Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՍԿ ԼԵՀԱՍՏԱ՞ՆԸ…»

Հունվար 23,2004 00:00

«ԻՍԿ ԼԵՀԱՍՏԱ՞ՆԸ…» Հիշու՞մ եք «Նապոլեոնը եւ Մարիսյան» ժամանակին հանրահայտ ֆիլմը, որից թեւավոր խոսք էր դարձել «Իսկ Լեհաստա՞նը» արտահայտությունը, երբ ֆրանսիացի կայսեր գիրկը նետված լեհուհուն իր երկրի իշխանները հորդորում էին կայսրից ինքնավարություն պոկել Լեհաստանի համար: Հայերիս հարցը դարձել է՝ բա Ղարաբա՞ղը… 1988 թվականից մինչեւ օրս հարցը արդիականությունը չի կորցնում: Այդ հարցին ի պատասխան՝ սպանություններ ու իշխանափոխություններ են լինում, այդ հարցին ի պատասխան՝ միջպետական քաղաքականություններ են մշակվում ու իրագործվում, շրջափակում ու տնտեսության քայքայում է լինում, արտագաղթ ու… «Իսկ Ղարաբա՞ղը» հարցը հատկապես սրվեց ու հանուրի համաձայնությամբ լռության մատնվեց 2003-ի ընտրությունների ընթացքում: Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամանակ այս հարցը դարձավ ռազմաշունչ ու պատերազմածին հայտարարությունների առիթ՝ նրանք պարտված կողմ են, եւ դա հասկանալի էր: Ընդ որում՝ թե իշխանությունը, թե ընդդիմությունը կողմ էին Ղարաբաղի հարցի ռազմական լուծմանը՝ գոնե հարայ-հրոցի մակարդակով: Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը պատերազմ չեն ուզում՝ ոչ հայտարարությունների, ոչ որեւէ այլ մակարդակով, բայց պատրաստ են պատերազմում հաղթանակը վերահաստատելու: Ղարաբաղը դարձել է ամեն ինչի փորձաքարը բոլորի համար: Հանուն Ղարաբաղի ընդդիմությունը հանդուրժում է իշխանությանը: Գոնե իր հայտարարությունների համաձայն: Հանուն Ղարաբաղի՝ ժողովուրդը սպասում է հարցի լուծմանը՝ նախքան… Բայց… Իշխանությունը իբրեւ հարցի լուծման միակ նախընտրելի տարբերակ ընտրել է հարցը չլուծելու տարբերակը: Պատահական չէ, որ 98-ից հետո հինգ տարի անց պաշտոնական մակարդակով շրջադարձ է արվում՝ հայտարարելու, որ հակամարտության կողմերը Ադրբեջանն ու Ղարաբաղն են, իսկ Հայաստանը լավագույնս հարմարվում է «Միմինոյի» հանրահայտ «ԽՑՏ ֆՑՏՑ տՏՑպՐտպՉՔՌռ»-ի դերին: Ու՝ վերջ: Մենք ուրիշ գործ չունենք: Խորհրդային Միությունը, որը հաղթել, ավելի շուտ ջախջախել էր Գերմանիային, ապրում էր նրանից հարյուրապատիկ վատ: Մենք էլ ենք հաղթել, բայց Ադրբեջանն ավելի լավ է ապրում, շատ ավելի լավ հեռանկարներ ունի, քան մենք: Մենք պետք է կանխենք իրադարձությունների այս վտանգավոր ընթացքը: Իսկ մենք առողջ, ամուր սաղարթախիտ ծառի բնին թթու կամ այլ չորացնող նյութեր ենք լցնում, որ ծառը չորանա, հետո պատճառաբանելով, թե էս չորացած ծառը խանգարում է առողջ ծառերի աճին՝ կտրում ենք: Կտրում ենք, որ տեղը ծախենք բուդկա-մուդկա դնողներին, որ փողի վրա նստած՝ փող չեն ուզում: Ճիշտ նույն քաղաքականությունը վարվում է մեր քաղաքական դաշտում: Ամերիկյան ողջ պատմությունն ապացուցում է, որ անգամ ամենաազատ հասարակությունն ու հասարակարգը չի կարող գոյություն ունենալ առանց ուժեղ, բայց ազգային ու հայրենասեր ղեկավարության: Մեզ եւս ուժեղ, բայց ազգային ու հայրենասեր ղեկավար է անհրաժեշտ: Շատ սխալ է նաեւ, որ մենք անընդհատ մեր իրավիճակը համեմատում ենք այլ երկրների, մասնավորապես Ամերիկայի հետ: Առավելեւս սխալ է, որ իբր թե անցումային շրջանում շատ բնական ենք համարում մեր ողբերգական, բայց ոչ երբեք անելանելի վիճակը: Ալան-թալանը, ամենաթողությունը: Քաղաքական սպանություններն ու հաշվեհարդարները: Նախ՝ նրանք նոր-նոր կազմակերպվող հասարակություն են եղել, ոչ թե մեզ նման նվազագույնը մի 100 տարի իրար հետ ապրած ու գոնե երկու պետական կարգ փոխած: Նրանք նոր էին նվաճում երկիրը: Երկրորդ՝ մեր տարածքն ու նրանց տարածքը կառավարելիության ու այլնի տեսակետից անհամեմատելի են: Երրորդ՝ նրանց երկիրը երբեք մոնոէթնիկ չի եղել: Նրանցից առաջ ոչ մի փորձ չի եղել, մենք ունենք բազում երկրների ոչ միայն փորձը, այլեւ շահագրգիռ աջակցությունը: Այսինքն՝ մենք միայն մի թերություն ունենք՝ նրանք ունեին, մենք չունենք իշխանություն, որն ուզում է ունենալ հզոր պետություն ու ուժեղ ժողովուրդ: Բա Ղարաբա՞ղը: Նույն շրջագծում: ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել