Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյանը կհավակնի լիդերության

Հունվար 24,2004 00:00

Եթե մաքուր մարդու կարիք զգացվի

«Ես թերահավատ եմ ոչ թե միասնության, այլ ծրագրի նկատմամբ»,- արձագանքելով մեր՝ «ինչո՞ւ եք թերահավատորեն վերաբերվում ընդդիմության նոր զարթոնքին» հարցին, ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։ «Պարզապես, հայաստանյան քաղաքական դաշտում ամեն անգամ նախատեսվում է մի բան՝ առանց իմաստավորելու, թե ինչով է սկսվելու կամ ինչով է ավարտվելու։ Միայն իշխանափոխությունը չի կարող լինել բոլոր ուժերին կապող օղակը։ Եվ լուրջ մարդիկ ավելի շատ մտածում են, թե իշխանափոխությունից հետո ի՞նչ է լինելու։ Մեզ մոտ հակառակն է։ Եվ ո՞վ է այն լիդերը, որը մինչեւ վերջ տանելու է։ Ես փետրվարի 20-ի դառը փորձը ունեմ»,- իր թերահավատությունը հիմնավորեց Արամ Կարապետյանը։ Ի դեպ, մեր զրուցակցին համագործակցության առաջարկ չի եղել, բայց եթե լինի՝ ելնելով վերոնշյալ նկատառումներից՝ կմտածի։ «Եթե ջրից ելնելու ենք ջրցեխն ընկնենք՝ լավ է ոչինչ չփոխենք,- գտնում է Ա. Կարապետյանը,- ես չեմ հեգնում, այլ ուզում եմ հասկանալ, թե ինչ ենք անելու»։

Որ առաջիկա 3-5 ամիսների ընթացքում մեր երկրում համակարգային փոփոխություններ են լինելու, պարոն Կարապետյանը կասկած չունի. «Այդ ընթացքում իշխանությունները համակարգում կամ պետք է շատ լուրջ փոփոխություններ անեն, կամ…»,- միտքը չավարտեց Ա. Կարապետյանը։ Ընդ որում, նրա կանխատեսմամբ, այդ ժամանակահատվածում կոալիցիոն կուսակցություններից մեկը ընդդիմադիր կդառնա։ Կոնկրետ անուն նշելուց մեր զրուցակիցն առայժմ խուսափեց։ Տնտեսությունը ոտքի կանգնեցնելը, կոռուպցիայի դեմ պայքարը պարոն Կարապետյանը հնարավոր է համարում միայն համակարգային փոփոխության պարագայում։ Իսկ կոռուպցիայի դեմ ծավալված պայքարի մասին այս կարծիքին է՝ «Հալվա ասելով բերանը չի քաղցրանա»։ Իմիջիայլոց, Արամ Կարապետյանի համոզմամբ, իշխանությունն էլ է պատրաստակամ հարցը լուծելու, սակայն՝ «վախ կա, եթե մի բանի ձեռք տան, դոմինոյի պես կքանդվի»։ Բայց՝ «կփոխեն իրենք ներսում՝ կօգնենք, չեն փոխի՝ ճնշման տակ կփոխվի»։

«Նոր ժամանակների» առաջնորդը հարցնում է. «Այդ ի՞նչ քաղաքական պրոցես կա հիմա, որը թույլ կտա այդչափ քաղաքականացնել էլեկտորատը։ Ինչքանո՞վ են սոցիալական դժգոհությունները հեղափոխական»,- հերթական տարակուսանքը բարձրաձայնեց մեր զրուցակիցը։ «Ո՞վ է լինելու լիդերը» հարցերի հարցը Ա. Կարապետյանը կանխատեսեց. «Կարծում եմ, նոր ֆորմացիա է առաջանալու, նոր մարդիկ են հայտնվելու։ Ժամանակին ես առաջինն էի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին առաջարկում էի պայքարի մեջ մտնել։ Նա շարունակեց լռել»։ Նույն թեման շարունակելով, պրն Կարապետյանը նաեւ նշեց. «Սահակաշվիլին առանց ծրագրի դարձավ նախագահ՝ ոչ ոք ոչինչ չհարցրեց։ Իսկ մարդը, որը մեկ անգամ փորձել է՝ նրան շատ հարցեր են տրվելու, առավել եւս, որ ոչ ողջ հասարակությունն է կողմ նրա վերադարձին»։ Ի դեպ՝ «դափնին թափուր է լինելու»,- համոզված է պարոն Կարապետյանը։ Իսկ ինքը կհավակնի լիդերության՝ «երբ ժողովուրդն ընդունի, որ անհրաժեշտ է համակարգային փոփոխություն՝ հատուկ ծրագրով։ Երբ համոզված լինեմ, որ նոր, մաքուր մարդու կարիքը կա, որը կտրված չի եղել հայրենի հողից, որը իր խառնվածքով ազգային, նույնիսկ ազգայնական է՝ Հայաստանի շահը տեսնելու իմաստով, եւ ժողովուրդը՝ ծրագրի իրականացման համար պատրաստ լինի էներգիա ծախսել»։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել