Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉ ԱՐԺԵ ԳԱԶ ՔԱՇԵԼԸ – 2

Հունվար 23,2004 00:00

ԻՆՉ ԱՐԺԵ ԳԱԶ ՔԱՇԵԼԸ – 2 Թե որքան պետք է բնակիչները վճարեն գազամատակարար կազմակերպություններին՝ «գազ քաշելու» համար արդեն անդրադարձել ենք («Առավոտ», 15 հունվարի)։ Այժմ՝ նույն աշխատանքների հրդեհային անվտանգության մասին։ «Հայաստանի հրշեջ անվտանգության մասնագիտացված ծառայություններ» միության նախագահ Գեւորգ Ավագյանի տվյալներով, այժմ իրենց միությանն անդամագրված է 24 ընկերություն, որոնք էլ ՀՀ ողջ տարածքում ապահովում են գազիֆիկացման հրդեհային անվտանգությունը։ «Ծխնելույզների, օդափոխության ուղիների եւ ծխատարների մաքրումը եւ բնակչի հրահանգավորումը առանձնատների համար արժե 3000 դրամ, իսկ բազմաբնակարան շենքերի յուրաքանչյուր բնակարանի համար՝ 5-6 հազար դրամ, կախված ծխատարի երկարությունից եւ քանակից»,- տեղեկացրեց պարոն Ավագյանը։ Բազմաբնակարան շենքերի շքամուտքերում տեղադրվում է դեֆլեկտոր (օդափոխիչ)։ Այս աշխատանքի արժեքը 40-45 հազար դրամ է՝ կախված օդափոխիչի նյութի արժեքից։ «Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մեր աշխատանքներն իրականացվում են բնակչի կամավոր ցանկությամբ՝ քաղաքացիաիրավական պայմանագրի համաձայն»,- ասաց Գեւորգ Ավագյանը։ Սակայն, կամավորությամբ հանդերձ, հրդեհային անվտանգության մասին հավաստող ակտերի բացակայության դեպքում գազամատակարարում չի իրականացվում։ Ձեռնարկությունների գազիֆիկացման հրդեհային անվտանգության արժեքը պարոն Ավագյանը դժվարացավ նշել. գինը կախված է աշխատանքների ծավալից, ծխատարների քանակից, երկարությունից եւ այլն։ Հիշեցնենք, որ այս թեմային մենք անդրադառնում ենք «Նալբանդյան փողոցի բնակիչներ» ստորագրությամբ նամակի հետքերով։ Իսկ նամակագիրներին հետաքրքիր էր նաեւ, թե «ՀայՌուսգազարդը» ինչքան ներդրում է անելու ՀՀ գազիֆիկացման ոլորտում։ Ըստ «ՀայՌուսգազարդի» 2003-ի վերջին արված հայտարարության, ընկերությունն արդեն ներդրել է 3 մլրդ 900 մլն դրամ։ Սակայն, ըստ «ՀայՌուսգազարդի», հետագա ներդրումների հետ կարող են խնդիրներ առաջանալ, քանի որ այս տարվա սկզբին պետական մենաշնորհների հանձնաժողովը բավարար չափով չի բարձրացրել գազի սակագները: ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել