին (նրա այդ ելույթը ժամանակին հրապարակվել է «Առավոտում»,- Ա. Ի.): Եվ պիտի ասեմ, որ Վազգեն Սարգսյանի 4 ամսվա վարչապետության ընթացքում իմ ղեկավարած գործարանը ստուգվել է 2 անգամ՝ կարող են նայել հարկային մարմինների ստուգումների արդյունքները: Նույնը կատարվել է նաեւ Արմեն Սարգսյանի հետ: Վազգեն Սարգսյանի վարչապետության ընթացքում է, որ պարտադրվել է եւ Արմեն Սարգսյանի ձեռնարկությունը ամբողջությամբ փակել է պետբյուջեից վերցրած պարտքը»:
Թե քանի ձեռնարկություններ ունեն ներկա իշխանությունների մերձավորները եւ արդյոք նրանք վայելում են արտոնություններ՝ իշխանամետները, բնականաբար, լռում են: Իսկ Տիգրան Նաղդալյանի սպանության գործի առնչությամբ Վազգեն Սարգսյանի հետմահու վարկաբեկմանը լծվելը, կարծում ենք, եւս մի ապացույց է, որ այդ գործն իրոք որոշ իմաստով «Հոկտեմբերի 27»-ի շարունակությունն է:
Ա. Ի.