ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ «ԶՈՀեՐ» Է ՊԱՀԱՆՋՈՒՄ Բնակիչներից 1 քմ-ն առնում են $200-ով, այնուհետեւ $1200-1600-ով նույն տարածքը վաճառում են մեծահարուստներին: ՀՀ կառավարության որոշմամբ, Երեւանում կառուցվող Հյուսիսային պողոտան անցնելու է Լալայանց փողոցի մի մասով եւ հիմա այնտեղ գոյություն ունեցող շինությունները ենթակա են քանդման՝ «պետական կարիքների համար» ձեւակերպմամբ: Առանց մանրամասնելու խնդրի էությունը, որը մեր թերթը մանրակրկիտ լուսաբանում է. հիշեցնենք, որ բնակիչները դժգոհ են այն փոխհատուցումներից, որոնք տրվում են իրենց կողմից ազատվող հողակտորների եւ շենքերի դիմաց, հարկ ենք համարում միայն տեղեկացնել, որ երեկ Լալայանց փողոցի բնակիչների մի հոծ խումբ՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց ցույց անելուց հետո, «գրավել» էր «Հանրապետություն» կուսակցության գրասենյակը: «Մենք եկել ենք կուսակցությունից խնդրենք, որ մեզ օգնեն, որովհետեւ մենք ուրիշ ոչ մեկից օգնության ակնկալիք չունենք»,- կուսակցության գործիչների հետ հանդիպումից հետո պարզաբանեց Ջուլիա Պողոսյանը: Մեր այն հարցին, թե ինչ օգնություն էին ակնկալում կուսակցությունից եւ արդյո՞ք օգնելու հավաստիացումներ ստացան, վերջինս ասաց. «Թեկուզ օգնեն՝ համապատասխան իրավաբանական օգնություն ստանալու հարցում, որովհետեւ մեզ մեր տներից վտարում են, բայց ինչպես դրա դեմ պայքարել՝ չգիտենք: Փոխարենը կառավարությունը մեզ առաջարկում է չնչին գումար, որով մենք կարող ենք ոչ թե ծայրամասում բնակարան, այլ՝ միայն երկաթե ավտոտնակ գնել: Կուսակցությունում մեզ խոստացել են օգնել, բայց արդյո՞ք արդյունքի կհասնեն՝ դժվար է ասել, որովհետեւ իրենք էլ, մեզ նման, լծակներ չունեն»: Այսօր սեփական տնից վտարվող քաղաքացիներից մեկի գործով դատավարություն է նշանակված, բայց նրանցից ոչ ոք առանձնակի պատրանքներ չունի դատարանի կայացրած որոշումների վերաբերյալ. «Դատարաններում էլ որոշումներ են գրվում, իհարկե, ի վնաս մեզ ու էնպիսին, որը կառավարությունն է ուզում: Մենք շատ ուրախ ենք, որ Հյուսիսային պողոտա է լինելու, բայց այդ տարածքում կառուցվում են բնակարաններ, իսկ մեզ չեն տալիս: Մեր ասածն այն է, որ եթե նույն տեղում մեզ բնակարաններ չեն տալիս, մոտակայքում, Կենտրոնում թող մեզ բնակարանով ապահովեն: Մենք ուրիշ բան չենք ուզում»,- ասաց Ջ.Պողոսյանը: Իսկ ՍԻՄ խորհրդի անդամ Վաչագան Հակոբյանն էլ, որ Լալայանց փողոցի բնակիչներից մեկն է, հավելեց, որ երբ դիմում են «Արդին» կոչվող գնահատող կազմակերպությանը՝ ճշտելու, թե ինչ չափանիշներով են գնահատվել տները՝ հրաժարվում են փաստաթուղթ, հաշվարկ ներկայացնել՝ ասում են, որ այդ դեպքում իրենց գործից կհանեն»: Ըստ պրն Հակոբյանի, այսպես ստացվում է, որ «Կենտրոնում 1քմ տարածքը մինչեւ 200 դոլարով տալիս են բնակչին, հետո իրենք 1200-1600 դոլարով վաճառում էն մարդկանց, էն հարուստներին, ովքեր պետք է այդ տեղում շինություններ կառուցեն: Սա մոտ 1000 դոլարի տարբերություն է կազմում: Սա կոռուպցիա չի՝ ի՞նչ է»: Ըստ «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ Արամ Սարգսյանի, «սկսած կադաստրից մինչեւ դատական ատյաններ, պարզապես շատ կոպիտ եւ բիրտ են վերաբերվում նրանց, կարծես նրանք էդ տարածքը բռնազավթած թշնամու հետ գործ ունեն: Փորձելու ենք այդ խնդիրը հանրության ուշադրության կենտրոնում պահել, նաեւ իրավական հարթության մեջ այս խնդրին հետամուտ լինել, ինչու չէ այդ մասին բարձրաձայնել նաեւ՝ ՀՀ-ում ներկայացված եվրոպական կազմակերպություններում: Հակառակ դեպքում, մարդկանց այլ բան անել, քան լքել հայրենիքը՝ չի մնում: Իսկ մեր յուրաքանաչյուր քաղաքացու մեկնումը Հայաստանից երկրի համար մեծ կորուստ է»: Ի դեպ, ՀՀ կառավարության որոշման համաձայն, 2004-ի հունվարի 1-ից մասնավորապես Երեւանի՝ գոտիների բաժանված համայնքներում, անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրացել է. Կենտրոն համայնքում՝ 25 անգամ, նախկին 1քմ. տարածքի դիմաց 5 դոլարը դարձել է 125 դոլար: Սակայն միանգամայն հասկանալի նկատառումներից ելնելով՝ որոշման մեջ հատուկ նշված է, որ դա չի վերաբերում Հյուսիսային պողոտային, ինչը նշանակում է, որ Լալայանց փողոցի բնակիչները փոխհատուցումը ստանալու են նախկին գներով, իսկ նոր սեփականություն ձեռք են բերելու նոր գներով: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Հ. Գ. Երեկ, ավելի վաղ, կառավարության շենքի առաջ Կենտրոն համայնքի Լալայանց փողոցի բնակիչները բողոքի ցույց էին կազմակերպել։ Նախորդ օրը «Հյուսիսային պողոտա եւ Կասկադ» ԾԻԳ-ից լալայանցիներին տեղեկացրել էին, որ կառավարությունը պետք է քննարկի իրացվող տների փոխհատուցման կարգը։ Բնակիչների տեղեկություններով, քննարկման արդյունքում կառավարությունը փոխհատուցման կարգից պետք է դուրս թողներ քանդվող տան դիմաց բնակարանով փոխհատուցելու կետը, թողնելով միայն դրամական փոխհատուցումը։ Մոտ մեկ ժամ լրատվամիջոցներին իրենց հոգսը պատմելուց հետո ցուցարարները հեռացան, որովհետեւ Կառավարության աշխատակազմից ոչ ոք նրանցով չհետաքրքրվեց։ Ավելի ուշ Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ այդ օրվա նիստում նման հարց չի քննարկվել։ Իսկ «Հյուսիսային պողոտա եւ Կասկադ» ԾԻԳ-ի փոխտնօրեն Վիգեն Արզումանյանը հերքեց բնակիչների այն հայտարարությունը, թե իբր ԾԻԳ-ից որեւէ մեկը վերոնշյալ փոփոխության մասին հայտարարություն է արել: