Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՀՈԳՍԵՐ

Հունվար 23,2004 00:00

ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՀՈԳՍԵՐ «Առավոտը» նախորդ համարներից մեկում գրել էր, որ «Փյունիկի» եւ ֆուտբոլի Հայաստանի հավաքական թիմերի հարձակվող 17-ամյա Էդգար Մանուչարյանը Անգլիայի «Մանչեսթեր Սիթի» ակումբի հրավերով մոսկովյան մրցաշարից հետո՝ փորձաշրջան անցնելու նպատակով, մեկնելու է այդ երկիր: Երեկ «Փյունիկ» ակումբի փոխնախագահ Կարեն Հարությունյանից ճշտեցինք տեղեկության իսկությունը ու հետաքրքրվեցինք նաեւ ակումբի տրանսֆերային եւ այլ հարցերով: – Այո, Էդգարն այդպիսի հրավեր ուներ եւ, իրոք, պետք է մեկներ «Մանչեսթեր Սիթի»: Սակայն նա Մոսկվայում վնասվածք ստացավ եւ որոշվեց նրա մեկնման ժամկետը փոխել,- ասաց Կ. Հարությունյանը: – Մանուչարյանով հետաքրքրվում էր նաեւ Մարսելի «Օլիմպիկը»: Ասում են, թե նա Եվրոպայի մի քանի ճանաչված այլ ակումբների ուշադրության կենտրոնում էլ է: – Դա էլ է համապատասխանում իրականությանը: Առայժմ բանակցություններն ընթանում են միջնորդների, գործակալների մակարդակում: Պաշտոնական ոչինչ չկա: Ինձ թվում է՝ ամեն ինչ կորոշվի մինչեւ 17 տարեկանների հավաքականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ փուլի ժամանակ: Իմ կարծիքով ավելի լավ է Էդգար Մանուչարյանին նրանով հետքրքրվողները տեսնեն խաղում, քան մի քանի օրով փորձաշրջանի կանչեն: – «Փյունիկը» նոր է վերադարձել ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոն թիմերի «Համագործակցության գավաթի» խաղարկությունից: Հասկանալի է՝ մրցելույթների գնահատականը պետք է տա գլխավոր մարզիչը: Այդուհանդերձ, ասացեք. ֆուտբոլիստների ցուցադրած խաղի որակը բավարարե՞ց ակումբի ղեկավարությանը: – Եթե հաշվի առնենք, որ տղաները մինչ այդ մարզվել հասցրել էին ընդամենը մեկ շաբաթ, լեգեոներականները ամանորյա արձակուրդներից նոր էին վերադարձել եւ, բացի դա, մարզիչներն էլ ավելի շատ փորձարկում էին երիտասարդներին, ապա թիմի ընդհանուր խաղը կարելի է բավարար համարել: Մեկնարկային երկու խաղերում նվազագույն հաշիվներով կրած պարտությունները մեր գնահատմամբ այնքան էլ սարսափելի չեն: Կար պայքար ու, եթե ճիշտն ասելու լինենք, «Փյունիկը» դրանցում կարող էր նաւ հաղթել: Իսկ ինչ վերաբերում է «Նիսայի» հետ խաղին, երկրորդ կեսն անցավ մեր թիմի տարածքային բացահայտ առավելությամբ: Մրցակիցն ընդմիջումից հետո գրեթե չհատեց դաշտի կենտրոնական գիծը: Ոգեւորում է նաեւ այդ հանդիպման վերջին րոպեին մերոնց խփած երկու գոլը: Համաձայնեք, միշտ չէ, որ խաղավարտին Հայաստանի թիմերը ոչ թե իրենք են գնդակ ընդունում սեփական դարպասը, այլ մրցակցին են հարկադրում խաղը վերսկսել դաշտի կենտրոնից: – «Փյունիկի» կազմից կա՞ն ուրիշ ֆուտբոլիստներ, որ արտասահմանյան ակումբներ տեղափոխվելու հեռանկար ունեն: – Ներկայումս Իսպանիայի «Սարագոսա» ակումբում փորձաշրջան է անցնում Խոսե Անդրե Բիլիբիոն: Մամադու Դիավարան առայժմ Դոնեցկի (Ուկրաինա) «Մետալուրգում» է: Սոֆիայի ԲԿՄԱ-ից հրավերք ունի Գալուստ Պետրոսյանը,որի հարցը, հնարավոր է, լուծվի առաջիկա մի քանի օրում: Եթե ամեն ինչ լավ լինի, Գալուստը բուլղարացի բանակայինների հետ ուսումնամարզական հավաքի կմեկնի Իսպանիա: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել