Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԶՈՒՄ ԵՆ ԿԻՍԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻՆ

Հունվար 23,2004 00:00

ՈՒԶՈՒՄ ԵՆ ԿԻՍԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻՆ «Ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հասարակայնությունը պատրաստ չէ փոխզիջումների»: Այսպիսի կարծիք է հայտնել ադրբեջանցի անկախ քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն՝ Բաքվի «Զերկալո» թերթում հրապարակված հարցազրույցում: Վերջինիս խոսքերով, «Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը մտել է փակուղի, եւ ներկայիս քաղաքական իրողությունների համատեքստում այդ խնդրի կարգավորումն անհնար է թվում»: Այսօր ուժերի գոյություն ունեցող հարաբերակցության պայմաններում «հնարավոր չէ հակամարտության այնպիսի լուծում, որը կբավարարեր բոլոր կողմերին»,- հավելել է Ալիզադեն: Ադրբեջանցի քաղաքագետը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, որը, նրա կարծիքով, «արդար հիմունքներով հակամարտությունը լուծելու փոխարեն խնդրի կարգավորումն ամբողջովին թողել է հակամարտող կողմերին, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանն օկուպացիայի զոհ է»: Ալիզադեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սեփական տարբերակն է առաջադրում: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է կապեր հաստատել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ եւ հասնել «նրանց բաժանմանը երկու մասի»: Ապա, քաղաքագետի սցենարով, ենթադրվում է Բաքու հրավիրել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ լոյալ մասին եւ նրանց հետ տնտեսական կապեր հաստատել: Միեւնույն ժամանակ, Զարդուշտ Ալիզադեն համարում է, որ Ադրբեջանը պետք է ավելացնի պաշտպանական արդյունաբերության ծախսերը, քանի որ ներկայումս այդ ոլորտին ուղղորդվում է պետական բյուջեի ծախսերի ընդամենը 9 տոկոսը, այն դեպքում, երբ, օրինակ, Իսրայելում պաշտպանական ծախսերը կազմում են 40 տոկոս: «Ի վերջո, Լեռնային Ղարաբաղը մեր հողն է, եւ մենք լիակատար իրավունք ունենք այն ազատագրել ռազմական ճանապարհով»,- եզրափակում է ադրբեջանցի քաղաքագետը: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել