«Զղջում եմ, որ վերադարձել եմ» Խոստովանում է երգչուհի Լուսինե Մարկոսյանը Հունվարի 24-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա Հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլի մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Լուսինե Մարկոսյանը։ – Արդյո՞ք «դավաճանություն» չէ նախընտրած ուղուց՝ հնագույն, հոգեւոր երաժշտությունից օպերային արվեստ շեղվելը։ – Մեկընդմիշտ հայտարարում եմ, որ ես օպերային երգչուհի եմ եւ մեղավոր չեմ, որ Ազգային օպերային թատրոնի նախկին ղեկավարությունը, չգիտես ինչու, չցանկացավ ինձ նույնիսկ լսել։ Կոնսերվատորիայում ու ասպիրանտուրայում իմ պրոֆեսորները՝ Տաթեւիկ Սազանդարյանն ու Արաքս Դավթյանը, պատրաստել էին ինձ որպես օպերային երգչուհի։ Ասածիս ապացույցը 1998-ին Երեւանի կոնսերվատորիայում ԱՄՆ-ից ժամանած արվեստագետների խմբի լսումներն էին, որոնց արդյունքում կատարելագործվեցի Նյու Յորքի Ջուլիարդի ակադեմիայում՝ պրոֆեսորներ Լեոնտին Պրայսի ու Ռոբերտ Ուայթի ղեկավարությամբ։ Անկեղծ ասած, անընդհատ հիշում եմ այդ ժամանակահատվածը ու բարձրաձայն ասում, այո, զղջում եմ, որ վերադարձել եմ։ Պատճառը հայրենասեր ամուսինս էր՝ դաշնակահար ու դիրիժոր Սեդրակ Երկանյանը։ Իսկ հնարավորություն ու առաջարկ կար երգել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» ու «Սիթի» օպերային թատրոններում։ Ինչ վերաբերում է արվեստի նախընտրած ուղուց «շեղվելուն», իմ կարծիքով, յուրաքանչյուր ազգի արվեստագետ, յուրացնելուց զատ, պետք է մեկնաբանի նաեւ իր ժողովրդի հոգեւոր երաժշտությունը։ Դա ներսիցդ, հոգուցդ բխող անբացատրելի մի բան է։ – Օպերային գրականության մեկնաբանման՝ ձեր ներսում եղած քաղցը ինչպե՞ս եք բավարարում։ – Հանդես եմ գալիս մենահամերգներով։ Օպերային գրականության քաղցը բավարարում եմ միայն ՀՊՖՆ-ի հետ, առայժմ։ 2001-ին ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգային կատարմամբ երգել եմ Աիդա՝ Վերդիի համանուն օպերայում, որն իմ ստեղծագործական կյանքում իսկական հեղափոխություն էր։ – Իսկ ֆինանսապե՞ս ինչպես եք «հագենում»։ – «Տաղարանից» ամսական ստանում եմ 2500 դրամ։ Բայց եթե անկեղծացել եմ այսչափ, սա էլ ասեմ՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներից ու գեղարվեստական ղեկավարից գոհ եմ ու շնորհակալ, իսկ նվագախմբի նախկին տնօրենից, մեղմ ասած՝ վիրավորված։ «Աիդայի» հոնորարի համար հազար անգամ գնացել եմ ու եկել, վերջը ստացել 400 դոլար։ Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ