Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատել են սոցապահովության համար

Հունվար 23,2004 00:00

Աշխատել են սոցապահովության համար Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Աղվան Վարդանյանը երեկ կառավարության բրիֆինգին մասնակցող լրագրողներին երկու անգամ ճշտեց, հիշեցնելով, որ իրենց նախարարության անունը փոխվել է: «Առավոտի» հարցին, թե անունը փոխելու եւ ճշտելու նախարարի հետեւողականությունը նշանակու՞մ է արդյոք, որ Հայաստանում սոցիալական ապահովության խնդիր այլեւս գոյություն չունի եւ մնացել է ընդամենը կարգավորել որոշ սոցիալական հարցեր: Նախարար Վարդանյանը նշեց, որ, իհարկե, սոցիալական ապահովության խնդիր գոյություն ունի, եւ որ նոր անվանումը ընդգրկում է այդ բաղադրամասը եւս: Նրա պատմելով, երբ անվանափոխության ժամանակ քննարկվում էին հավանական տարբերակները, «տարբերակներից մեկն էլ այն էր, որ ինչպես Ռուսաստանում է, կոչվի Աշխատանքի եւ սոցիալական զարգացման նախարարություն, բայց ասացինք՝ մի քիչ շատ կլինի, մի քիչ շուտ կլինի՝ նկատի ունենալով հենց ձեր նշած նկատառումները»: Իսկ կառավարությունը երեկ ջանացել է, որ այդ «շատն» ու «շուտը» մոտեցնի: Նախարարը երեկ կառավարության նիստում զեկուցել էր հարց, որը նպաստների վճարման կարգում փոփոխություններ է նախատեսում: Այսինքն սոցիալական ծախսերի համար պետբյուջեով նախատեսված 16 միլիարդ դրամի 97 տոկոսը կվճարվի որպես նպաստ, այլ ոչ թե նախկինի նման 95 տոկոսը: Մնացածը վճարվում է որպես միանվագ օգնություն: Կառավարության գնահատմամբ, օգնությունները սահմանելիս սուբյեկտիվիզմի գործոնը մեծ է, այդ պատճառով էլ նվազեցվել է այդ եղանակով հատկացվող գումարների տոկոսային հարաբերությունը: Կառավարության երեկվա որոշմամբ հավասարեցվել է Հայաստանում եւ արտասահմանում աշխատող դիվանագետների աշխատավարձերի դրույքաչափերը: Մինչ այդ, կառավարության համար «անհասկանալի տարբերակում կար նրանց աշխատավարձերի միջեւ»: «Ազատություն» ռ/կ հարցին, թե ինչ կար անհասկանալի, չէ՞ որ Գերմանիայում եւ Հայաստանում ծախսերը միեւնույնը չեն, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը պատասխանեց ոչ ըստ էության: Նա երեկ զեկուցել էր կառավարության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների կատարման մասին: Պարզվում է, եղել են նաեւ միջոցառումներ, որոնք չեն կատարվել չֆինանսավորման պատճառով՝ այն դեպքում, երբ անցած տարվա պետբյուջեն կատարվել է ավելի, քան 100 տոկոսով: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել