Ցուցանիշները փոխվում են Երեկ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նորիկ Ղուկասյանը հերքեց կրճատված ուսուցիչների թվի մասին մինչեւ վերջերս հնչած բոլոր հայտարարությունները: Հիշեցնենք՝ ԿԳ նախարարն իր տարեվերջյան ասուլիսում կրկնեց, որ մինչեւ սեպտեմբեր կրճատված 3600 ուսուցչին հունվարին կմիանա եւս 1000-ը: Սակայն Ն. Ղուկասյանը երեկ հայտնեց իր մոտավոր հաշվարկների արդյունքի մասին. «Իմ կանխագուշակմամբ, նոյեմբերից հունվար ամիսներին մոտ 1500-ը կկրճատվի, գուցե ավելի: Երբեք մենք չենք պլանավորում այսքան ուսուցիչ կրճատել, մենք պլանավորում ենք՝ դասարանի խտությունը հասցնել այսքանի: Եվ, վերջապես, դպրոցը ինքը պետք է որոշի՝ այդ ուսուցչին կրճատել, թե՞ չէ: Մենք պլանավորում ենք համակարգային ցուցանիշներ»: Մեր մոտավոր կանխագուշակմամբ էլ, այս համակարգային ցուցանիշների պլանավորմամբ, մի օր կտեսնենք, որ կրճատումների ընդհանուր թիվը հասել է 9-10 հազարի: Ինչպես գիտենք, «Կրթության որակի եւ համապատասխանության» ծրագրով կրճատված ուսուցիչներին ընդհանուր թվով 2 մլն դոլարի փոխհատուցում է սահմանված, որը կփոխանցվի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը: Իսկ թե ինչ մեխանիզմով կիրականացվի փոխհատուցումը, պարզ կդառնա մայիս ամսից ոչ շուտ: Վերոնշյալ ծրագրով նախատեսված է նաեւ 1/40-ի հասցնել դպրոցներում համակարգիչ-աշակերտ հարաբերակցությունը (այսինքն՝ 40 աշակերտի պետք է հասնի 1 համակարգիչ): Այսօրվա դրությամբ ցուցանիշը 1/360 է, եւ դրանով Հայաստանը աշխարհի ամենահետամնաց երկրների շարքում է: (Ամբողջ աշխարհի մակարդակով միջինը 1/25 է, Եվրոպայում՝ 1/7): Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայկական սոցիոլոգիական ընկերակցության նախագահ Գեւորգ Պողոսյանը, որը ներկայացրեց ընկերակցության հարցումները՝ արված բարեփոխումների ընթացքը եւ մասնակից կողմերի վերաբերմունքն ուսումնասիրելու նպատակով: Հարցումն իրականացվել է Երեւանի, Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում: Հարցմանը մասնակցել են 600 ուսուցիչ ու դպրոցների տնօրեններ: Տեղի են ունեցել նաեւ քննարկումներ՝ աշակերտների մասնակցությամբ, ինչպես նաեւ մասնագիտացված հարցազրույցներ են արվել փորձագետների հետ: Արդյունքում՝ ընկերակցությունը պարզել է, որ հիմնական դժգոհությունը եղել է այն, որ բարեփոխումների մասին տարածվող լրատվությունը բավարար չէ, իսկ օպտիմալացումն ընդհանրապես սխալ է հասկացվում հանրության մեջ: Ակնհայտ է եղել նաեւ անվստահությունը՝ բարեփոխումներն իրականացնող անմիջական օղակների հանդեպ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Սպասվում է, որ հունվարի 27-ին Վաշինգթոնում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը Համաշխարհային բանկի հետ կստորագրի կրթությանը վերաբերող նոր վարկային ծրագիրը: Կրթական նոր բարեփոխումների համար հատկացվելու է $20 միլիոն: