Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔՆ ԱՐԴԵՆ ԴՐՍԵՎՈՐՎԱԾ Է»

Հունվար 23,2004 00:00

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔՆ ԱՐԴԵՆ ԴՐՍԵՎՈՐՎԱԾ Է» Վստահեցնում է ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը – «Եվրախորհրդի հակակոռուպցիոն գործիքներ» սեմինարի ժամանակ բանավեճ ծավալվեց հակակոռուպցիոն մարմին ստեղծելու շուրջ։ Արդյո՞ք որեւէ նոր մարմնի ստեղծումը կարող է արդյունավետ լինել, երբ բազմաթիվ չգործող մարմիններ կան։ – Ուզում եմ անդրադառնալ ձեր հարցի մեջ հնչած արդյունավետության հավակնությանը։ Մարմնի ստեղծումը եւ չստեղծումը պետք է պայմանավորված լինի դրա հնարավոր արդյունավետ աշխատանքով։ Այս մասին խոսելիս պետք է գնահատենք՝ արդյո՞ք այսօր գոյություն ունեցող այդ մարմինները, որոնցից յուրաքանչյուրի գործառույթի մեջ որոշակի բաժին է կազմում նաեւ հակակոռուպցիոն պայքարը, իրենց աշխատանքով ապահովում են այն արդյունավետությունը, որ մենք ակնկալում ենք։ Թե՞, այնուամենայնիվ, առանձին, հստակ, նպատակաուղղված, համակարգող մարմնի ստեղծումը ավելի արդյունավետ կլինի հակակոռուպցիոն պայքարի համար։ – Այնուամենայնիվ, ո՞ւմ դեմ է ուղղված հակակոռուպցիոն պայքարը, երբ դատախազն իր հերթին է հայտարարում, թե դատախազությունում կոռուպցիա չկա, ոստիկանապետի տեղակալը՝ իր հերթին, պաշտպանության նախարարը նույնն է ասում բանակի մասին, դուք էլ, կարծեմ, մի առիթով ասել էիք, թե նախագահականում չեք շփվել կոռուպցիայի հետ։ Ուրեմն որտե՞ղ եք փնտրում կոռուպցիան։ – Մտահոգությունը, որ երկրում կոռուպցիան կրում է համակարգային բնույթ, արտահայտված է կառավարության գործունեության ծրագրում եւ նշված է, որ կոռուպցիան սպառնում է ազգային անվտանգությանը։ Երկրի նախագահը նշանակել է խորհրդական հակակոռուպցիոն քաղաքականության մշակման հարցերով։ Այս ամենը նշանակում է, որ իշխանության բոլոր թեւերում առկա է մտահոգություն կոռուպցիայի ընդունած չափերի մասին։ Հասկանում եմ յուրաքանչյուր ոլորտի պատասխանատուների հայտարարությունները, թե իրենց ոլորտներից կոռուպցիան բացակայում է։ Չեմ ուզում մեկնաբանել դրանք։ Բայց այն ընդհանուր մտահոգությունը, որ արտահայտվում է, նշանակում է, որ մենք պետք է հստակ քայլեր ձեռնարկենք։ – Ձեր հաշվարկներով, այդ հստակ քայլերը ե՞րբ կոնկրետ արդյունքների կբերեն։ Կարո՞ղ եք ասել ինչքան ժամանակից հետո կոռուպցիան կպակասի։ – Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական ծրագրում արձանագրված են մի քանի սկզբունքներ, որոնցից ամենակարեւորները ծրագրի անընդհատությունը եւ շարունակականությունն են։ Վստահեցնում եմ, որ նույնիսկ այն դեպքում, երբ թվում է, թե կոռուպցիայի ծավալի նվազեցման համար արված են բոլոր քայլերը, այս երեւույթը նոր ձեւով է ներկայանում։ Այսինքն, ինչ-որ սողանցքեր գտնվում են։ Այս երեւույթի դեմ պայքարը ենթադրում է հետեւողականություն, նպատակաուղղվածություն եւ պայքարի շարունակականության վճռականություն։ Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու։ Կարելի է վախեցնել ինչ-որ մարդկանց, մի քանիսին ձերբակալել կաշառակերության համար, բայց դրանից երեւույթը չի նահանջի։ Ընդհակառակը, մենք ավելի շատ պետք է աշխատենք կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ, ստեղծման պատճառների հետազոտությամբ եւ վերացմամբ։ – Մինչ դուք կփնտրեք կանխարգելման միջոցները, ժողովրդական ասացվածքը հաստատում է, որ ձուկը գլխից է հոտում։ Այսինքն, կոռուպցիան սկսվում է վերեւներից, ավելի ճիշտ չէ՞ր լինի կանխարգելումը եւս սկսել այդտեղից։ – Միանշանակ համաձայն եմ ժողովրդական ասացվածքի հետ՝ ձուկն այսօր ամբողջությամբ է հոտած։ Այո, հասարակության մեջ այսօր կոռուպցիան համատարած երեւույթ է, որի մեջ ընդգրկված են ոչ միայն իշխանության բարձր օղակները, ոչ միայն միջին, այլեւ՝ ցածր օղակները, որոնք ամեն օր շփվում են հասարակության հետ եւ ամբողջ հասարակությունը, փաստորեն, վարակված է այդ ախտով։ Խոսել միայն այն մասին, որ ձուկը սկսում է հոտել գլխից, ուրեմն պետք է պայքարը սկսել գլխից՝ ճիշտ չէ, քանի որ երեւույթը տարածված է ամբողջ հասարակության մեջ։ Մենք պետք է հետեւողական պայքար մղենք երեւույթի բոլոր դրսեւորումների դեմ, բոլոր ոլորտներում եւ շերտերում։ Առաջին հերթին՝ հասարակության դաստիարակմամբ, երկրորդ հերթին՝ իշխանության քաղաքական կամքի արտահայտմամբ եւ հետեւողական իրագործմամբ։ – Իսկ կլինի՞ այդ կամքը։ – Ես ասացի, որ այդ կամքն արդեն արտահայտվել է եւ բազմաթիվ դրսեւորումներ է ստացել։ Հակակոռուպցիոն պայքարը չի կարող հաջողություն ունենալ, եթե ամբողջ հասարակությունը սա չհամարի իր գործը։ Սա մի խումբ մարդկանց գործ չէ, այլ ամբողջ հասարակության։ Եթե հասարակությունը լծվի իր միջից այդ հիվանդությունը հեռացնելու գործին, ապա հաջողությունն ապահովված կլինի։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել